Իսպանական Մանսարարես-էլ-Ռեալ քաղաքի բնակիչները հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել այս տարի ցլամարտ չանցկացնելու օգտին: 52%-ը արտահայտվել է կորիդային դեմ, 35%-ը՝ կողմ, եւս 13%-ը կողմնակից էր փոխզիջումային լուծմանը՝ անցկացնել ցլամարտ, սակայն ավելի համեստ ծրագրով՝ տնտեսելով գումարները: Հանրաքվեի արդյունքները բուռն զայրույթ են առաջացրել կորիդայի երկրպագուների շրջանում, որոնք այդ միջոցառումը համարում են իսպանական հասարակական կյանքի եւ մշակույթի անբաժանելի մաս: Բացի այդ, նրանք նշում են, որ քվեարկությանը ներկայացել է քաղաքի բնակչության ընդամենը 22%-ը եւ դա չի կարող համարվել ժողովրդի վերջնական վճիռը: Այս տարի ցլամարտ չանցկացնելու առաջարկությամբ հանդես է եկել քաղաքապետը, պատճառ բերելով, որ տոնախմբությունների անցկացումը կարող է անուղղելի հարված հասցնել քաղաքի բյուջեին: Քաղաքապետարանի հաշվարկներով, կորիդայի վրա անհրաժեշտ է ծախսել առնվազն 120 հազար եվրո, որը կազմում է բյուջեի 1/4-ը: Ինչպես հաղորդում է BBC-ն, քաղաքապետը կանգնած է բարդ ընտրության առաջ, քանի որ ցլամարտի կողմնակիցների ցասումը կարող է հարցականի տակ դնել իր կարիերան: