Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՀԱՅՏՆՎԵԼ «100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՑՈՒՑԱԿԸ»

Մարտ 31,2009 00:00

Քարոզչությունն արդեն սկսվե՞լ է

Ամենեւին էլ պարտադիր չէ երեւանցիների շրջանում հարցախույզ անցկացնել՝ պնդելու համար, որ մեր համաքաղաքացիները պատրանքներ չեն տածում Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների արդար, ազատ կամ թափանցիկ անցկացման վերաբերյալ: Դեռ մինչեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի նշանակումը՝ մեր համաքաղաքացիների համար ակնհայտ էր, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները հալած յուղի պես կամ առանց ընտրակեղծիքների, վարչական լծակների կիրառման եւ ընտրական այլ «սեւ» տեխնոլոգիաների չեն անցնելու: Դա առավել պարզ դարձավ այն բանից հետո, երբ դեռ մինչեւ ընտրությունները Երեւանի քաղաքապետ նշանակվեց այդ պաշտոնում իշխանության թեկնածու՝ Կենտրոնի նախկին թաղապետ Գագիկ Բեգլարյանը, եւ մանավանդ, երբ այդ ընտրություններին՝ ի դեմս ՀԱԿ-ի մասնակցության, հայտ ներկայացրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հայ ազգային կոնգրեսում, օրինակ, տարբեր համայնքներում մարդկանց անձնագրային տվյալները հավաքելու կամ առանց այդ պայմանի մարդկանցից Գ. Բեգլարյանի օգտին քվեարկելու խոստումներ կորզելու մասին ահազանգերը բազմաթիվ են: Այդ մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա, ինչպես նախորդ՝ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, թաղերում որոշակի հեղինակություն կամ ճանաչում ունեցող անձանց, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների եւ մանկավարժական անձնակազմի կողմից իրականացվող «դռնեդուռ» օպերացիան այս օրերին արդեն գործողության մեջ է գրեթե բոլոր համայնքներում ու մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիայում, Կենտրոնում, Էրեբունիում: Բոլոր համայնքներում դպրոցների տնօրեններին հանձնարարված է «աշխատանքներ տանել» ոչ միայն ուսուցիչների, այլեւ աշակերտների ծնողների հետ: Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, նաեւ թաղային լիազորներից ոմանց, այս պահին անուններ չենք նշի, հանձնարարված է ներկայացնել Բեգլարյանին ընտրողների 15-20 անուն՝ անձնագրային տվյալներով, հեռախոսի համարով: Ընդ որում, երբեմն այս «ծանր» աշխատանքը հանձնարարվում է կատարել անվճար՝ հասարակական հիմունքներով:

«Ա1+»-ն արդեն գրել էր «100 տոկոսանոց» ցուցակների մասին, որոնք բաժանվել են Երեւանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի թաղապետարանների բոլոր աշխատակիցներին՝ Բեգլարյանի օգտին «ստորագրություն» հավաքելու համար: Այդպիսի վերտառությամբ չստորագրված «բլանկ» կա նաեւ «Առավոտի» տրամադրության տակ:

Անցյալ շաբաթավերջին Էրեբունի համայնքում «տնից տուն» ընկածներից մեկն էլ եղել է թիվ 120 դպրոցի տնօրենի կինը: Նա մարդկանց առաջարկել է ստորագրությամբ վավերացնել, որ իրենք առաջիկա ընտրություններում ընտրելու են Գ. Բեգլարյանին: Նույնպիսի ստորագրահավաք է իրականացվում, մասնավորապես, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների թիվ 93, 94, 126, 200 դպրոցների ուսուցչական անձնակազմի կողմից: Թե ինչպե՞ս են օգտագործվելու կորզված ստորագրությունները կամ անգամ անձնագրային տվյալները՝ դժվար է ասել, որովհետեւ թեեւ ստորագրությունները կամ անձնագրային տվյալները հավաքվում են Գ. Բեգլարյանին ընտրելու նպատակով, այդուհանդերձ, ընտրությունների օրը քվեաթերթիկներում նշում է արվելու ոչ թե այդ անձնավորության, այլ որեւէ կուսակցության կամ դաշինքի, իսկ կոնկրետ դեպքում Բեգլարյանի կուսակցության՝ ՀՀԿ-ի անվան դիմաց: Այնպես որ, այնքան էլ հստակ չէ, թե ինչու է անհրաժեշտ ստորագրել Բեգլարյանին ընտրելու «բարաթը»: Ընտրական այս տեխնոլոգիային վաղուց ծանոթ մարդիկ պարզաբանում են «բարաթի» օգտագործման հնարավոր մեխանիզմները. սա արվում է ընտրությունների օրը «կարուսել» իրականացնելու, լրացուցիչ ցուցակներում այս մարդկանց ընդգրկելու, իսկ որ ավելի հավանական է՝ ուղղակի վախի ու Բեգլարյանին ընտրելու հարկադրանքի մթնոլորտ ձեւավորելու համար:

Մի լուսավոր կետ այս ամենում, այնուամենայնիվ, կա: Բանն այն է, որ տարբեր համայնքներից մեզ փոխանցվող տեղեկությունների համաձայն, երեւանցիների դժգոհություններն ու ընդվզումն այս ամենի առնչությամբ գնալով աճում են: Գ. Բեգլարյանի օգտին հավաքվող ստորագրահավաքի հողի վրա, մասնավորապես, Աջափնյակ համայնքում լուրջ խմորումներ են սկսվել ոչ միայն դպրոցներում՝ տնօրենների եւ ուսուցիչների, այլեւ ուսուցիչների ու ծնողների միջեւ: Ավելին, մեր զրուցակիցներից մեկը, ով մերժել է համանման թղթի տակ ստորագրել, ակնարկեց, որ «եթե այսպես շարունակվի», չի բացառվում, որ առաջիկա օրերին «ստորագրահավաք-շարժումից» դժգոհների մի «բանակ» նաեւ փողոց դուրս գա:

Այս լուրերը մեկնաբանելու համար «Առավոտը» դիմել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Եթե որեւէ մեկը Հանրապետական կուսակցության անունից ինչ-որ թղթեր, բլանկներ, «բարաթներ» է դեմ տալիս քաղաքացիներին եւ, առավել եւս՝ ստիպում դրանք ստորագրել, ապա իմացեք, որ նման մարդիկ պարզ սադրիչներ են: Ինձ թվում է, երեւանցիներին նման հնարքներով խաբելը անիմաստ գործ է, եւ նրանք բոլոր հիմքերն ունեն այդ թղթերը չստորագրելու եւ, մանավանդ, իրենց անձնագրային տվյալները չհայտնելու: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մեր կուսակցությունը նման գործողությունների հետ որեւէ կապ չունի. մենք սկսելու ենք մեր քարոզչությունը օրենքով սահմանված ժամկետում եւ այն վարելու ենք միայն օրենքի շրջանակներում»,- ասաց պարոն Շարմազանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել