Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ

Մարտ 28,2009 00:00

Ըստ բրիտանական Times-ի՝ գիտնականները պարզել են, որ վերջին 120 տարում Մեծ Բրիտանիայում գրեթե անհետացել են անպարկեշտ նշանակություն ունեցող անգլիական հնագույն ազգանունները։ Գնալով նվազում է այն քաղաքացիների թիվը, որոնք համարձակվում են կրել Cock (թարգմ.՝ առնանդամ), Daft (տխմար, դմբլո), Death (մահ), Smellie (գարշահոտ) ազգանունները։ Շարքը լրացնում են մի քանի բառաբարդումներ, ինչպիսիք են՝ Gotobed-ը (պառկիր քնելու), Shufflebottom-ը (հետույքը քստքստացնող) եւ այլն: Ժամանակակից բրիտանացիների ազգանունները, համեմատելով 1881թ. մարդահամարի ցուցակներում գրանցված ազգանունների հետ, գիտնականները պարզել են, որ Cock-ի կիրառությունը նվազել է 75%-ով: Անվանաբանության մասնագետ Դեւիդ Հեյը վստահեցնում է, որ այսօր կոպիտ հնչող ազգանուններն իրականում որեւէ ստորացուցիչ իմաստ չեն ունեցել: Օրինակ՝ Bottom (հետույք) ազգանունը հաճախ կրում էին ցածրադիր վայրերում բնակվողները, իսկ Daft-ը միջնադարում նշանակել է «հեզաբարո»։

Բրիտանացի գիտնականները նաեւ պարզել են, որ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում ամենաարագ տարածվող ազգանունների շարքում են Չանգ, Վանգ, Յանգ, Հուանգ եւ Լի չինական ազգանունները եւ երկու աֆրիկյան ազգանուն՝ Մոյո եւ Դյուբ։ Սակայն ամենատարածվածը շարունակում են մնալ Սմիթ, Ջոնս, Վիլյամս եւ Բրաուն ազգանունները: Ոչ ստանդարտ ազգանուններ հաճախ են հանդիպում նաեւ Ռուսաստանում: Կան անուն-ազգանուններ, որոնք միայն մեկ անգամ են գրանցվել Մոսկվայում՝ Ռոբինզոն Կրուզո, Իվան Գրոզնի, Դմիտրի Պոժարսկի, Աննա Կարենինա եւ Ալեքսանդր Չացկի։

Ըստ tert.am-ի, ռուսների զավեշտալի անունների շարքը սրանցով չի սահմանափակվում։ Մոսկվայի շրջանի Կորոլեւ քաղաքում Վիագրա անունով աղջիկ է ապրում: Երեխայի ծնողները որոշումը մեկնաբանել են անվան յուրահատկությամբ, «ՎԻԱ Գրա» խմբի նկատմամբ ունեցած սիրով, ինչպես նաեւ նրանով, որ երկար սպասված երեխայի բեղմնավորմանը նպաստել է համանուն շիճուկը։

Աշխարհում ամենաերկար անունն ունի Բրախմատրա ազգանունով մի հնդիկ: Նրա անունը բաղկացած է 1478 տառից, որոնք ներկայացնում են պատմական տեղանուններ, դիվանագետների, աստվածաբանների, գիտնականների եւ այլ հայտնի գործիչների անուններ: Նրա անունը կարդալու համար պահանջվում է տասը րոպեից ոչ պակաս ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել