Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Ղուկաս Սիրունյանի սցենարի հիման վրա նկարահանված, ռեժիսոր Գագիկ Հարությունյանի «Սասունը սրտերի մեջ» վավերագրական եւ «Յարխուշտա» խաղարկային ֆիլմերի շնորհանդեսը:
Սցենարի հեղինակի խոսքով, ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է հանկարծակի. «Երբ տարբեր կողմերից լսում էի անպատասխան հարց, թե՝ որտեղ է գտնվում Սասուն քաղաքը, եւ մտածում, թե ինչ ապրումներ են ունենում ամեն անգամ սասունցիներն այդ հարցը լսելիս, որոշեցի ինքս գտնեմ դրանց պատասխանը»: Ղ. Սիրունյանի ձեւակերպմամբ, ֆիլմը պատմում է հայրենիքը կորցրած՝ Եղեռնի զոհերի որդիների մասին. «Այն ունի պարզ սյուժե, մեծ իրադարձություններ եւ դեպքեր չկան: Դրանք կատարվել են տասնամյակներ առաջ: Նկարը պատմում է Արեւմտյան Հայաստանից գաղթած, տեղահան եղած, այս երկրում ապրող, արմատներով սասունցի երկու տարեցների մասին՝ վաստակաշատ ուսուցիչ Հարություն Պետրոսյանի եւ արցախյան պատերազմի մասնակից, մեծ ֆիդայի Խանեյ Սարգսի որդի Պողոս Մարգարյանի մասին, ովքեր երազում են գոնե մեկ անգամ տեսնել իրենց հայրենիքը՝ իրենց տունը: Ֆիլմում երկու տարեցները մի կերպ հասնում են Արեւմտյան Հայաստան, մեծ դժվարությամբ գտնում իրենց Սասունի Շենիկ գյուղը, որտեղ չեն գտնում իրենց տունը, որովհետեւ հավասարված է հողին: Որոշեցինք մարդկային ապրումների՝ դեգերումների, արցունքի, վշտի, հույսի, ցավի այդ ամբողջ համախումբ ապրումները վերածել ֆիլմի»:
Ըստ Ղ. Սիրունյանի՝ գաղափարը ծնվեց հանկարծակի. «Ֆիլմը՝ հանրության լայն շերտերին ներկայացվող նյութ դարձնելու նպատակ չունեինք, բայց աշխատանքները բերեցին նրան, որ ստացվեց իսկապես ֆիլմ, որը արժե ցույց տալ ժողովրդին, որովհետեւ դա վերաբերում է բոլորին, որովհետեւ ամեն մեկն էլ մտովի կամ երբեւէ երազների մեջ փորձում է գնալ իր պապերի տուն»: Ֆիլմի անվան մասին էլ ասաց. «Սասունը սրտերի մեջ» վերնագիրը հատուկ ենք ընտրել, քանի որ իրականության մեջ չկա հայ Սասունը, առայժմ այն միայն սասունցիների սրտերում է»:
Ճանապարհորդության ժամանակ տեղաբնիկների կողմից հանդիպած դժվարությունների մասին էլ ասաց. «Ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղաբնիկները մոտենում էին մեր հերոսներին եւ հարցնում. ասացեք՝ որտե՞ղ է ձեր հայրերի թաքցրած ոսկին, հանենք, կիսվենք… Նրանք չէին պատկերացնում, թե ինչպես այդ տարիքում տարեց, հիվանդ մարդիկ կարող են կտրել երկար ճանապարհ, գալ-հասնել այդ քարուքարափները՝ հենց այնպես, առանց ոսկու, այսինքն, չէին հասկանում, որ այդ ոսկին հենց այդ հողն է»: Ֆիլմի ռեժիսոր Գագիկ Հարությունյանն էլ ասաց. «Հայրենի երկիր այցելությունը որպես զբոսաշրջիկ շատ տհաճ էր մեր հերոսների համար, հատկապես, երբ չգտան իրենց տունը: Հոգեբանորեն այդ ամենը վերարտադրել բավական դժվար էր: Այդ պատճառով էլ ֆիլմում օգտագործեցինք վավերագրական կադրեր»:
Ինչ վերաբերում է «Յարխուշտա» խաղարկային ֆիլմին, ապա այն պատմում է արցախյան պատերազմում մի ոտքը կորցրած մարդու հետպատերազմյան դժվար կյանքի մասին: «Այս երկու ֆիլմերը թեմատիկ առումով կապված են իրար հետ, երկուսի մեջ էլ կա պատերազմ, արհավիրք»:
«Սասունը սրտերի մեջ» ֆիլմի հերոս Հարություն Պետրոսյանն էլ խոստովանեց. «Յուրաքանչյուր մարդ, ով մահվան շեմին է, մտածում է որեւէ նպատակի, ծրագրի կատարման մասին: Հասկացա, որ կարող է կյանքից հեռանամ՝ իմ վարդագույն երազը՝ Արեւմտյան Հայաստանը չտեսած: Ֆիլմի նկարահանումների շնորհիվ իրականացվեց իմ երազանքը, այժմ կարող եմ հանգիստ լինել…»: