Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻԿ ՎԵՃԻ ՄԵՋ

Մարտ 28,2009 00:00

Քաղաքապետի տեղակալի որդին աճուրդով գնել է եկեղեցու հողը

\"\"
Շիրակի թեմի առաջնորդարանը ցնցված է:

Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ (անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին), ինչպես հիշում եք, նույն առվով չգնացին հնարավոր քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի եւ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ջրերը: Բանավոր «փոխհրաձգություններն» ավարտվեցին հոգեւորականի խոհեմությամբ՝ քաղաքապետի հետ չառնչվել, գլուխ չդնել նրա հետ: Սակայն դա երկար չտեւեց:

Վերջերս Շիրակի թեմի առաջնորդն ահազանգել է Շիրակի մարզի դատախազություն: Իսկ ահազանգն իսկապես կարող է աշխարհիկ նոր վեճերի առիթ դառնալ: Թեմի առաջնորդը հայտնել է, որ եկեղեցու սեփականություն հանդիսացող հողատարածքը Գյումրու քաղաքապետարանի կողմից վաճառվել է։

Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ՝ ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, եւ մարտի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ինչպե՞ս է դա տեղի ունեցել կամ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ:

«Առավոտի» տեղեկություններով, Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հենրիկ Գասպարյանը, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով, «ծառայության շահերին հակառակ», 2008 թ. մայիսի 26-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող Գյումրու Օզանյան փողոցի 1-ին հասցեի 0,81 հա հողամասից 116 քմ-ն, առանձնացնելով որպես համայնքապատկան հողամաս, ներկայացրել է աճուրդի: Աճուրդի արդյունքում հողամասը գնել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Գեւորգի Մանուկյանի որդին՝ Գեւորգ Գագիկի Մանուկյանը: Վերջինս գնած հողամասի՝ սրբատեղիի պետական գրանցման նպատակով՝ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու ստորաբաժանում: Կադաստրի հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Ալբերտ Ստեփանի Գրիգորյանը, անձնական շահագրգռությունից ելնելով, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողամասը չափագրելուց հետո տվել է դրական եզրակացություն: Դրա հիման վրա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հողամասը անցյալ տարվա հուլիսի 8-ին պետականորեն գրանցվել է Գեւորգ Մանուկյանի անվամբ:

Ըստ քրգործի, փաստացի Հենրիկ Գասպարյանի եւ Ալբերտ Գրիգորյանի կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետեւանքով էական վնաս է պատճառվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի իրավունքներին եւ օրինական շահերին: Սակայն պարզ է, որ քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հենրիկ Գասպարյանը սեփական նախաձեռնությամբ չէր կարող աճուրդի հանել եկեղեցուն պատկանող հողը: Ակնհայտ է, որ իրեն թունդ հավատացյալ համարող քաղաքապետը եղել է իրազեկված, մասնակցել է այս ամենին: Գնորդի ընտրությունն էլ չի կարելի համարել պատահական։ Քննությունը շարունակվում է: Իրավաբանական ձեւակերպումը՝ «էական վնաս է հասցվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի իրավունքներին», թերեւս, այս դեպքում քիչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել