Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ՈՐՈՇԵՑ ՍՊԱՍԵԼ

Մարտ 31,2009 00:00

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ խմբակցությունների ղեկավարները երեկ քննարկեցին «7»-ի գործով մեղադրվող ԱԺ պատգամավորների դիմումը խորհրդարանին: Հիշեցնենք, որ մարտի 25-ի հայտարարությամբ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը պահանջել էին «Քրեական օրենսգրքի» 300 եւ 225 հոդվածների փոփոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում անհապաղ գումարել ԱԺ նիստ եւ վերականգնել իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը, նաեւ վերացնել ԱԺ որոշումները «պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդության մասին»:

Խմբակցությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը երեկ մասնակցել են նաեւ իրավաբաններ, որոնք նկատել են, որ եթե ԱԺ-ն իրոք նման որոշում ընդունի՝ իրավական հակասությունների մեջ կմտնի Սահմանադրության հետ: Ուստի հանդիպման ընթացքում որոշել են չխառնվել դատարանի գործերին, եւ սպասել, թե մեղադրող կողմն ինչպես է վերաորակելու «7»-ի գործով մեղադրանքն ապրիլի 1-ին կայանալիք դատական նիստում: Դրանից հետո ԱԺ-ում կլինի նոր խորհրդակցություն:

«Քննարկումը ցույց է տալիս, որ Ազգային ժողովն ուղղակի ոչ մի իրավական հիմք չունի որեւէ բանով միջամտելու»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Մենք գտնում ենք, որ խնդիրը ոչ թե քաղաքական հարթության մեջ պիտի լուծվի, այլ իրավական»,- նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն «Ա1+»-ին ասել է. «Ես այն կարծիքին էի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք այդպիսի որոշում կայացնել, քանի որ հենց մենք ենք համաձայնություն տվել անձեռնմխելիությունից զրկելու եւ մեր գործընկերներին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ, հիմա մենք կարող էինք ուղղակի ԱԺ այդ որոշումը չեղյալ հայտարարել»: Ըստ նրա՝ իրավականից բացի, սա նաեւ քաղաքական խնդիր է, եւ լուծումն էլ պիտի լինի քաղաքական:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել