Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ»

Մարտ 28,2009 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարության՝ մամուլի հետ աշխատելու անկարողության ու չպատճառաբանված գաղտնիության հերթական ու թերեւս տհաճության աստիճանի ավելորդ դեպքը երեկ էր՝ նախարարության ատյանի (կոլեգիայի) նիստի ժամանակ: Ատյանի առաջին նիստին լրագրողները ներկա եղան հազիվ 15 րոպե, իսկ այս անգամ՝ մոտ 30: Զավեշտն այն է, որ նախարարության մամուլի քարտուղարը եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը չգիտեին ինչ անել՝ մեկ ասացին, թե լրագրողները իրենք կորոշեն ինչքան մնալ, մեկ էլ թե՝ դուրս եկեք: Սփյուռքի նախարարությունում այս անկազմակերպվածության պարագայում իր հարցերն է կարգավորել ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: ՀՀ Սփյուռքի նախարարությունը մեծարման օրերի միջոցառումների շարք է կազմակերպելու՝ նվիրված Ալեք Մանուկյանին, Քըրք Քըրքորյանին, Շառլ Ազնավուրին: Եվ ահա ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 300 միլիոն դրամ կծախսվի ու Երեւանում կկառուցվի Նարեկ Սարգսյանի նախագծած մի շենք, որը կոչվելու է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան: Այս շինարարությունը բյուջեով նախատեսված չէ, այսինքն՝ կառավարությունը առաջնային չի համարել, իսկ վարչապետը խոսում էր խնայող լինելու մասին:

ՀՀ Սփյուռքի նախարարության՝ մամուլի հետ աշխատելու անկարողության արդյունքում չիմացանք, թե ինչպես է նախարարությունը աջակցելու «Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյաններին: Այս հարցը ատյանականները քննարկեցին վերջում:

Ի դեպ, ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի նպատակներում միջազգային մրցույթներում հայ երգիչներին աջակցելու մասին որեւէ տող գրված չէ: Եթե, իհարկե, «նախարարության գործունեության ռազմավարական պլանավորմանը, քաղաքական որոշումների ընդունմանը» օժանդակելը չի տեղավորվում Արշակյան քույրերին աջակցելու տրամաբանության մեջ: Մամուլի հետ աշխատելու նախարարության որդեգրած, մեր կարծիքով՝ անարդյունավետ ոճը, մեզ իրավունք է տալիս համարժեք եւ իրավաչափ կեցվածքով պատասխանել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել