Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ով ինձ պահի՝ տունս նրանն ա»

Մարտ 31,2009 00:00

Տիկին Սեդան մնացել է մենակ. ոչ խնամող ունի, ոչ էլ՝ «ծեծող» ամուսին

«Երկրորդ ամուսնությունիցս էլ ոչինչ չհասկացա, ամուսինս շատ էր խմում ու ինձ ծեծում, ճիշտ առաջին ամուսնուս նման, բայց օր ու գիշեր աշխատում էր, չնայած վաստակած ամբողջ գումարը միայն խմիչքի էր տալիս: Մտածում էի, որ գոնե 2-րդ ամուսնությունս բարեհաջող կլինի, սակայն այս անգամ էլ դժբախտացա ու մնացի մենակ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Սեդան: Նրա խոսքերով. «Առաջին անգամ, երբ ամուսնացա՝ շատ երիտասարդ էի, 15-ս նոր էր լրացել, դեռ լավն ու վատն իրարից չէի տարբերում, մենք էլ բազմանդամ ընտանիք էինք ու հազիվ էինք մեր գոյությունը պահպանում: Հայրս մահացած էր, մայրս էր մեր միակ կերակրողն ու նա էլ դեմ չէր իմ ամուսնությանը՝ տնից մի հոգս կպակասեր: Սկզբից ամեն ինչ կարգին էր, ամուսինս ինձ սիրում էր ու շատ ուշադիր էր իմ նկատմամբ, բայց երջանկությունս աստիճանաբար նվազեց, երբ առաջին երեխան ունեցանք, ես ինքս էլ երեխա էի ու չէի կարողանում նրան ինչպես որ պետքն է մայրություն անել, առաջնեկս հազիվ մի տարեկան էր, երբ 2-րդ աղջկաս ունեցա. այստեղից էլ սկսվեց խառնաշփոթ կյանքս: 2 երեխաների հետ չէի կարողանում տնային գործեր անել, իսկ տանը, բացի ամուսնուցս, ոչ ոք չունեի, նա էլ ամբողջ օրը դժգոհում էր ու ասում, որ եթե այսպես շարունակեմ՝ ինձնից կբաժանվի, ու էդպես էլ արեց, մի քանի տարի միասին ապրելուց հետո բաժանվեցինք ու նա երեխաներին իր հետ վերցրեց, էդ օրվանից մինչ էսօր երեխեքիս չեմ տեսել, միայն գիտեմ, որ ամուսինս երկրորդ անգամ ամուսնացել է, ու աղջիկներս անմայր չեն մնացել: Երբ ամուսնուցս բաժանվեցի՝ ամբողջ օրը երեխաներիս մասին էի մտածում, ուզում էի նրանց տեսնեմ, գոնե՝ հեռվից, բայց ամուսինս զրկել էր ինձ այդ իրավունքից: Սկզբում տեղս չէի գտնում, բայց հետո աշխատանքի ընդունվեցի, որ գոնե մի քիչ մոռանայի պատահածը եւ այդտեղ էլ ծանոթացա 2-րդ ամուսնուս՝ Ռուբիկի հետ: Նա էլ էր կնոջից բաժանված ու ինձ պես 2 երեխա ուներ: Երջանիկ էինք, թեեւ սկզբից ինձ այդպես էր թվում, բայց հետո ամեն ինչ գլխիս շուռ եկավ: Երկուսս էլ նույն խնդրի առաջ էինք կանգնել, երկուսիս երեխաներին էլ խլել էին»: Տիկին Սեդայի պատմելով՝ «Ռուբիկը երեխա էր ուզում, նրա կինը երեխաներին Հայաստանից տարել էր, ու նա հնարավորություն չուներ նրանց տեսնելու, այդ պատճառով էլ ցանկանում էր մեր սեփական երեխաներն ունենանք, բայց մեզ մոտ ոչինչ չէր ստացվում, ու դա նրան ավելի էր զայրացնում ու ստիպում, որ գիշերներն ուշ ու հարբած տուն գա, իսկ իմ մի փոքր խոսքից սկսվում էր վեճ ու հայհոյանք, ու այդպես ամեն օր: Տարիներն անցնում էին, ու մենք էլ այդ ընթացքում ծերանում, Ռուբիկը դադարել էր ինձ ծեծելուց, սակայն չէր դադարել խմելուց ու հայհոյելուց: Ամեն օր խմում էր, ու մի օր էլ հարեւանները եկան ու ասացին, որ Ռուբիկի դիակը փողոցում ընկած է: Այդ օրն էլ էր խմել, ընկել ու գլուխը ծակել»:

Առաջին անհաջող ամուսնությունից հետո, տիկին Սեդայի պատմելով, հարազատները խուսափում են իր հետ շփվել: Նա միայնակ է ու ոչ մի խնամակալ չունի: «Քրոջս աղջկան շատ եմ ասել, որ տունս իրան կկտակեմ, գոնե թույլ տա կյանքիս վերջին տարիներն իրանց հետ ապրեմ, բայց նա մերժեց: Էլ ուրիշ մոտիկ բարեկամ չունեմ, ասել եմ, ով ինձ պահի՝ տունս նրանն ա: Արդեն ծեր եմ. էսօր կամ, վաղը չկամ: Ամբողջ կյանքս աննպատակ ապրեցի, չեմ ուզում Ռուբիկի նման աննպատակ մեռնեմ, ոչ էլ ուզում եմ ծերանոց գնալ, քանի ոտս ու ձեռս տեղն են՝ իմ տանը կապրեմ, հետո, երբ պահող չունենամ՝ իմ ոտքով ծերանոց կգնամ ու էդ ժամանակ միեւնույն կլինի՝ տունս ում կտան, էն ժամանակ 16 տարեկան էի ու ոչինչ չէի գիտակցում, հիմա, որ ծերացել եմ ու պահող չունեմ՝ նոր եմ հասկանում երեխեքիս քաղցրությունը: Ճիշտ ա, երեխեքիս երբեւէ չեմ տեսել, բայց նրանցով շատ եմ հետաքրքրվում, գիտեմ, որ աղջիկներս հարուստ են ու երջանիկ ապրում են, իսկ ինձնով ընդհանրապես չեն հետաքրքրվում, գիտեմ, որ իմ մասին ոչինչ չեն ուզում իմանալ, ես նրանց լավ եմ հասկանում ու Աստծուց խնդրում, որ նրանք իրենց հոգում ինձ ներեն, որ խիղճս հանգիստ մեռնեմ»,- արցունքն աչքերին ասաց տիկին Սեդան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարիկ says:

    Հարգելի տիկին Սեդա, ես շատ ազդվեցի Ձեր պատմությունից…իսկ դուք որտե՞ղ եք ապրում

Պատասխանել