Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՆԱՏՕ-Ի ԽՆԴԻՐՆ Է

Մարտ 28,2009 00:00

Ապրիլի 1-ին Լոնդոնում կայանալիք Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումից առաջ գլխավոր թեման է դարձել ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնումը դեպի արեւելք: Ռուսաստանյան ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հիշեցրել է այդ խնդրում իր երկրի դիրքորոշման մասին:

«Այստեղ, հավանաբար, պետք է հաշվի առնել կոնկրետ իրավիճակը: Եթե խոսք է գնում ՆԱՏՕ-ին մի երկրի անդամակցության մասին, որտեղ բնակչության մեծամասնությունը դեմ է այդ անդամակցությանը, ապա նման մոտեցումը, կարծում եմ, չէր համապատասխանի ժողովրդավարական նորմերին»,- նշեց Լավրովը՝ նկատի ունենալով Ուկրաինան: Նախարարի խոսքերով. «Նույնը վերաբերում է այն իրավիճակին, երբ որեւէ երկիր կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, նախ եւ առաջ ազգային փոքրամասնությունների իրավունքները եւ նրանց նկատմամբ ուժի չկիրառման սկզբունքը»: Այս դիտողությունը, ինչպես գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, վերաբերում է Վրաստանին: «Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք տարածման խնդիրների արհեստական լուծումը նպաստելու է համաեվրոպական անվտանգության ամրապնդմանը»,- ամփոփել է Սերգեյ Լավրովը՝ զրուցելով Բրիտանական «Ֆայնենշնլ Թայմս» թերթի թղթակցի հետ: Մոսկվայի նման դիրքորոշումը, հավանաբար, պատասխան էր Բարաք Օբամայի վերջին հայտարարություններին: ԱՄՆ նախագահը, հանդիպելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, հաստատել է, որ պատրաստ է վերալիցքավորել իր երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն, ըստ ԱՄՆ նախագահի, դա տեղի չի ունենա ատլանտյան համերաշխության հաշվին: «Այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կկարողանան դա անել, Ամերիկան դրանում հստակ համոզված է»,- հայտարարել է Բարաք Օբաման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել