Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչումների դարն անցել է

Մարտ 28,2009 00:00

\"\"ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը չի կարեւորում պաշտոնն ու կոչումը, այլ միայն՝ ստեղծագործելու հնարավորությունը:

«Այո, այսօր պետական թատրոնների գեղարվեստական ղեկավարներից Լիլին ամենաերիտասարդն է: Լիլին, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, այսօր հայ թատրոնի ամենատաղանդավոր երիտասարդներից է: Եվ ես համոզված եմ, որ նրա ծնողները թույլ չեն տա նրան որեւէ սխալ բան անել: Թողեք թող մարդը հանգիստ աշխատի: Ի վերջո, մի փոքրիկ թատրոն է, մեծ կոլեկտիվ չէ, որ մտահոգվենք, թե չի կարող կազմակերպել»,- այսպես մեկնաբանեց Խամաճիկների թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Լիլի Էլբակյանի նշանակումը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա չհերքեց լրագրողի ենթադրությունը, որ, ազատվելով Խամաճիկների թատրոնի ղեկավարի պաշտոնից, Արմեն Էլբակյանը, հնարավոր է, դառնա Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար: «Բայց ինչո՞ւ ոչ: Միայն երկու մարդ կա, որ կարող է դառնալ Մայր թատրոնի ղեկավար՝ Արմեն Էլբակյանն ու Նիկոլայ Ծատուրյանը: Ուրիշ մարդ չկա: Ուրիշ ով էլ կարող էր՝ հրաժարվել է»,- ասաց ԹԳՄ նախագահը: Նա նույնպես կարծում է, որ անհնար ու անիմաստ է թատրոնն առանց գեղարվեստական ղեկավարի թողնելը եւ հուսով է, որ մինչեւ հունիս կլուծվի այդ հարցն, ու Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը կրկին կունենա գեղարվեստական ղեկավար:

Հ. Ղազանչյանը կտրականապես դեմ է նաեւ կոչումներին: «Դա աբսուրդ է: Ոչ մի կարգին երկրում չկա նման բան: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ վերականգնեցին կոչումները: Նրանք, ովքեր ամեն ինչ արեցին այդ կոչումները վերականգնելու համար, հիմա գլխներին են տալիս. չգիտեն՝ կոչում չստացողներին ոնց բացատրեն, թե՝ վայ, գիտես, այս անգամ չստացվեց, թող մնա մյուս անգամ… Երբեմն գովազդներն ես նայում, աբսուրդային վիճակ է, հայտարարում են. դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էսինչ էնինչյան, Հայաստան, մենակատար՝ էսինչ էնինչ, Ավստրիա… Կարո՞ղ է՝ այդ ավստրիացին ավելի պակաս վաստակ ունի»,- ասում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, ով, սակայն, պնդում է, որ որեւէ ազդագրում, որեւէ բուկլետում չի նշում իր կոչումը, որովհետեւ՝ «կոստյո՞ւմն է, որ իրեն պետք է գեղեցկացնի»:

Ի դեպ, Վահե Շահվերդյանին էլ է ինքը միշտ խորհուրդ տալիս սրտին մոտ չընդունել Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար չլինելու փաստը: «Ես իրեն միշտ ասել եմ՝ դու մնում ես Վահե Շահվերդյան, անկախ նրանից՝ ինչ-որ պաշտոն ունե՞ս, թե՝ չէ: Նույնն էլ՝ ես: Եթե չլինեմ ԹԳՄ նախագահ, կարո՞ղ է բեմադրություններ չանեմ, փառատոներ չկազմակերպեմ, իհարկե՝ ոչ»,- ասաց Հ. Ղազանչյանը: Նա պնդում էր, որ տեղյակ չէ, թե ովքեր են լինելու երեկոյան կայանալիք «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները, եւ համենայնդեպս, նշեց, որ ինքը չունի «Արտավազդ», փոխարենը՝ հայրն ու դուստրը ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել