Լրահոս
Օրվա լրահոսը

Վասն կուսության ու կարմիր խնձորի

Մարտ 28,2009 00:00

Հայերին բնորոշ բարդույթներ

«Երբ ես ցանկանում էի մայրիկիս հետ խոսել սեռական հարաբերությունների մասին, նա միշտ վարպետորեն փոխում էր խոսակցության թեման, ու միշտ բարդույթները արգելք էին հանդիսանում՝ լիովին անկեղծանալու համար: Այդ պատճառով էլ մինչեւ հիմա մորս վախենում եմ հայտնել, որ վաղուց զրկվել եմ կուսությունից: Եթե նա այդ մասին իմանա՝ կամ ընկերոջս կստիպի ամուսնանալ ինձ հետ, կամ ինձ զոռով նրանց տուն կուղարկի»,- ծիծաղելով պատմում է Լինան (հերոսուհու անունը փոխված է):

Լինայի նման «եվրոպական» մտածելակերպ ունեցող աղջիկներին, պարզվում է, հայկական «ավանդապահ» տղաներն այնքան էլ չեն ընդունում. «Եթե ես պարզեմ, որ իմ ընկերուհին մինչ ինձ հետ լինելը սեռական կապ է ունեցել ուրիշի հետ, մի վայրկյան անգամ չեմ շարունակի իմ մտերմությունը»,- անկեղծացավ Ճարտարագիտական համալսարանի ուսանող Դավիթը:

«Իրականում դա զույգերի անձնական խնդիրն է, եթե ես ու ընկերս վաղ թե ուշ ամուսնանալու ենք, ի՞նչ իմաստ ունի ավելորդ ձեւականությունների հետեւից ընկնել ու մարել մեր ցանկությունը»,- այսպես խոսեց մեկ այլ ուսանողուհի:

Հետազոտողները փաստում են, որ չամուսնացած հայ աղջիկների միայն 25%-ն է սեռական առաջին փորձն ունենում դեռահասային տարիքում՝ 14-19 տարեկանում, մինչդեռ տղաների 40%-ը սկսում է իր սեռական կյանքը՝ 13-17 տարեկանում: Տասը տարով մեծ սերնդի համեմատությամբ՝ ներկա սերունդն իր առաջին սեռական փորձը ձեռք է բերում 4 տարի շուտ: «Եթե մի տասնամյակ առաջ էկրանին հազվադեպ էր ամենաանմեղ համբույրը, այսօր էրոտիկ տեսարանները գրեթե համատարած են: Ահա թե ինչու դեռահասները պետք է համապատասխան սեռական դաստիարակություն ստանան, որ այդ հարցի հանդեպ ձեւավորվի ճիշտ ընկալում ու վերաբերմունք»,- ասում է գինեկոլոգ Գեղանուշ Հարությունյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե եղե՞լ են դեպքեր, երբ ծնողները աղջկան բերել են ստուգելու՝ կո՞ւյս է, թե՞ ոչ: Պարզվեց՝ գրանցվել է այդպիսի ընդամենը մի դեպք: Մի քանի երիտասարդների հետ զրուցեցինք նաեւ «կարմիր խնձորի» ավանդույթի մասին: «Դա արդեն հնացած ավանդույթ է: Ինձ համար անընդունելի է ու նույնիսկ մի տեսակ ծիծաղելի երեւույթ»,- կարծում է 23-ամյա Նարինեն: Իսկ 45-ամյա Ռիմա Սահակյանի կարծիքով, պետք չէ դեմ գնալ ազգային ավանդույթներին. «Դա դարերով եկած սովորույթ է, եւ ինչքան էլ ձգտենք եվրոպական վարքուբարքին, միեւնույն է, դա արդեն ազգային կարծրատիպ է դարձել: Դժվար թե երիտասարդները ինչ-որ բան կարողանան փոխել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել