Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՆՆԻՉԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԲԱՑԱՏՐԵԼ

Մարտ 28,2009 00:00

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստը երեկ անցկացվեց դռնփակ: Հանձնաժողովին պարզաբանումներ էր տալիս Հատուկ քննչական ծառայության քննիչ Գորիկ Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի մարտի 24-ի նիստում մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի ծնողները հայտարարել էին, թե հակասություններ են նկատել. ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Խաչատրյանը զոհվել է 20.30-ի սահմաններում: Մինչդեռ նրա ծնողներն ապացույց են ներկայացրել՝ բջջային հեռախոսը, որով Տիգրան Խաչատրյանը նկարահանումներ էր կատարել, եւ տեսագրված նյութի վրա արձանագրված է 21:15 րոպեն:

Մարտի 25-ին հանձնաժողովը նաեւ զրույցի էր հրավիրել Տիգրան Խաչատրյանի ընկերոջը՝ Արտյոմ Աբովյանին, որը մարտի 1-ի երեկոյան եղել է Տիգրանի հետ: Սակայն այս զրույցը պակաս արդյունավետ է եղել:

Հանձնաժողովի անդամները երեկ քննիչից փորձել են ստանալ ժամերի վերոհիշյալ տարբերության ու նաեւ այն փաստի բացատրությունը, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, թե Տիգրան Խաչատրյանը մահից առաջ ստացել է բութ գործիքի հարվածներից վնասվածքներ: Սակայն ըստ հանձնաժողովի անդամների՝ Գորիկ Հովակիմյանն, ըստ էության, որեւէ բացատրություն չի ունեցել այս փաստերից եւ ոչ մեկի վերաբերյալ:

Եվս մի հանգամանք՝ թեեւ կան ականատես ոստիկաններ, որոնք ներկա են եղել, երբ Տիգրան Խաչատրյանի դիակը տեղափոխել են շտապօգնության մեքենա՝ մինչ այժմ չեն հայտնաբերվել այդ վկաները: Եվ նախաքննության մարմինն այդ կապակցությամբ կարծես առանձնակի նախանձախնդրություն էլ չի դրսեւորել: Ուստի ժամանակավոր հանձնաժողովը երեկ որոշել է դիմել ոստիկանությանը՝ ծառայողական քննություն իրականացնելու խնդրանքով, որ պարզեն այդ ոստիկանների ինքնությունը:

Առաջիկայում ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստին է հերթական անգամ հրավիրվելու «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որից նույնպես փորձելու են ստանալ պարզաբանումներ այս հակասությունների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել