Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբեք մի դարձեք գործիք

Մարտ 31,2009 00:00

\"\"Իր ուսանողներին եւ ընթերցողներին խորհուրդ է տալիս մեր գործընկեր, «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ Էդիկ Բաղդասարյանն՝ իր նոր գրքում:

«Իմ ամենակարեւոր խորհուրդը նրանց, ովքեր պատրաստվում են դառնալ լրագրող եւ իրենց նվիրել հասարակությանը ծառայելու գործին՝ երբեք մի՛ դարձեք գործիք եւ թույլ մի՛ տվեք, որ ձեզ օգտագործեն: Շատերը կարող են ձեզ տեղեկություններ «առաջարկել»՝ այս կամ այն պաշտոնյային վարկաբեկելու նպատակով: Մի՛ կատարեք պատվիրված հետաքննություններ: Բավական է մի անգամ դա անեք, կկրկնեք երկրորդ, երրորդ անգամ, կզրկվեք ձեր գործընկերների եւ հատկապես ընթերցողների վստահությունն ու հարգանքը նվաճելու հնարավորությունից». իր նոր գրքում սա է խորհուրդ տալիս մեր գործընկեր Էդիկ Բաղդասարյանը բոլորիս՝ լրագրողներին:

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Չարենցի անվան սրահում երեկ տեղի ունեցավ հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ, «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի «Հետաքննական լրագրություն. հայկական փորձը» գրքի շնորհանդեսը: Սա իր տեսակով տարբերվում էր իմ տեսած այլ շնորհանդեսներից, քանի որ հեղինակը որոշել էր իր գիրքն առաջինը ներկայացնել իր ուսանողներին՝ նրանց, ովքեր սովորում են ժուռնալիստիկայի ֆակուլտետում եւ ձգտում են դառնալ լրագրող: Իսկ դահլիճում ներկա ուսանողները չէին էլ թաքցնում, որ սիրում եւ գնահատում են իրենց ավագ ընկերոջը եւ վստահում են նրա խոսքին: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները գրքի մասին արդեն երեկ սկսեցին խոսել որպես իրենց նոր դասագրքի: Բացատրելով, որ իրական հետաքննական նյութը գրելու նպատակով հեղինակը բավականին շատ տեղեկություններ է հավաքում, սակայն բուն նյութում օգտագործում է դրանց շատ չնչին մասը, Էդիկ Բաղդասարյանը ասաց, որ հետագայում, երբ հոդված ես գրում այդ հետաքննական աշխատանքի մասին, ապա դա ավելի հետաքրքիր նյութ է դառնում, քան բուն հետաքննական հոդվածը: Իր գիրքը հեղինակը համարեց «կիսատ գիրք» եւ բացատրեց, թե ինչու է այդպես կարծում. «Սա համարում եմ, որ իմ առաջին քայլն է, եւ գուցե մի երկու տարի հետո ավելի մեծ գիրք գրելու հնարավորություն ունենամ»:

Ապագա լրագրողներին մի քանի խորհուրդ տվեց, օրինակ՝ երբեք չենթարկվել «պարտադրված կեղտին», որն այսօր պատահում է մեր լրագրության մեջ:

Ասաց նաեւ, որ այսօր ամեն ինչի մեջ մեղադրում են լրագրողներին. «Ես կուզենայի, որ երկրում ձեռքբերումները կապեին լրագրության հետ, կապեին լրագրողների հետ, որովհետեւ, եթե մենք ինչ-որ բանի հասնում ենք, հասնեինք նաեւ մեր լրագրությամբ, որովհետեւ հասարակության մեջ առաջնորդողը իսկապես լրագրողներն են, եւ հատկապես համալսարանի մեջ առաջատարը պետք է լինի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Դժբախտաբար, այդպես չի, եւ չեմ հասկանում, թե ինչու այդպես չի»: Մեկ այլ խորհուրդ եւս հնչեց՝ լրագրությամբ զբաղվելու դեպքում զբաղվել միայն դրանով եւ չդառնալ քաղաքականության մաս:

«Ես պարտավոր եմ հաղորդել այն ամենը, ինչ պատմում են, բայց այդ ամենին հավատալ, իհարկե, ես պարտավոր չեմ».- Էդիկ Բաղդասարյանը, մեջբերելով մ.թ.ա. 5-րդ դարի մտածող Հերոդոտեսի այս միտքը՝ թերեւս փորձել է ներկայացնել լրագրության հիմնական անելիքը՝ ներկայացնել իրականությունը, առանց ազդելու այդ իրականության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել