Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՆ Է

Մարտ 28,2009 00:00

\"\"Երեկ կայացած մամուլի ասուլիսն այս խնդրից սկսեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը:

 

\"\"Այսօր Աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի եւ Էստոնիայի ազգային հավաքականներն ուժերն են չափելու Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում:

Այս երկու հավաքականները մինչեւ այժմ անցկացրած չորս պաշտոնական հանդիպումներից հետո եզրափակում են 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Սակայն տարբերությամբ, որ էստոնացիները սեփական հարկի տակ Թուրքիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո իրենց հաշվարկում գրանցել են մեկ միավոր, իսկ մերոնք առայժմ միայն պարտություններ են կրել: Այս առումով հարեւան ընտրանիների այս դիմակայությունը, որը շարունակվելու է նաեւ ապրիլի 1-ին՝ Տալլինում, խոստանում է հետաքրքիր ու անզիջում լինել:

Երեկ Հայաստանի եւ հյուրընկալվող հավաքականների գլխավոր մարզիչները, ընդունված կարգի համաձայն, հանդիպեցին լրագրողների հետ:

Յան Պոուլսենը վերջին մարզումից հետո «Հանրապետական» ստադիոնի ասուլիսների սրահում լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց. «Եթե հանդիպման ժամանակ թիմը սեփական դարպասը 3-4 գնդակ է ընդունում, հաղթելը շատ դժվար է, քանի որ այդ դեպքում պետք է խփել հինգ պատասխան գնդակ: Այս խաղում ինձ համար շատ կարեւոր է թիկունքն ամուր պահելը եւ գոլ բաց չթողնելը: Բայց խոսքը միայն չորս պաշտպանների մասին չէ: Մենք պետք է թիմով պաշտպանվենք՝ նվազագույնի հասցնելով սխալները: Ճիշտ է, կարող եք ասել, որ մենք գոլ էլ չենք խփում, բայց պետք է փորձենք, թեեւ, իհարկե, դժվար խաղ է լինելու: Համոզված եմ, որ մեր ֆուտբոլիստները վաղը կանեն ամեն ինչ՝ ֆուտբոլասերներին հաղթանակ պարգեւելու համար: Էստոնիան թույլ թիմ չէ: Նրանք ունեն 5-6 խաղացողներ, որոնք հանդես են գալիս արտասահմանյան լավագույն ակումբներում: Բայց համոզված եմ, որ մենք կհաղթենք, ինչի համար կաշխատենք ջանասիրաբար: Մենք էլ ձեզ պես հիասթափված ենք պարտություններից, ու հաճելի չէ խաղադաշտ մտնելն ու չորս գոլ բաց թողնելը: Մենք նույնպես հաղթանակ ենք ուզում ու դրա համար պայքարելու ենք:

Էստոնիան ֆիզիկապես ուժեղ թիմ է, ունի բարձրահասակ ֆուտբոլիստներ, որոնք դաշտում լավ են աշխատում եւ մրցակիցների համար որոշակի վտանգ են ներկայացնում: Բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարծում, որ Էստոնիան ստեղծագործող թիմ է: Եվ մենք պետք է փորձենք նաեւ դրանից օգտվել: Վաղը ֆիզիկական լուրջ պարքար է ընթանալու: Ես նախընտրում եմ եզրային գրոհները, որոնց հաճախակի մասնակցում են նաեւ եզրային պաշտպանները: Հուսով եմ, որ մեր այդ օղակների ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս արտերկրների թիմերում, ֆիզիկապես պատրաստ կլինեն: Ցավոք, մի քանի օրվա ընթացքում նրանց ֆիզիկականին ավելի լավ ծանոթանալուն ժամանակը չի ներում: Այդ պատճառով էլ հիմնական ուշադրությունը նվիրում ենք տակտիկական խնդիրների լուծմանը»:

«Անի Պլազա» հուրանոցում հրավիրված ասուլիսում Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Րյուտլին ասաց. «Այս հանդիպումը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել, անչափ շատ են լրագրողները: Եվ դա արդեն դրական ու լավ է: Վաղը մեզ համար շատ դժվար է լինելու: Մի քանի անգամ ասել եմ, որ մեր ենթախմբում ընդգրկված հավաքականները մակարդակներով տարբեր են եւ տարբեր խնդիրներ ունեն լուծելու: Եթե խմբից դուրս գալու համար սկզբունքային պայքար են մղում Իսպանիան, Թուրքիան, Բոսնիան, ինչ-որ տեղ նաեւ Բելգիան, մեր եւ Հայաստանի ծրագրերն այլ են: Հայաստանը, հավանաբար, այստեղ է ցանկանում մեզանից միավորներ կորզել, մենք էլ մեր հերթին հուսով ենք, որ չենք զիջի: Այս առումով խաղը հետաքրքիր է լինելու: Մենք դիտել ենք Բելգիայի, Թուրքիայի, Բոսնիայի հետ ձեր խաղերի տեսագրությունները, որոնցում ձեր հավաքականին չհաջողվեց միավոր վաստակել: Բայց համոզված ենք, որ դուք մտադիր չեք առանց միավորի մնալ: Տեսաերիզներից մեզ համար օգտակար ինչ հնարավոր էր՝ քաղել ենք: Ձեր հավաքականում կան բարձր տեխնիկա ունեցող, արագաշարժ, ես կասեի՝ վառ խաղացողներ: Իսկ մերը թիմային խաղն է եւ ընտրվող տակտիկան: Այսուամենայնիվ, կարծում եմ, որ երկուսիս հնարավորություններն առայժմ հավասար են: Մենք Հայաստան ժամանել ենք օպտիմալ կազմով: Առանցքային մեկ հարձակվող է բացակայում, որը վնասվածքից հետո դեռ լիովին չի ապաքինվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել