Շիրակի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Մասնավորապես պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսության» տնօրեն Արման Հարությունյանը, անձնական շահագրգռությունից ելնելով, թույլատրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսության» Ջաջուռի անտառտնտեսության թիվ 1 պահաբաժնի անտառապահ Վ. Աղայանին, առանց աշխատանքից ազատվելու, 2007թ. մարտի 15-ից մինչեւ նոյեմբերի 19-ը եւ 2008թ. հունվարի 21-ից մինչեւ նոյեմբերի 24-ը մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Սակայն աշխատանքի հաճախումների տեղեկագրում Վ. Աղայանը ներկա է ստացել, իսկ նրա անունով հաշվարկված ընդհանուր գումարով 605 269 դրամ աշխատավարձն ստացել է Վ. Աղայանի կինը՝ Ա. Աղայանը: Այլ խոսքով, անտառապահը հարկատուներիս հաշվին աշխատավարձ է ստացել՝ անտառն անտեր թողնելու եւ ՌԴ-ում աշխատելու համար:
Ավելի ուշ՝ նույն անտառապահի անունով, Ա.Հարությունյանը 2008 թվականի դեկտեմբերի 1-ի ամսաթվով աշխատանքից ազատվելու դիմում է գրել եւ ներկայացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ արտագնա աշխատանքի մեկնելու կապակցությամբ: Ինչի համար քրեական գործ է հարուցվել 308-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով, որի քննությունը հանձնարարվել է Շիրակի քննչական բաժնին: Բացի այդ՝ Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով նախապատրաստվել են նյութեր: