Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր՝ «Գյումրու ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանի կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Վ. Սարգսյանը, 2006-2008թթ. լինելով «Գյումրու ծննդատուն» ՊՓԲԸ տնօրենը, 2007 թվականի փետրվարից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կարգադրել է ընկերության գանձապահ Ա. Գրիգորյանին՝ ընդհանուր թվով 39 անձի՝ բուժքույրերի, մանկաբարձների եւ սանիտարների վճարել սահմանված աշխատավարձից 7000 դրամ պակաս՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին նյութական օգնություն ցույց տալու պատճառաբանությամբ: Գանձապահը կատարել է կարգադրությունը եւ նշված ժամանակահատվածում սահմանված աշխատավարձից 7000 դրամով պակաս գումար է վճարել նշված աշխատակիցներին, որի արդյունքում գոյացած 2 240 000 դրամ գումարը մաս-մաս հանձնել է տնօրեն Վ. Սարգսյանին: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում 30.03.2009 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մինչ այդ քրեական գործ էր հարուցվել նաեւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ յուրացում կատարելու համար: Մասնավորապես՝ Շիրակի դատախազության տվյալներով՝ 2007 թվականի մարտ-մայիս ամիսներին ծննդատանը բուժօգնություն ստացած Վրաստանի քաղաքացիներ Հ. Առաքելյանի, Լ. Սարգսյանի, Հ. Կարապետյանի հարազատներից, ընկերության դրամարկղում մուծում կատարելու նպատակով, վերցրել է ընդհանուր 407 880 դրամ գումար, սակայն ընկերության դրամարկղ չի մուծել: Նշված գումարը դյուրին հափշտակելու համար Վ. Սարգսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել է Հ. Առաքելյանի, Լ. Սարգսյանի, Հ. Կարապետյանի ծննդաբերության տվյալները փոխել, դրանցում լրացնել ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ տվյալներ եւ դրանք, վավերացնելով ընկերության կնիքով, նրանց ձեւակերպել է որպես պետպատվերով բուժվող հիվանդներ, իսկ գումարը յուրացրել: Սույն փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշված երկու գործերը կքննվեն մեկ վարույթում, որի նախաքննությունը Շիրակի դատախազության կողմից հանձնարարվել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: