Երեկ այսպես գնահատեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1643 բանաձեւի կատարման ընթացքը:
Իսպանիայի Վալենսիա քաղաքում երեկ սկսվեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի դռնփակ անցկացվող նիստը, որի օրակարգում 4-րդն էր Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1643, 1620 եւ 1609 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Հայաստանի պատվիրակությունը պիտի տեղեկատվություն ներկայացներ, թե ինչ է արվել այդ կապակցությամբ: Բնական է, թե նրանք պիտի շեշտադրեին այն աշխատանքը, որ պայմանավորվածություններին ու ժամկետներին իրոք համապատասխան՝ արվեց «Քրեական օրենսգրքի» 300 եւ 225 հոդվածների փոփոխման կապակցությամբ: Ուստի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից առաջին հերթին հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են արձագանքել իրենց ներկայացրած տեղեկատվությանը եւ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ինչպիսի՞ քննարկում է ծավալվել: «Հիմնական քննարկումը վերաբերում էր նրան, որ օրենքի փոփոխությունները ողջունելի են, լավ են, եւ հիմա ակնկալում են ավելի գործնական քայլեր, թե ինչպես են դրանք կիրառվելու,- պատմեց պրն Հարությունյանը:- Նաեւ ասվեց, թե ցանկացած օրենքի որակը պայմանավորված է դրա պատշաճ իրականացմամբ: Ուստի, քանի որ օրենքի կիրառումը նախատեսվում է մինչեւ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի սկիզբը՝ ապրիլի 27-30-ը կայանալիք այդ նստաշրջանի ընթացքում Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում անդրադարձ կարվի արդեն կատարման արդյունքներին, թե ինչ ձեւով է կիրառվել օրենքը»: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են դա պարզելու համազեկուցողները՝ այցելելո՞ւ են Հայաստան, թե՞ էլի միայն մեր պատվիրակության ներկայացրած տեղեկատվության հիման վրա են գնահատական տալու: «Համազեկուցողները, որպես կանոն, տեղեկատվություն են ստանում ոչ միայն մեզնից,- պատասխանեց ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը,- Մասնավորապես՝ հանձնաժողովի երեկվա նիստում բաժանված էր Հայ ազգային կոնգրեսի փաստաթուղթը, որում ներկայացված էր իրենց տեսակետը, թե ինչ է տեղի ունեցել: Այնպես որ՝ համազեկուցողները միշտ օգտվում են տեղեկատվության տարբեր աղբյուրներից»:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն, «Առավոտի» հարցին ի պատասխան, թե այդ փաստաթղթում ի՞նչ տվյալներ են նշել, պարզաբանեց. «Ներկայացրել ենք առկա իրավիճակը, որ, ըստ էության, ո՛չ մի բան չի փոխվել: Եվ ավելի՛ն, մի քանի խայտառակ դատավարություն հասցվել է ավարտին, իսկ «7»-ի գործով դատավարությունը մտել է մի աննախադեպ հակաօրինական դաշտ, եւ դատավորն, ըստ էության, ինչ ուզում՝ անում էր. առանց դատապաշտպանների դատ էր անում եւ այլն: Այսինքն՝ այն բոլոր պահանջները, որոնք առաջադրված են եղել Վեհաժողովի բանաձեւերով՝ չեն կատարվել, եւ նման կամքի դրսեւորում էլ, ըստ էության, չի եղել»:
Դավիթ Հարությունյանը մեզ հայտնեց, որ երեկվա քննարկման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ԵԽԽՎ մեր պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն հավելյալ մանրամասներ չհայտնեց, նախընտրելով, որ դա անի ինքը՝ պարոն Հովհաննիսյանը:
Նշենք, որ մինչ Հայաստանի հարցի քննարկումը՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ անդրադարձել է «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի հետեւանքների վերաբերյալ» երկու բանաձեւերի կատարման հարցերին: «Այդ մասին տեղեկատվական բնույթի նյութ էր տարածված,- հայտնեց ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը:- Մոնիտորինգի հանձնաժողովը որոշեց այդ նյութը հիմա չդարձնել քվեարկության առարկա, այլ սպասել ապրիլյան նստաշրջանին եւ Վեհաժողովի լիագումար նիստի բացման օրն անդրադառնալ այդ տեղեկատվական նյութին՝ հաշվի առնելով, որ գործընթացը դինամիկ է եւ թերեւս իմաստ ունի սպասել ու հետագայում արտացոլել փոփոխությունները: Դրանից հետո նոր՝ բանաձեւի կատարման վերաբերյալ տեղեկատվական նյութը կներկայացվի Մոնիտորինգի հանձնաժողովի հաստատմանը»: Իսկ երեկ նաեւ ներկայացվել են մարտի 9-11-ը Մոսկվա եւ մարտի 25-26-ը Թբիլիսի այս հարցով համազեկուցողների փաստահավաք այցերի վերաբերյալ տեղեկատվական զեկույցները: Մեր հարցին, թե հնարավո՞ր է վերոհիշյալ բանաձեւերի պահանջները չկատարելու կապակցությամբ դարձյալ առաջարկվի կասեցնել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը՝ ինչպես առաջարկվել էր հունվարյան նստաշրջանի ընթացքում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես դա շատ քիչ հավանական եմ համարում»:
Վերջում նշենք, որ երեկ օրակարգում էր նաեւ Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հարցը եւ պիտի մտքերի փոխանակում ծավալվեր մեր հարեւան երկրում վերջին զարգացումների վերաբերյալ: Սակայն այդ հարցը, ինչպես նաեւ՝ մարտի 29-ին Թուրքիայում կայացած տեղական ընտրությունների մասին տեղեկատվությունը կքննարկվի այսօր: