Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը՝ ի՞նչ ուղղությամբ շարունակելն է

Մարտ 31,2009 00:00

Կարծում է սոցիալիստ Արամ Մարտիրոսյանը, իսկ Մովսես Շահվերդյանը սոցիալիստներին կոչ է անում իր ղեկավարած կուսակցության շուրջ միավորվել:

Ի պատասխան Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի՝ իրենից սոցիալիստ չլինելու կոչին, Սոցիալիստական կոնֆերանսի անդամ, ԺՈՒԿ փոխնախագահ Արամ Մարտիրոսյանն «Առավոտին» ասաց. «1988-89 թվականներից սկսած՝ ես պայքարել եմ սոցիալիստական գաղափարների, սոցիալական արդարության համար՝ տարբեր ֆորմատներում, իսկ Դավիթ Հակոբյանը քաղաքականությունից դեռ բավականին հեռու էր: Քար գցելով չի: Ժողովուրդը կզգա, որ ինքը վերադարձված է իշխանության, երբ սոցիալապես ապահովված, պաշտպանված կլինի, եւ հայրենիքը կհոգա իր մասին: Միայն այդ ժամանակ է մարդու մոտ արթնանում «հայրենասիրություն» հակադարձ գաղափարը: ՀԱԿ-ի շրջանակներում բոլոր միջոցառումներին մասնակցում ենք, քաղաքական առումով համամիտ ենք այդ ծրագրերին: Երեւի ՀԱԿ-ի ամենաակտիվ կուսակցություններից մեկն ենք եւ այնտեղ լուրջ դերակատարություն ունենք»: Հիշեցնենք, որ մարքսիստն «իրենց սոցիալիստ հայտարարածներին» կոչ էր արել ՀԱԿ-ի շրջանակներում նախ Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը, ապա հասարակարգի փոփոխության մասին խոսել:

«Որքանով քաղաքացին սոցիալապես ապահովված է՝ այնքան հզոր է հայրենիքը»՝ հղում անելով Նժդեհի խոսքերին, Արամ Մարտիրոսյանը նժդեհականների՝ ՀՀԿ-ի եւ մասնավորաբար՝ Սերժ Սարգսյանի ուշադրությունն է հրավիրում մեր իրականության վրա: «Այո, Կոնգրեսի շրջանակներում մենք այսօր պայքարում ենք իշխանափոխության համար, որովհետեւ դա հրատապ խնդիր ենք տեսնում, բայց մեզ համար նաեւ շատ կարեւոր է, թե ինչպիսի ուղղությամբ պետք է շարունակենք: Ըստ մեզ՝ հիմնական ուղղությունը պետք է լինի սոցիալիստական, սոցիալականը, քանի որ գոյություն ունեցող համակարգը, ավերածություններից բացի, ոչինչ չի բերում»,- ասում է նա՝ հիշելով Հայրենական պատերազմի մասնակից իր մի ծանոթի հարցերը, որոնց պատասխաններն այդ մարդն այդպես էլ չստացավ՝ «Երբ Թամանյան դիվիզիան մտավ Բեռլին՝ հասկանալի էր, եւ մենք հպարտ էինք, որ մեր բանակը մտավ Շուշի՝ նույն զգացմունքներն էին, բայց որ Երեւան մտավ մեր բանակը՝ ես չեմ հասկանում, ո՞նց կբացատրես»: Ինչեւէ, մեր զրուցակիցը համոզված է, որ միայն «սեփական պաշտպանության համար գոյություն ունեցող այս համակարգը» մոտ ապագայում փլուզվելու է:

Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններին հաղթելու ակնկալիքով մասնակցության հայտ ներկայացրած Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանից էլ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չեն փորձում համագործակցել գաղափարակիցների հետ. «Լիբերալներն ավելի շատ են, քան սոցիալիստները, բայց նրանք էլ իրար դեմ են պայքարում՝ նկատի ունեմ իշխանությունն ու ընդդիմությունը: Քաղաքական դաշտում շատերին անձամբ ճանաչում եմ, ճիշտ եք նկատում, լավ կլիներ, որ նույն գաղափարին դավանողները հավաքվեին իրար հետ: Օրինակ, մենք առաջին սոցիալիստական կուսակցությունն ենք, որ գրանցվեցինք հետխորհրդային շրջանում, Աշոտ Մանուչարյանը ավելի ուշ գրանցեց Սոցուժերը. շփումներ եղել են, բայց իրատեսական կամ լուրջ առաջարկ չի եղել: Հիմա այդ մարդիկ, որ հավաքվել են, շատ լավ գիտեն մեր տեղը, ուրեմն ինչ-ինչ նպատակներ ունեն, որ հարմար չեն գտել մեզ հրավիրել՝ մասնակցելու իրենց գործընթացներին»,- եղավ պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել