Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ «ինքնազբաղվածը» մարմնավաճառ է

Մարտ 28,2009 00:00

Սպասարկում՝ առանց «շահող» ՀԴՄ կտրոնների

Երբ հայրենի իշխանությունը որոշեց բոլոր տնտեսվարողներին բերել հարկային դաշտ, պարտադիր դարձնելով «շահող» ՀԴՄ կտրոնների կիրառումը, մտածեցի, որ տոնավաճառի առեւտրականների օրինակով հարկեր կվճարեն նաեւ, ասենք, Բագրատունյաց փողոցի՝ Ծերեթելիի խաչմերուկում, Սահմանադրական դատարանի եւ Երեւանյան լճի մերձակայքում ծառայություններ մատուցող մարմնավաճառները: Առեւտրական ծանոթներիցս մեկն ամեն անգամ հարկերի մասին հիշելիս զայրացած ասում է. «Թող էդ մարմնավաճառներին էլ մտցնեն հարկային դաշտ: Դրանք, վնասից բացի, օգուտ չեն տալիս, գոնե հարկ կմուծեն. մեզ նման ոչ ճամփա են կտրում, ոչ փող են ծախսում՝ ապրանք ներմուծելու համար, ոչ էլ չարչարվում են: Իրանց ապրանքն իրանց վրա ա. կուզեն՝ մի անգամ կծախեն, կուզեն՝ տասը: Տեղի փող չեն տալիս: Լավ էլ փող ունեն: Հայտնիներից՝ «Դըբռ Անոն» եռահարկ առանձնատուն կառուցեց՝ միայն այդ գործով զբաղվելուց հետո»: Ասուլիսներից մեկի ժամանակ «Առավոտը» հարկային ծառայության պետի նախկին տեղակալից հետաքրքրվեց՝ փողոցում սեքս-ծառայության գծով մասնագիտացված «տոնավաճառները» հարկվելո՞ւ են, թե՞ ոչ: «Եթե տարածքների կազմակերպիչներին գտնենք՝ կհարկենք»,- կատակով պատասխանեց հարկայինի ներկայացուցիչը՝ «կազմակերպիչ» ասվածի տակ հավանաբար նկատի ունենալով «մամա-պապա-ռոզաներին» եւ նրանց հովանավորյալներին: Այսինքն՝ մարմնավաճառները, մյուս հարկատուների համեմատությամբ, հայտնվեցին արտոնյալ վիճակում: Համենայնդեպս, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախորդները սպասարկվում են առանց ՀԴՄ կտրոնների:

Պատահականություն էր, թե զուգադիպություն՝ կասկածելի վարքագծով մի հարեւանուհի հաստատվեց մեր շենքում, ով թեեւ ամուսնալուծված էր, բայց նրա տանը տղամարդկանց պակաս չէր զգացվում. գալիս էին հերթափոխով, գիշեր թե ցերեկ, գալիս էին «վարպետ-շինարարի» կերպարով, բայց դա սկսեց լրջորեն անհանգստացել շենքի չարքաշ կյանքով ապրող բնակիչներին: Պատկից հարեւանները ստիպված էին լինում լսել կասկածաբարո տիկնոջ խիստ ինտիմ խոսակցությունները, մի քիչ ավելի ուշադիր, զգուշավոր լինել՝ երեխաներին, հատկապես աղջիկներին բակ թողնելիս, նրա՝ աստիճաններով իջնելիս եւ, ընդհանրապես, նրա հետ շփվելիս: Այդ ընթացքում շրջանառության մեջ դրվեց ինքնազբաղվածներին՝ տանը ծառայություն մատուցող անհատներին հարկային դաշտ բերելու մասին օրենքը: Դա առաջին պահին ուրախացրեց շենքի բնակիչներին: Նրանց կարծիքով, կասկածելի տիկինը եւս պետք է ստանար «ինքնազբաղվածի» կարգավիճակ եւ հարկ վճարեր, բայց երբ մի քիչ խորը մտածեցին, հասկացան, որ իրենց՝ համոզմունքի հասնող կասկածն այնքան էլ հեշտ չէ ապացուցել, որպեսզի հնարավոր լինի տիկնոջը վտարել շենքից կամ գոնե «ճնշած պահել»՝ կասկածելի տղամարդկանց հոսքը շենք դադարեցնելու համար: Երկու խոչընդոտ, համենայնդեպս, առկա է. ոստիկաններն այնքան էլ շահագրգռված չեն նմանատիպ որջերը վերացնելու մեջ (փողոցային ծաղկող սեքս-բիզնեսը դրա վառ ապացույցն է), երկրորդ՝ տվյալ դեպքում այդ կնոջ կողմից սեքսուալ վճարովի ծառայություններ մատուցելու հանգամանքը դժվար ապացուցելի է. այն կարող է քողարկվել «անձնական կյանք», «մասնավոր կյանք» կոչվածի ներքո, իսկ դու իրավունք չունես քիթդ ուրիշի անձնական կյանքի մեջ խոթել: Ու շենքի բնակիչներն առայժմ այդպես էլ հարմարված ապրում են քողարկված «ինքնազբաղվածի» կողքին, որովհետեւ ի վիճակի չեն ապացուցել՝ որտեղ է ավարտվում նրա անձնական կյանքը եւ սկսվում սեքս-բիզնեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել