Լրահոս
Օրվա լրահոսը

«Նատուրալն» ընդդեմ «հակահամարակալողի»

Մարտ 31,2009 00:00

\"\"Կամ չստացված բանավեճ՝ սեռական փոքրամասնությունների մասին

Մշտապես մարդկային համարակալման դեմ պայքարող Խաչիկ Ստամբոլցյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը եւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը երեկ փորձում էին բանավիճել սեռական փոքրամասնությունների թեմայով: Բանավեճը ոչ մի կերպ չէր ստացվում, որովհետեւ նախ հյուրերից յուրաքանչյուրը, ինքնագովազդով զբաղված, հեռանում էր բուն թեմայից, եւ հետո Խ. Ստամբոլցյանը անընդհատ ընդհատում էր Մ. Դանիելյանին՝ օտարերկրյա գործակալ անվանելով:

Խ. Ստամբոլցյանը պնդում էր, թե ինքը, կենսաֆիզիկոս լինելով, գիտի, որ միասեռականությունը հորմոնալ խախտումներով չի պայմանավորված. «Դա ուղղակի վարժանք է, վատ սովորություն, ինչպես անառակ, այնպես էլ՝ միասեռական չեն ծնվում…»: Նրա խորին համոզմամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առաջացման եւ տարածման մեղավորն էլ միասեռականներն են ու Ամերիկան, որ թույլ է տվել նրանց ամուսնանալ իրար հետ: «Առավոտը» հիշեցրեց պարոն Ստամբոլցյանի՝ նախորդ ասուլիսում արած այն հայտարարությունը, թե ըստ Ավիցենայի՝ միասեռականներին մահակը կփրկի ու հետաքրքրվեց՝ արդյո՞ք դեռ նույն կարծիքին է: Խ. Ստամբոլցյանի խոսքով. «Մահակին կողմնակից չեմ… աստվածային պատվիրաններին եմ կողմնակից՝ մի գողացիր, մի շնացիր…»: Նա այս անգամ էլ Հին ուխտը հիշեց ու ասաց, որ այնտեղ մի օրենք կա, ըստ որի՝ միասեռականները մահապարտ են հռչակվել:

Մ. Դանիելյանը ռեպլիկ արեց, թե միասեռականների եւ Աստվածաշնչի մասին խոսելիս, պիտի ավելի կարեւոր պատվիրան հիշել՝ մի սպանիր. «Կարծեմ թե մարտի 1-ին արվամոլները չէին սպանում»: Նաեւ հավելեց. «Պետք չէ նրանց պրոբլեմ դարձնել: Ամեն երկրում էլ ծնվում է 5-7% արվամոլ եւ լեսբուհի: Մայր բնությունն է այդպես որոշել, ոչ թե ես…»:

Այս խոսքի վրա Ստամբոլցյանը «պայթեց». «Կարող ա՞ պոռնիկ էլ են ծնվում 5-7%, ինչո՞ւ եք միասեռականներին պաշտպանում»: Նախորդ բանախոսն ասաց, որ տվյալ պարագայում խոսքը պոռնիկների մասին չէ, եւ հետո. «Պարոն Ստամբոլցյան, ես նատուրալ եմ, վերջապես իմացեք էդ բանը»: Այստեղ էլ լրագրողների ծիծաղը պայթեց: Ստամբոլցյանը նորից բռնկվեց. «Դուք այնքան նատուրալ եք, օտարերկրյա գործակալ եք, Ղարաբաղը համարում եք գրավյալ տարածք, օտարերկրյա բոլոր գրասենյակները լրտեսական ցանց են Հայաստանում, որոնք պղծում են մեզ»:

Մ. Դանիելյանը անիմաստ էր համարում բանավեճը շարունակել: Նա ասաց, որ մարդ պիտի հանդուրժող լինի ոչ միայն միասեռականների, այլեւ բոլորի հանդեպ. «Թող ապրեն իրենց համար, եթե ոչ ոքի չեն խանգարում: Ախր նրանք չեն կարող ազդեցություն ունենալ մարդկանց վրա, եթե մարդ ինքը չի ուզում: Ձեր կարծիքով, ո՞րն է ավելի վատ, եթե ազգում իրա՞ր են սպանում, թե՞ արվամոլներ են»: Ստամբոլցյանը նրան նորից գործակալ համարեց, հիշեցրեց իր պահած ձայնագրությունների մասին, Դանիելյանն էլ, թե՝ «Վերջը դատի եմ տալու, հա՜…»: Ասուլիսին ներկա Հ. Մեսրոբյանի ձեւակերպմամբ, ոչ մեկին չխանգարելը իրավական նորմ չէ. «Եկեք մարդկանց չբացատրենք ու չհասկացնենք մի բան, մեղմացնելով այն՝ չխանգարել բառով»: Նա նաեւ ասաց, որ չպետք է համասեռամոլներին ու մյուսներին հատուկ առանձնացնել եւ ազգը պառակտել, վերածելով ըստ հետաքրքրությունների՝ ակումբների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել