Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտենք՝ ոնց է կատարվում ընտրությունը

Մարտ 31,2009 00:00

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի այս պնդմանը լրագրողները երեկ արձագանքեցին բուռն ծիծաղով:

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն անդրադարձավ մեր թերթում ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանի մեկնաբանություններին իր այն ասածին, թե բանտարկված 3 պատգամավորի համար նիստ գումարելու անհրաժեշտություն չի տեսնում: «Այդ մարդիկ հիմա ալարում են «3 հոգու համար նիստ հրավիրել», իսկ մարտի 1-ին անհրաժեշտություն կա՞ր գիշերվա կեսին արտահերթ նիստ հրավիրել՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, մարտի 4-ին անհրաժեշտություն կամ հիմքեր կայի՞ն պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու»,- ասել էր Ռուզան Խաչատրյանը:

Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, թե իրեն մի փոքր սխալ են հասկացել. «Ես ասել էի, որ ապրիլի 1-ին դատախազը կգա դատարան եւ գուցե մեղադրանքը հանի, քանի որ հոդվածները փոխվել են: Այսինքն՝ չշտապենք»: Պնդեց, թե առաջինն ինքն է ցանկանում, որ գործընկեր պատգամավորներն ազատ արձակվեն. «Ոչ միայն վերականգնվի նրանց պատգամավորական անձեռնմխելիությունը, այլ նաեւ ազատ արձակվեն, որովհետեւ այն ժամկետը, որ իրենք անցկացրել են բանտում՝ 1 տարուց ավելի է: Ու կարծում եմ՝ այն հոդվածներով, որ իրենց կարող են մեղադրել արված փոփոխություններով՝ հնարավոր է այդ իրենց անցկացրած ժամկետով բավարարվեն»: Հարցին, որ եթե իրոք կողմնակից է այդ, պատգամավորների ազատ արձակմանը՝ ինչո՞ւ ոչ ինքը, ոչ էլ ՀՀԿ-ի որեւէ այլ պատգամավոր ժամանակին չմիացավ նրանց խափանման միջոցը փոխելու «Ժառանգության» նախաձեռնությանը՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Դե գիտեք, «Ժառանգությունն» ընդդիմություն է, եւ նրա պահանջները լավ լուսաբանում է մամուլը: Իսկ մենք մեր ցանկություններն արտահայտում ենք մեր նիստերում, խորհրդակցություններում… Մեր բոլոր այդ մտահոգություններն ամեն անգամ չենք ուզում հայտնել մամուլին, հասարակությանը, որովհետեւ կստացվի, թե մենք ներսում արդեն ընդդիմադիր եսիմ ինչեր ենք ասում: Բայց մենք իրենցից ոչ վատ եւ ոչ քիչ քննարկում ենք այդ հարցերը մեր շրջանակներում»: Լրագրողները հերթական անգամ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ՀՀ նախագահը համաներում չի հայտարարում: «Համաներում հնարավոր է այն դեպքում, երբ իրենց սխալը գիտակցում են,- պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը:- Իսկ այս դեպքում՝ այն մարդիկ, ովքեր մասնակից են եղել մարտի 1-ին, նրանց անունից ընդդիմությունը հայտարարում է, թե շարունակելու են պայքարը: Այսինքն՝ բաց թողնենք, որ ընդդիմության բանա՞կը համալրենք»:

Այս ասուլիսում ՀՀԿ փոխնախագահը եւս մեկ անգամ կոչ արեց չքաղաքականացնել Երեւանի ավագանու ընտրությունները: «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս կարող է ընտրությունը լինել ոչ քաղաքական, երբ դրան մասնակցում են բացառապես կուսակցությունները՝ պրն Զոհրաբյանը պատասխանեց. «Չէ, ընտրությունը քաղաքական է՝ ոչ ոք չի ժխտում: Մենք ասում ենք՝ չքաղաքականացնենք այս ամեն ինչը, նույնիսկ աղբահանության խնդիրը չբերենք՝ քաղաքականացնենք»: Նման պնդումների կապակցությամբ մեջբերենք երեկ «Հայելի» ակումբում PR-ի մասնագետ Արմեն Բադալյանի դիտարկումը. «Այնպիսի տպավորություն է, որ մայիսին մենք ընտրելու ենք ոչ թե Երեւանի քաղաքապետ, այլ Երեւանի գլխավոր հավաքարար»:

Իսկ ՀՀԿ փոխնախագահին խնդրեցին մեկնաբանել «100 տոկոսանոց ցուցակների» վերաբերյալ փաստերը՝ այն, որ Երեւանի դպրոցների, մանկապարտեզների եւ բուժհաստատությունների աշխատակիցները բնակիչներից անձնագրի տվյալներ են հավաքում ու ստորագրություններ, որ քվեարկելու են Գագիկ Բեգլարյանի օգտին: «Չէի ասի, թե մեր թեկնածուն ադմինիստրատիվ ռեսուրսը այդպես կիրառում է,- պատասխանեց Ռազմիկ Զոհրաբյանը:- Ես տեղյակ չեմ, որ կանչում՝ ցուցակներում ստորագրություններ են հավաքում: Սա առաջին ընտրությունը չի, չէ՞, մեր երկրում. մենք գիտենք՝ ոնց է կատարվում»: «Իհարկե՝ գիտենք»՝ արձագանքեցինք, եւ հետեւեց լրագրողների բուռն ծիծաղ: «Այ տեսնո՞ւմ եք՝ համատեքստից կտրեցիք,- ասաց ՀՀԿ փոխնախագահը եւ պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ:- Ամեն անգամ ընտրություններից առաջ շահարկվում է, որ ահա՝ անձնագրե՜ր հավաքեցին, ցուցակնե՜ր: Դե, ոնց որ էն հին երգն է՝ կարուսելը, շուտվանից լսել ենք այդ երգը»: Բայց երբ տեղում «Panorama»-ի թղթակիցը վկայեց, որ իր հարազատի տուն էլ են մտել այդ ցուցակը ստորագրելու առաջարկով՝ ասաց. «Դե, հիմա ինչ ասեմ, եթե վկայում եք, գուցեեւ եղել է, բայց դա այդպես մասսայական չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել