Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՊՐՈՑԸ ՉՊԻՏԻ ԿԱՌՉԻ ԳԹԿ-ԻՑ»

Մարտ 31,2009 00:00

\"\"Թիվ 145 դպրոցի մանկավարժական խորհուրդը ԳԹԿ-ի ներկայությամբ վերլուծել է ընթացիկ գնահատման արդյունքները:

Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի մանկավարժական խորհուրդը նախորդ շաբաթ նիստ էր հրավիրել, որին, բացի դպրոցի ուսուցչական, ծնողական կազմի ներկայացուցիչներից, մասնակցում էին քաղաքապետարանի կրթության վարչության եւ ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցներ: Դպրոցի ուսուցչական կազմը վերլուծել էր մարտի սկզբին ԳԹԿ-ի կազմած թեստերով անցկացված ընթացիկ ստուգումները եւ, փոխանակ լուսանցքներում դժգոհելու ԳԹԿ-ից, որոշել էին անձամբ պատասխանատուներին հայտնել դիտարկումները: Կայացել էր բավականին հետաքրքիր քննարկում: Քննարկման մասին ԳԹԿ-ի տեսակետն «Առավոտին» ներկայացրեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը. «Սա վկայում է այն մասին, որ հնարավոր է հետադարձ կապ ապահովել դպրոց-ԿԳՆ, դպրոց-ԳԹԿ ուղղություններով՝ առանց այլեւայլ քաշքշուկների»: Հետո նկատեց. «Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ թեստեր գրելիս ցանկալի է նաեւ ուսուցիչներ հրավիրվեն՝ հաշվի առնելու համար նրանց դիտարկումները»:

«Առավոտը» զրուցեց նաեւ թիվ 145 դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Ժաննա Թադեւոսյանի հետ: Տիկին Թադեւոսյանի խոսքով՝ ընթացիկ ստուգումների նախաձեռնությունը գովելի է, եւ մի քանի տարի հետո դպրոցները ոչ թե պիտի «կառչեն» ԳԹԿ-ից, այլ այդ կառույցի մասնագետների կազմած թեստերը նրանց համար դառնան ընթացիկ գնահատման աշխատանքներ իրականացնելու համար բազա: Տնօրենը նաեւ նկատեց. «Բոլոր տեխնիկական պայմաններն ունենալու դեպքում էլ գործընթացն իրականացնելը բարդ է, էլ չեմ խոսում այն դպրոցների մասին, որոնք չունեն դրանք: Օրինակ՝ թեստերի պատճենահանման համար դպրոցը ծախսում է 80-100 հազար դրամ: Դպրոցի բյուջեն բավարարում է այդ ծախսերին, բայց դա տեսականորեն՝ հնարավոր, գործնականում անլուծելի հարց է: Ամեն առավոտ դպրոցի բյուջեից ինչպե՞ս կարող եմ պատճենահանման համար 8-12 հազար դրամ հանել, ինչպե՞ս պիտի կատարվի փոխանցումը: Ուստի, ավելի լավ է, դպրոցն իր բյուջեից փոխանցում կատարի մի օղակ, որտեղից էլ տնօրեններով առավոտյան գնանք՝ թեստերը վերցնենք»:

Իսկ պատճենահանման աշխատանքների հետ կապված՝ ԳԹԿ ֆիզիկայի գլխավոր մասնագետ Արամ Ծատուրյանն ասաց. «Տնօրենները խորհուրդների հետ բյուջեն քննարկելիս պիտի մի կետ հատկացնեն այսպիսի հարցերի համար: Թե չէ, նրանց պատկերացմամբ՝ պետության տված գումարները միայն պիտի ծախսվեն գրասենյակային պիտույքների գնման եւ շենքը պետք եղած դեպքում վերանորոգելու համար»: Անցնելով թեստերին եւ դրանց համար հատկացված ժամանակահատվածին՝ Ժ. Թադեւոսյանը նկատեց. «Մեր թեստերը կազմված էին ծրագրի սահմաններում: Բայց երբ համեմատեցինք Ռուսաստանում օգտագործվող թեստերի հետ, տեսանք, որ դրանց առաջադրանքներն ավելի քիչ են, բայց հատկացված ժամանակը՝ ավելի շատ: Ուստի խնդրում ենք հատկացվող ժամանակահատվածը երկարացնել: Մաթեմատիկայի թեստը դպրոցի ամենալավ մասնագետը լուծել է մոտ 2 ժամում, իսկ աշակերտին հատկացված է 3 ժամ, այսինքն՝ ամեն առաջադրանքի համար մնում է 2.2 րոպե: ԳԹԿ-ից պատճառաբանեցին՝ եթե ավելի շատ ժամանակ հատկացնեն՝ երեխաները կսկսեն արտագրել: Մի՞թե արտագրելու համար պիտի կորցնենք լավագույն աշակերտի՝ թեստը լավ լուծելու հնարավորությունները: Թող 8 տարբերակ դնեն, որ արտագրելու հնարավորությունը մինիմումի հասցվի»:

Նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանը նկատեց. «Թեստում ընդգրկված առաջադրանքները նուրբ մտածողություն էին պահանջում: Ըստ էության՝ ամփոփիչ գրավոր աշխատանքը պիտի ստուգի ոչ թե աշակերտի առավելագույն կարողությունը, այլ նրա մնացորդային գիտելիքը, ինչն ապահովեց ֆիզիկայի թեստի կառուցվածքը»: Պատմության ուսուցչուհի Սուսաննա Համբարյանն էլ նշեց. «8-րդ դասարանի թեստերը մատչելի էին, բացառությամբ որոշ հարցերի, որոնք ծրագրային էին, բայց ավելի ուշ պիտի անցնեինք: 9-րդ դասարանում թեստը նման էր քննական գրավորի, այն էլ՝ չնախատեսված, քանի որ դրա 93%-ը կազմում էր նախորդ տարիների ուսումնասիրած նյութը, որը նպատակահարմար չէր: Եթե խնդիրը աշակերտի մնացորդային գիտելիքը ստուգելն էր, ապա կարելի էր թեստը կազմել 30/70 կամ 50/50 հարաբերակցությամբ: 11-րդ դասարանի թեստի «Բ» տարբերակում տրամաբանությունը ստուգող առաջադրանքներ կային, իսկ «Ա» տարբերակի առաջադրանքները հիմնված էին աշակերտի հիշողության վրա: Սակայն լավ կլիներ, որ առաջադրանքները ստուգեին աշակերտի կարողությունները, քան հիշողությունը»:

Թիվ 145-ի ուսուցիչները ԳԹԿ-ի թեստերով «մինի» ատեստավորում են անցել: Ուսուցիչների արդյունքներից տնօրենը գոհ է, իսկ աշակերտների «մասով»՝ դպրոցի միջին որակը տատանվել է 20-27%-ի սահմաններում. «Որոշ լավ դասարաններում որակը 0 ստացվեց, ինչը խորհելու տեղիք տվեց: Ուսուցիչների կարծիքներից պարզ դարձավ, որ պատճառը ԳԹԿ-ի՝ ժամանակացույցի սխալ կազմելն էր: Աշակերտը հոգնել էր, 3 օր առանց հանգստի գրավոր էր գրում, մինչդեռ կարող էր շաբաթը 2 անգամ գրել: Մյուս կողմից էլ՝ թեստն աշակերտին հասավ 4-րդ ժամից հետո, իսկ նա արդեն հոգնած էր: Բայց երբ մեկ շաբաթ հետո 1-ին ժամին այդ դասարաններում հանձնարարեցինք նույն գրավոր աշխատանքը, ավելի բարձր արդյունքներ գրանցվեցին: Ուստի, կարելի է կիսամյակի վերջում հայտարարել ստուգարքային շաբաթ՝ նման խնդիրներից խուսափելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել