Երեկ նախագահի նստավայրի մոտից մեկնարկեց SOS-Սեւան ակցիան: Հ/կ-ների մի խումբ ներկայացուցիչներ, բնապահպաններ, ի պաշտպանություն Սեւանի, բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ «Geopromining» ընկերության, որը նախատեսում է առաջիկայում Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել: Բնապահպանների խոսքերով՝ «դիմում ենք պետական կառույցներին՝ վերանայելու ընկերության հետ կնքած պայմանագրերը եւ անվավեր ճանաչելու տրամադրած արտոնագրերը»: Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ փաստաթուղթը, որի հիման վրա կառուցվելու է ձեռնարկությունը, չի արտացոլում անվերահսկելի մի շարք վտանգներ՝ 100 միլիոն տոննա թունավոր թափոն, հարյուրավոր հեկտար մեռյալ տարածքներ, ցիանային գերեզմանոց, որոնք պարունակում են ցիանային միացություններ, մկնդեղ, անտիմոն, պիրիտ եւ այլն: Թունավոր այս տարրերը կթափանցեն գրունտային ջրերի մեջ, որոնք թափվում են Սեւանի ջրահավաք ավազան. «Մենք կապույտ Սեւան ենք ուզում, ոչ թե ցիան»: