Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՅԱԿԸ ԶԲԱՂՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Մարտ 28,2009 00:00

Ըստ մասնագետի՝ դայակները մեծ դեր ունեն երեխայի ընդհանուր զարգացման ու աշխարհայացքի ընդլայնման գործում:

«Առավոտի» մարտի 21-ի համարում տպագրած «Դայակները հնարել են քնեցնելու նոր մեթոդ» հոդվածում ներկայացված էր մի ծնողի դժգոհությունը դայակից: Այդ հոդվածը իրարանցում է առաջացրել դայակների շրջանում, որոնց կարծիքով՝ «վատ» դայակները բացառություններ են եւ չպետք է բոլորին նույն պիտակավորումը տալ:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնին կից «Դայակ» գործակալության տնօրեն Նելլի Մանուկյանի հետ: Նրա խոսքով՝ ամեն մեկը չէ, որ կարող է դայակ աշխատել. «Դայակը պետք է ունենա համապատասխան հոգեբանական որակներ եւ առանձնահատկություններ: Յուրաքանչյուր ոք, ով դայակի աշխատանք է կատարում, պետք է հատուկ ուսումնասիրություն եւ հոգեբանական թեստավորում անցնի: Համաշխարհային պրակտիկայում, որպես կանոն, ընտրում են մանկավարժական եւ բժշկական կրթությամբ դայակների, բայց բացառություն չեն նաեւ այլ մասնագիտությամբ բանիմաց դայակները»: Ն. Մանուկյանի հավաստմամբ, կարեւորը դայակի ճիշտ ընտրությունն է՝ պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ: Սակայն պրակտիկայում լինում են դեպքեր, երբ նախընտրում են դիմել ծանոթ-բարեկամներին եւ երեխային հանձնում պատահական մեկի «խնամքին»: Հարցին՝ ճի՞շտ է դայակ վարձելը, Ն. Մանուկյանն ասաց. «Դայակ ունենալը ճիշտ կամ սխալ չի կարող լինել: Զբաղված ծնողների համար դա մեծ երջանկություն է, կարելի է ասել՝ շատ հարցերի լուծում»: Իսկ թե ի՞նչ կարող է դայակը տալ երեխային, մեր զրուցակիցը մանրամասնեց. «Իրականում երեխային դայակ անհրաժեշտ է այն պատճառով, որ նա ձեռք բերի այլ մարդկանց հետ շփվելու հմտություններ: Դայակի առկայությունը խթանում է փոքրիկի սոցիալիզացիան, նա ոչ միայն թույլ չի տալիս քմահաճություններ, կամակորություններ, այլեւ երեխային սովորեցնում է ընտելանալ հասարակության վարքի նորմերին: Դայակը յուրօրինակ միջնորդ է հանդիսանում ծնողների, բարեկամների աշխարհի ու նաեւ մյուսների աշխարհի միջեւ: Շատ կարեւոր է նաեւ դայակի գրագետ եւ կիրթ լինելը: Նա կարող է լրացնել երեխայի դաստիարակության գործում ծնողների կողմից թույլ տրված հնարավոր բացթողումները: Այդպիսի դայակը լավ գիտի այս կամ այն իրավիճակներում երեխաների վարքի եւ դրսեւորումների առանձնահատկությունները, հարուստ փորձ ունի եւ այն կարող է տալ երեխային: Դայակը մեծ դեր ունի նաեւ երեխայի ընդհանուր զարգացման ու աշխարհայացքի ընդլայնման գործում»: Դայակների՝ մայրերին չփոխարինելու մտավախության մասին էլ Ն. Մանուկյանն ընդգծեց. «Բնականաբար, յուրաքանչյուր մոր մեջ այդ վախը կա, բայց դայակը երեխային պետք է բացատրի, որ ինքը մայրիկին փոխարինող չի, այլ՝ մայրիկի օգնականը: Իսկ մայրական քնքշանքի բացը պետք է լրացնել ամեն առավոտ երեխային քնից արթնացնելով եւ երեկոյան քնեցնելով: Այս երկու կարեւորագույն գործողությունները մայրերը պետք է անեն՝ երեխային համբուրելով ու ջերմություն տալով: Այս դեպքում բացառվում է, որ երեխան դայակի մեջ մայր փնտրի, այս կերպ նա դայակից հետո անպայման կսպասի իր քնելուն եւ առավոտյան արթնանալուն, այսինքն՝ մոր հետ շփվելուն՝ նրանից սեր ու քնքշանք ստանալու ակնկալիքով»:

Դայակների երիտասարդ եւ տարեց լինելու մասին էլ Ն. Մանուկյանը նշեց. «Կան ծնողներ, որ պահանջում են երիտասարդ դայակներ: Դա էլ ունի իր առավելությունները: Օրինակ՝ երիտասարդն ավելի շարժուն է, էնտուզիազմով լի: Համաշխարհային պրակտիկայում գոյություն ունի այն կարծիքը, որ երիտասարդի հետ երեխան ավելի արագ է զարգանում: Շատ կարեւոր է նաեւ դայակից ծնողի պահանջը: Օրինակ, կան ծնողներ, որ դայակից պահանջում են ընդամենը երեխային դպրոցից տուն բերել եւ օգնել դասերը պատրաստել: Կան նաեւ ծնողներ, որոնք իրենց երեխային ամբողջությամբ հանձնում են դայակին»: Հարցրինք նաեւ երիտասարդ եւ տարեց դայակների՝ երեխային դաստիարակելու փորձի եւ արդյունավետության մասին. «Այստեղ խնդիրը ծնողի մեջ է. նայած թե ծնողն ինչ մոտեցում ունի: Տարեց դայակն էլ իր առավելությունն ունի, քանի որ նա կյանքի փորձ ունի, վստահելի է: Եվ մեր պրակտիկայում ավելի շատ պահանջված են 50-ն անց դայակաները, որոնք ունեն երեխաներ, թոռներ, կյանքի փորձ եւ, որպես կանոն, այդ տարիքի դայակները շատ ավելի համբերատար են»:

Ինչ վերաբերում է երեխաների հանդեպ դայակների ցուցաբերած կոպիտ վերաբերմունքին, մեր զրուցակիցն ասաց, որ դայակի ճիշտ ընտրության դեպքում բացառվում է այդպիսի վերաբերմունքը: Երեխաների հետ պետք է անընդհատ զբաղվել՝ հեքիաթներ պատմել, խաղալ, մտավոր, հոգեբանական խնդիրներ լուծել: Հոգեբանները խորհուրդ են տալիս երեխայի հետ շատ զրուցել, խրախուսել նրան, պատմել այն, ինչ կատարվում է իր հետ, ինչի մասին է երազում… Դայակը պետք է անընդհատ շփվի երեխայի հետ: Երեխան դայակից պետք է լսի ոչ միայն հեքիաթներ, հետաքրքիր պատմվածքներ, այլ նաեւ նրա հարուստ խոսքը, որն էլ կարող է հանդիսանալ երեխայի խոսքի ձեւավորման կարեւորագույն օղակներից մեկը: Վառ օրինակ է Ա. Ս. Պուշկինի դայակը: Ո՞վ գիտի՝ արդյոք հռչակավոր պոետը կլինե՞ր այդքան հանճարեղ, եթե քնից առաջ նրա դայակը չպատմեր այդ հիասքանչ հեքիաթներն ու պատմությունները: Եվ, արդյոք, նրա՞ն չէ, որ մենք պետք է շնորհակալ լինենք պոետի հիանալի ստեղծագործությունների եւ հարուստ լեզվի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել