«Առավոտի» տեղեկություններով, մոտ 10 օր առաջ ՀՀ ԱԱԾ-ում «tete a tete» հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, հանդիպումը անցել է «կառուցողական» մթնոլորտում: Նախ, կողմերը որոշել են հաշտվել ու մոռանալ «անցյալի անհարթությունները»: Ս. Սարգսյանը, մեր աղբյուրների ասելով, ԵԿՄ երկար սպասված ու դեռ չգումարված համագումարից առաջ եղել է գեներալ Մանվելին «դուխ» տվողի կարգավիճակում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ չնայած երկրապահական շրջանակներում շրջանառվող տեղեկություններին, ԵԿՄ համագումարում «պերեվառոտ» չի լինելու՝ գեներալ Մանվելը շարունակելու է գլխավորել ԵԿՄ վարչությունը, իսկ միությունը հավելյալ ֆինանսավորում կստանա:
Քննարկվել է նաեւ կալանավորված երկրապահների հարցը: Հիշեցնենք, որ 2008թ. հետընտրական գործընթացների, նաեւ «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ կալանավորված եւ դատապարտված երկրապահներից շատերը նաեւ ԵԿՄ վարչության անդամներ են: Ըստ հանդիպման կողմերի համատեղ ծրագրի, ԵԿՄ համագումարում, որի անցկացման օրը դեռ անորոշ է, կալանավորված երկրապահները կվերընտրվեն վարչության անդամներ, իսկ նորընտիր վարչությունը կմիջնորդի իշխանություններին նրանց նկատմամբ համաներում կիրառել: Մեր տեղեկություններով, կալանքի տակ գտնվող երկրապահ պատգամավորների հարցը թողնվել է որպես առանձին քննարկման թեմա, որը կարող է լուծվել այլ ճանապարհներով:
«Առավոտի» աղբյուրների մատուցմամբ, գեներալ Մանվելն ու երկրի նախագահը խոսել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ճակատագրի մասին: Որպես նրան ազատ արձակելու հնարավոր տարբերակ՝ քննարկվել է նախկին դատախազին 1/3-ով ազատ արձակելու հնարավորությունը, բայց այդ հարցն այդպես էլ առկախ է մնացել: Բանն այն է, որ մինչեւ Գ. Ջհանգիրյանի գործով դատավճռի հրապարակումը գեներալ Մանվելը Ս. Սարգսյանի հետ հանդիպման օրը նաեւ այցելել է ԱԱԾ մեկուսարանում պահվող Գ. Ջհանգիրյանին, որն էլ տեղում մերժել է «քիչ խոսելու եւ դրա դիմեց 1/3-ով ազատ արձակվելու» գեներալի առաջարկը: