Ճգնաժամը Գյումրիի բուժհիմնարկների տնօրեններին կստիպի որոշ խնայողություններ անել
Արդեն մեկ ամիս է՝ գյումրեցի բուժաշխատողների աշխատավարձերի հատկացումը ձգձգվում է: Եթե մի քանի բուժհաստատություններում փետրվար ամսվա աշխատավարձը փոխանցվել է 3 օր առաջ, ընդ որում՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի միջամտությունից հետո, ապա առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի աշխատակիցները աշխատավարձ ստանալու հույսեր դեռ չեն փայփայում: Ինչպես փոխանցեց տնօրեն Վարդան Ուռուտյանը՝ իրենք ճգնաժամի ազդեցությունն առայժմ զգում են միայն աշխատավարձի պահով: «Մենք անցած տարվանից տնտեսած նյութեր ունենք, որոնք առայժմ բավարարում են, միակ խնդիրը աշխատավարձն է, մեկ ամսվա կտրվածքով այն մոտ 10 միլիոն դրամ է կազմում: Խնդիրն այն է, որ մինչեւ ամսի 25-ը մենք պարտավորվում ենք սոցվճարումներ կատարել, եւ եթե այս պահին չենք հասցնում, ըստ օրենքի՝ տույժ-տուգանքի ենք ենթարկվում: Այն տոկոսի առումով քիչ է, բայց մեծ հիմնարկների համար զգալի թիվ է կազմում: Եթե ֆինանսավորումը այսպես շարունակվի, մենք էլ, բնականաբար, կրախի առաջ կկանգնեք»,- ասաց Վ. Ուռուտյանը:
Որ ճգնաժամն իրոք խնդիրներ է առաջացրել բուժհիմնարկների համար, կարելի է համոզվել ամենապարզ հաշվարկներ անելով: Օրինակ, վերցնենք ծննդօգնությունը. դեղորայքը 20%-ով թանկացել է, վաղվանից կթանկանա գազը, էլեկտրաէներգիան, ջուրը, իսկ հղիներին տրամադրվող վկայականի արժեքը՝ 90 հազար դրամ՝ մարզերի 1 ծննդկանին, մնացել է անփոփոխ: Սա առիթ է տալիս ենթադրելու, որ տնօրենները հարկադրված են կամ որոշ աշխատակիցների կրճատել, կամ էլ աշխատավարձն ու այլ ծախսերը նվազեցնել: Իսկ այս դեպքում չի՞ ընկնի բուժսպասարկման որակը, չի՞ ավելանա կոռուպցիոն ռիսկը սանիտարահիգիենիկ պայմաններով չփայլող Գյումրիի հիվանդանոցներում: Օրինակ, ճգնաժամի սկսվելուն պես գյումրեցիների ուշքնումիտքն այն է, թե ինչպե՞ս է համակարգվելու շտապօգնության աշխատանքը՝ հատկապես գազի նոր գների պայմաններում: Եթե նկատի ունենանք, որ Գյումրիի շտապօգնության մեքենաներն էլ հնամաշ են, ծախսատար, չեն դիմանում Գյումրիի քարուքանդ փողոցներին, ապա գյումրեցիների մտահոգությունը տեղին է: Ճգնաժամի թեմայով Գյումրիի շտապօգնության տնօրեն Ռոբերտ Թորոսյանը, չգիտես ինչու, խուսափեց «Առավոտին» հարցազրույց տալ:
Իսկ ահա Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հայտնեց, որ ինքը գտել է ճգնաժամի դեմ պայքարելու յուրօրինակ ձեւ: Վերջինս, վստահեցնելով, որ աշխատավարձերի ցածրացում միանշանակ չի լինելու, ասաց, որ ճգնաժամին դիմակայելու է այլ ծախսերը կրճատելու միջոցով: Այսինքն՝ առավելագույն ուշադրություն են դարձնելու ջրի, էլեկտրաէներգիայի եւ գազի օգտագործման վրա, ու որպեսզի հիվանդներն էլ շռայլություն չանեն ու այս ամենից անփույթ ձեւով չօգտվեն, ծննդատան տնօրենը բանվորին կարգելու է վերահսկիչ, որը ուշի- ուշով հետեւելու է ու հիվանդների բաց թողած ջուրը փակելու է, անտեղի վառած լույսն էլ՝ անջատելու. «Ընթացիկ վերանորոգումները եւս կդադարեցնենք, ծառայողական մեքենաների, անկողնային պարագաների, խալաթների համար նախատեսված ծախսերը կկրճատենք: Իմ հաշվարկներով, մոտ 20%-ով կրճատելու ենք ծախսերը: Նոր սառնարան ու հեռուստացույց չենք գնի, ունենք՝ հին են, բայց ի՞նչ անենք, կօգտվենք մինչեւ ճգնաժամը անցնի: Բայց աշխատավարձ միանշանակ չենք կրճատելու, իրավունք էլ չունենք, եթե նախկինում սանիտարը աշխատել է 25 հազար դրամով, ապա էսօր մենք լավ գիտենք, որ կառավարության որոշում կա, որ նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամն է, եթե այս որոշումը հունվարից ուժի մեջ է, ապա ինքնըստինքյան կատարվել է աշխատավարձի բարձրացում: Եթե 30 հազար տալիս ենք հավաքարարին, փաստացի բարձրանում է նաեւ քույրերի աշխատավարձը»: Ըստ Ա. Իսահակյանի՝ կադրերի կրճատում եւս լինելու է, սակայն ոչ ճգնաժամի պատճառով. «Գերհագեցված է ծննդատունը, ունենք 118 աշխատող՝ 30 մահճակալի համար, իհարկե, սա շատ է, բայց դա նախկին ժառանգություն է, փաստացի ստացվում է, որ մի հաստիքի տակ ունենք 2 աշխատող բժիշկ, անկախ ճգնաժամից էս հարցը կարգավորման կարիք ունի, իմ հաշվարկներով՝ մոտ 20-25 հոգի պետք է կրճատվեն»:
Ճգնաժամի հարցում ամենալավատեսը Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության պետ Սամվել Ղազարյանն էր: Նա «Առավոտին» վստահեցրեց, որ բուժաշխատողների աշխատավարձերը երբեք չեն կրճատվի, ու ճգնաժամը բուժսպասարկման որակի վրա չի ազդի. «Եթե ինձ հարցնեք՝ ինչի՞ հաշվին չպիտի լինեն կրճատումներ, ես կասեմ՝ վճարովի ծառայությունների, գրեթե բոլոր հիմնարկներն էլ ունեն վճարովի ծառայություններ, բնակչությունը, որը սպասարկվում է պետպատվերի շրջանակներում, դրա փողին կպնել չկա: Իսկ այլ ծառայությունները թող կրճատեն, էլեկտրաէներգիա քիչ կծախսենք, մեքենաները չենք շռայլի, տնօրենի մեքենայի մեջ թող ինքը բենզին լցնի, 100 լիտրի փոխարեն թող 50 լիտր լցնեն, ծախսերը կկրճատենք ու դեղորայքի, բուժսպասարկման հաշվին ոչինչ չենք անի: Դեղորայքն էլ իրոք թանկացել է, բայց ոչ բոլորը, հիմնականում թանկացել են նրանք, որոնք ստանում էինք Եվրոպայից, իսկ Ռուսաստանից ներկրվողն այնքան էլ չի թանկացել: Օրինակ, շտապօգնության առաջին բուժօգնության դեղորայքները չեն թանկացել, եթե թանկացել էլ են՝ ապա 3-5%-ով: Նրանք բենզինը միշտ գնել են 300-340 դրամով, եւ նույն գինն է մնացել»: