«Հրազդան» տոնավաճառի տնօրինությունը 30 հազար դրամով նվազեցրել է տեղի վարձավճարի գումարը, սակայն արդեն փոշմանել է այդ «բարեգութ» քայլի համար:
«Հրազդան» տոնավաճառի առեւտրականների գործադուլի գաղափարը նախորդ շաբաթ «վարակեց» նաեւ «Սուրմալուի» առեւտրականներին, որոնք եւս, հետեւելով «հրազդանցիների» օրինակին, փակեցին տաղավարներն ու որոշեցին բողոքել ղեկավարության դեմ: Ուշագրավ է, բացի այն, որ տոնավաճառների աշխատակիցները պահանջում էին մինչեւ վերջին աշխատած կոպեկը «չքամել» իրենց ու նվազեցնել տեղի համար գանձվող գումարը, նրանք բարձրաձայնեցին նաեւ, որ շուկաների սեփականատերերը խաբում են ոչ միայն իրենց, այլ նաեւ Հարկային ծառայությանը: Իրենց իսկ խոսքերով, «դանակը ոսկորներին հասած» առեւտրականները բարձրաձայնեցին, որ իրենք վարձակալության պայմանագրերը գործատուի հետ կնքում են մի գնով, սակայն նրանց բոլորովին այլ գումար են վճարում: «Առավոտը» այս մեղադրանքների առնչությամբ զրուցեց գործադուլ հայտարարած տոնավաճառների տնօրենների հետ:
«Սուրմալու» տոնավաճառի տնօրեն Երվանդ Սուքիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ամսական վճարում են 5150 դրամ հաստատագրված հարկ, իսկ առեւտրականներին տարածքը տրվում է 1քմ-ն միջինը 7 հազար դրամով՝ կախված նրանից, թե տվյալ տարածքը տոնավաճառի որ հատվածում է գտնվում: Ըստ Ե. Սուքիասյանի, տեղի վարձի առավելագույն չափը 1 քմ-ի դիմաց 10 հազար դրամ է: Ի պատասխան մեր այն հարցին, թե տոնավաճառի ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է ընդառաջել աշխատակիցներին եւ նվազեցնել տեղի վարձը, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Ես իմ ժողովրդի հետ առանձին զրուցել եմ, եւ այսօր կամ վաղը կլուծենք նրանց խնդիրը: Մենք զիջումների կգնանք: Մենք գիտակցում ենք, որ եթե մեր վարձակալները չաշխատեն, մենք էլ չենք կարող աշխատել, այսինքն՝ վատ կլինի եւ իրենց, եւ մեզ համար»:
«Առավոտը» հետաքրքրվեց, եթե մինչ այժմ «Սուրմալու» տոնավաճառը 1քմ-ի համար վճարել է 5150 դրամ հաստատագրված հարկ, իսկ առետրականներին 1 քմ-ն տրամադրել է միջինը 7 հազարով, ապա տեղի վարձը ցածրացնելու դեպքում չի՞ ստացվում, որ կաշխատեն վնասով: Այս դիտարկմանը պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Մենք էլ ունենք աչքեր եւ տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Հիմա, պայմանավորված միջազգային տնտեսական իրավիճակով եւ առեւտրի ծավալների անկումով, մենք ժամանակավորապես կգնանք փոխզիջումների, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել»: Նշենք, որ այս տոնավաճառում աշխատում է 400 առեւտրական:
«Հրազդանի» ղեկավարությունը ամսական 30 հազար դրամով իջեցրել է տեղի վարձը, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց տոնավաճառի տնօրենը, իրենք այդ «բարեգութ» քայլի համար արդեն իսկ փոշմանել են: «Հրազդան» համալիրի գլխավոր տնօրեն Մերուժան Հակոբյանի ներկայացմամբ. «Մենք իջեցումը առեւտրականների գործադուլի պատճառով չենք արել, այդ որոշումը եղել է նախքան գործադուլ անելը: Պարզապես մենք, ելնելով համաշխարհային ճգնաժամից, հաշվարկ կատարեցինք եւ մարդկանց ընդառաջ գնալով՝ իջեցրինք վարձը: Բայց, դուրս եկավ, որ սխալ արեցինք: Նրանք չհամաձայնեցին եւ ուզում էին, որ վարձն ավելի շատ իջեցնենք՝ առանց հասկանալու, որ սա բիզնես է, եթե ես այդքան իջեցնեմ, բա դրա դիմաց ինքը ի՞նչ է առաջարկում: Ո՞նց կարող ա ճգնաժամի ժամանակ միակողմանիորեն լինի՝ մի բիզնեսմենը տուժվի, մնացածը՝ ոչ: Հետո էլ կարող ա իրենց բողոքներից հետո մենք ավելի քիչ իջեցնեինք, քան հիմա ենք արել: Դուրս եկավ, որ մենք իրենց ընդառաջեցինք, իրենք մեզ՝ ոչ»: Ինչ վերաբերում է նրան, որ առեւտրականներից գանձվում է շատ ավելի մեծ գումար, քան նշված է պայմանագրում, ապա պարոն Հակոբյանն ասաց. «Մեր բոլոր աշխատողները ինչքան ստորագրում են պայմանագրի տակ, էնքան էլ վճարում են, նման բան գոյություն չունի»: Իսկ թե ինչքան հաստատագրված հարկ է վճարում տոնավաճառը յուրաքանյուր քառակուսի մետրի դիմաց, Մ. Հակոբյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ պետք է ես դա ասեմ, դուք մտնում եք ուրիշի բիզնեսի մեջ, շատ-շատ կարող եմ ասել ամբողջ գումարայինը. մենք 45 միլիոն դրամ հաստատագրված հարկ ենք մուծում»:
Նշենք, որ «Հրազդանի» 330 առեւտրականները վճարում են միջինը 220 հազար դրամ տեղի վարձ, այս ամսվանից այդ գումարը կնվազեցվի 30 հազարով: