Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսության մեկնակե՞տ

Մարտ 28,2009 00:00

\"\"Ընթերցողի արձագանքը՝ «Առավոտի» մարտի 26-ի խմբագրականին

Պարոն Աբրահամյան, երեւի ինքներդ մի քանի հարյուր անգամ ասած կլինեք, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Եկեք դրանով չզբաղվենք նաեւ այսօր եւ մանավանդ «Ժառանգության» պահով: Ձեր այն միտքը, թե «Ժառանգության» ձայների մի զգալի մասը գնալու է ՀԱԿ-ին, ուղղակի անհեթեթություն է: Որպեսզի համոզվեք դրանում, հիշեք, թե ինչպես ձեւավորվեց «Ժառանգությունն» ու ինչպես մտավ խորհրդարան: Բացի այդ, երբեք չի կարելի մոռանալ Լեւոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան մեկ տասնյակ տարուց ավելի ձգվող հակասությունը, որ ժամանակին ձեւավորվել էր վերջինիս արտգործնախարար եղած ժամանակ: Ինձ թվում է, որ «Ժառանգության» արմատներն այլ ուղղությամբ են զարգանում: Դրա վառ ապացույցն էր ՀԱԿ-ի կողմից նրանց ցուցակի մերժումն ու ընդդիմադիր դաշտում միայնակ մնալը, որ մեծապես պայմանավորված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի միանձնյա որոշումով: Եթե ՀԱԿ-ը ընդուներ միասնական ցուցակի «Ժառանգության» առաջարկը, կարելի կլիներ միանշանակ պնդել, որ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կմեկտեղվեն եւ միանգամայն ռեալ կլիներ 51 տոկոսի ակնկալիքը: Դա տեղի չունեցավ: Դեռ ավելին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կարճ ժամանակահատված… մամուլը քսի տվեց «Ժառանգության» վրա եւ սպառնաց Արթուր Բաղդասարյանի ճակատագրով: Այսքանից հետո մտածել, որ «Ժառանգության» ընտրազանգվածը (կամ նրա մի մասը) ձայն կտա ՀԱԿ-ին, այնքան էլ ճիշտ չէ, թեկուզ եւ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չմասնակցելով ընտրություններին, փորձելու է սատարել արտախորհրդարանական ընդդիմությանը:

Թույլ տվեք մի երկու նկատառում հայտնել նաեւ ապագա քաղաքապետի մասին: Նոր քաղաքապետը, իմ կարծիքով, միանգամից չի ընտրվի: Եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքում ընդդիմությունը կարողանա նույնիսկ 49 տոկոս ձայն հավաքել, ինչը ֆանտաստիկայի ոլորտից է, ապա պարզ կդառնա, որ 51 տոկոս հավաքած կոալիցիան, ինչը միանգամայն ռեալ է, իր շարքերից, փոխհամաձայնության կարգով, կընտրի քաղաքապետին: Այդ ընտրությունը բոլոր դեպքերում կանգ է առնելու կոալիցիայի չորս ցուցակներից մեկում ընդգրկված ամենաներկայանալի գործչի վրա, եւ այսօր ասել, թե Դաշնակցությունը կամ մեկ այլ քաղաքական ուժ ստիպված է լինելու պաշտպանել հենց Գագիկ Բեգլարյանին, չի կարելի: Մայրաքաղաքի ավագանու այս ընտրությունները էապես կտարբերվեն նախորդ ընտրություններից եւ, գուցե դա իմ ցանկությունն է, կդառնան այն մեկնակետը, որտեղից սկիզբ կառնի իշխանություն-ընդդիմություն այնքան սպասված երկխոսությունը: Այս ֆոնի վրա էլ, եկեք համաձայնենք, որ Գագիկ Բեգլարյանը չի դիտվում: Ուրեմն՝ կոալիցիան առավել ընդունելի մեկին ընտրելու խնդիր ունի: Ահա ես էլ, պարոն Աբրահամյան, ընկա ձեր ջրերն ու կանխատեսումներ արեցի: Ամեն դեպքում՝ անշնորհակալ գործ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել