Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՅՆՔԱՑՈՒՄԸ»՝ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Մարտ 28,2009 00:00

\"\"Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքի առիթով

Հայաստանում հայ ժողովրդի պատմության մասին պատմող գրքերի հանդեպ մեծ հետաքրքրություն չկա: Համենայնդեպս, այնպիսին, ինչպիսին կար 20 տարի առաջ, հատկապես ազատագրական շարժման ժամանակ: Հասկանալի է, որ մարդը, ոչ մասնագետը, պատմագիտական երկը իր ձեռքն է վերցնում վերապրելու այն հավաքականության ճակատագիրը, որի մի մասնիկն է ինքը: Տրոհված հավաքականությունները պատմագրության նկատմամբ հետաքրքրություն չունեն:

Հ. Դավթյանի գիրքը ներշնչված է հայ մարդու ինտելեկտուալ արժանապատվությունը հարգելու կրքոտ մղումով: Կարծում եմ՝ նրա առաջին ցանկությունը եղել է, որ մենք հարցեր տանք ինքներս մեզ, ընդունակ լինենք նոր հարցերի վրա ուշադրություն դարձնելու, խուսափենք կասկածելի կարծրատիպերից, որոնք սպանում են ամեն մի, այդ թվում՝ քաղաքական ստեղծագործական միտքը: Հեղինակը կարծում է, որ «համայնքացումը», որը Լուսավորչական եկեղեցու կղերի քաղաքականություն է դարձել ինչպես Ավարայրից հետո, այնպես էլ այսօր՝ պետականության հիմքերը խարխլող գաղափարախոսությունը: Պետություն ստեղծում է հասարակությունը, համայնքը բավարարվում է եկեղեցիով: Առաջինը հասարակական միասնության արտահայտություն է, երկրորդը՝ համայնքային: 19-րդ դարում ստեղծված եւ խորհրդային ժամանակաշրջանում զարգացած առասպելները սպասարկում էին այդ ժամանակաշրջանի քաղաքական պահանջները: Այսօր այդ առասպելները, որոնք հրամցվում են դպրոցական դասագրքերի էջերում որպես «հայ ժողովրդի պատմություն», հակացուցված են մեր պետության արդի մարտահրավերներին:

Հեղինակի պաթոսը միտված է ընդդիմանալ «համայնքացման» միտումներին, որը նշանակում է անտարբեր լինել «պետական»՝ հասարակական արժեքների հանդեպ, հանդուրժող լինել քաղաքական եւ մտավոր ենթարկվածությանը: Միջնադարյան Հայաստանում դա նշանակում էր հանդուրժող լինել հայոց վրա Էջմիածնի կաթողիկոսի աստվածապետական տիրապետությունը ընդունող իշխանությունների հանդեպ: Չեմ կարծում, որ խնդիրը քրիստոնեական ուսմունքի առանձնահատկությունների մեջ է: Վաղ միջնադարում բյուզանդական գաղափարախոսությունը կեսարոպապիզմն էր, կեսարի հավատի պարտադիր լինելը հպատակների համար, այսինքն՝ այնտեղ քրիստոնեությունը առաջին հերթին նշանակում էր պետական մտածողություն: Ընդհակառակը. սասանյան, իսկ ապա իսլամական տիրակալները լավ ըմբռնում էին, որ Էջմիածնի կղերի գաղափարախոսությունը պետական չէ, վտանգավոր չէ իրենց համար, եւ դարեր շարունակ աջակցել ու հովանավորել են եկեղեցուն:

Ավելացնենք նաեւ, որ այդ գաղափարախոսությունը ծնել է համայնքային նեղմտություն, հրահրել է անհանդուրժողականության մթնոլորտ հայ ժողովրդի երկու կարեւոր հատվածների միջեւ, սկզբում քաղկեդոնականների եւ հակաքաղկեդոնականների, եւ ապա՝ լատինամետների եւ իսլամամետների միջեւ, այժմ՝ ռուսամետների եւ եվրոպամետների: «Համայնքային» արժեքներ դավանող հայը հանգիստ խղճով կարող էր արտագաղթել. նրա պարտականությունը համայնքի ուժերով եկեղեցի շինելն էր եւ կղերին նվիրատվություն տալը, դրանով երաշխավորելով իր հոգու փրկությունը: Այսօր պատկերը նույնն է՝ միայն «հոգեւորը» դարձել է «նյութական փրկություն»: Կարծում եմ, որ մեր երկրում այդ համայնքային մտածողության պատճառով քչերն են ձգտում, որ հայաստանյան իշխանությունները համապատասխանեն քաղաքական ամենաբարձր ստանդարտներին: Օտար տիրապետության նկատմամբ դարավոր հանդուրժողականությունը հանգեցրել է նրան, որ մենք այսօր բավարար չափով պահանջկոտ չենք իշխանությունների նկատմամբ:

Փոքր ժողովուրդների մոտ ինքնության կառուցումը մի կարեւոր մասով կապված է պատմության հետ: Նշանակալի է հեղինակի մոտեցումը իշխող պատմական մտայնություններին: Իր մի հարցազրույցում նա ասում է. «…եկեղեցական մատենագրությունից հետո, որը պարզապես հայ ժողովրդի վարքագրությունն էր, երկրորդ կեղծարարները հենց սովետական պատմաբանները եղան: Նրանք էին, որ, դիրեկտիվներով առաջնորդվելով, մենագրություններ գրեցին կեղեքիչների դեմ հայ ժողովրդի մղած դարավոր մաքառումի, ազգային ազատագրական պայքարի ու ռուս մեծ ժողովրդի բարեկամության շնորհիվ վերածնվելու թեմաներով: Արդյունքն այն եղավ, որ այսօր հայ ժողովրդի պատմությունը հիմնականում ափսոսանք եւ խղճահարություն է հարուցում: …Մեր պաշտոնական, այսպես կոչված՝ ակադեմիական պատմագիտությունը ընդհանուր առմամբ շարունակվում է առաջնորդվել կարծրատիպերով, հաճախ հարազատ մնալով վաղուց հնացած, ավելին, ակնհայտորեն հակահայկական ու հակագիտական թեզերին»: Ըստ էության, սխեման անփոփոխ է՝ «փրկության» կրոնական վարքագրությունը փոխարինվել է «ազատագրության» սովետական վարքագրությամբ: Պատմության նկատմամբ մոտեցումների փոփոխությունը նշանակում է ինքնության վերակառուցում, այսինքն՝ համայնքի վերածումը քաղաքացիական հասարակության, կղերական մտայնության փոխարինումը քաղաքացիական եւ պետական մտածողությամբ: Այսօր մենք տեսնում ենք հակառակ միտումը՝ կղերականացնել մեր ինքնությունը ի հակակշիռ պետական մտածողությանը:

Խնդիրը, որ բարձրացնում է Համլետ Դավթյանը՝ առավել քան կարեւոր է: Եվ եկեղեցական գաղափարաբանությունը, եւ այդ մոտեցմանը հավատարիմ խորհրդային պատմագրությունը կախյալ՝ գաղութացված մտածողության տարատեսակներ են: Հ. Դավթյանի ջանքը ուղղված է հաղթահարելու գաղութացված՝ ենթարկված մտածողությունը, բացահայտելու այդ գաղափարախոսության՝ «հիշողության քաղաքականության» մեխանիզմները:

Մեզ պետք է իմանալ մեր պատմությունը: Ճշմարիտ, անողոք, որը չի քծնում, այլ իրատեսորեն մատնանշում է մեր հնարավորությունները, առավելությունները եւ թերությունները: Այսօր ընդունվող վճիռները անցյալի օրգանական շարունակություններն են:

Հ. Գ. Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գիրքը անցյալ տարի, ըստ «Գրքերի աշխարհի» հրապարակած տվյալների, դարձավ ազգային բեստսելերը «նոն-ֆիկշն»՝ իրապատում ժանրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել