Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ «ՈՍԿՈՐԻՆ» Է ՀԱՍԵԼ

Մարտ 28,2009 00:00

Տոնավաճառի առեւտրականներն այլեւս չեն կարողանում «հաղթահարել» իրենց տաղավարների համար սահմանված բարձր վարձավճարները:

\"\"
Սուրմալուի առեւտրականները գործադուլ են արել:

Այս օրերին մայրաքաղաքի մի շարք տոնավաճառներում բողոքի ալիք է բարձրացել: Տոնավաճառների աշխատակիցները մեկը մյուսի հետեւից բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ իրենց խիստ դժգոհությունը հայտնելով տաղավարների համար գանձվող չափազանց բարձր վարձավճարներից: Երեկ էլ «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցներն էին գործադուլ անում՝ տոնավաճառի տնօրինությունից պահանջելով իջեցնել տաղավարների վարձերը: Տոնավաճառի մուտքի մոտ առավոտյան հավաքված առեւտրականների մեծ մասը հրաժարվում էր բացել տաղավարները, մինչեւ տնօրինությունը չպատասխանի իրենց հարցերին ու բողոքներին: Նրանց խոսքերով՝ եթե այդքան տարի ձայն չեն հանել եւ աշխատել են ու վարձերը քիչ թե շատ կարողացել են վճարել, ապա այժմ «այդքան ծանր բեռի տակից» այլեւս չեն կարողանում դուրս գալ, քանի որ «ճգնաժամի պայմաններում առեւտուրը զգալի նվազել է»: «Ամեն ամիս 150 հազար դրամից ավելի տեղի գումար ենք տալիս, գումարած հարկայինի փողերը, սոցվճար եւ այլն: Աշխատածը սաղ տալիս ենք ստեղ-ընդեղ: Մեզ տակը փող չի մնում: Առաջ գոնե մի քիչ առեւտուր էր լինում: Հիմա մարդկանց ձեռքը փող չկա: Ամեն օր գալիս ենք, բացում խանութը, բայց օրը 3-5 հազարի առեւտուր ենք անում: Թող գոնե տեղի փողն իջեցնի, որ կարանանք յոլա գնալ»,- «Առավոտին» դժգոհեց առեւտրականներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Սուրմալուում աշխատող բանվորներից մեկը առեւտրականների չներկայանալու կապակցությամբ այսպես արտահայտվեց. «Տենց եք անում, որ էդ օրին եք: Մենակ թաքուն պատերի տակ եք խոսում: Որ հարցնում ես՝ դո՞ւ էլ ես դժգոհ, ասում են՝ չէ, եկել եմ տենամ՝ մյուսներն ինչ են անում: Սաղդ էլ նույն վատ վիճակում եք, ընչից եք վախենում, հո՞ սոված չեք կոտորվելու»:

Մեզ հետ զրույցում ցուցարարներից շատերը վստահեցրին, որ տաղավարի վարձը պայմանագրով սահմանված է 100 հազար դրամ, բայց իրենք ավելի են վճարում. «Մենք կոնտեյներների համար ֆիքսված ամսական փող ենք տալիս, համարյա 180 հազար դրամ, բայց իրենք հարկայինին քիչ են ցույց տալիս: Ստացվում է, որ դաժե բյուջեի համար չենք վճարում, մեր շեֆերի գրպանն է գնում: Տարիներով ձեն չենք հանել, բայց հիմա դանակն արդեն ոսկորին է հասել, էլ համբերելու տեղ չկա»: Առեւտրականների պատմելով՝ ընդհանուր առմամբ մոտ 70%-ով առեւտուրը պակասել է, ուստի տոնավաճառի տնօրինությունը պետք է տաղավարի վարձերն իջեցնի գոնե 50%-ով. «Դեկտեմբերից մեր վիճակը վատ է: Նախկինում անգամ պերերիվ չէինք հասցնում անել, հիմա պահեստից ապրանքը չենք էլ ուզում հանենք- շարենք, մեկ է՝ մարդ չի գալիս: Պարապ-սարապ կանգնած ենք: Առաջ մարզերից գալիս առեւտուր էին անում, էսօր առաքիչ ֆիրմաներն էնքան շատ են, որ ապրանքը տանում- հասցնում են մարզ, հիմա մի հատ սիգարետն էլ տանում դուռն են հասցնում: Հենա «Փեթակի» շուկան կողքն է, իրանց մոտ լրիվ ուրիշ ա, տերերը ղարաբաղցիներ են, արտոնություններ ունեն, համ ՀԴՄ-ներն են էս վերջերս տեղադրել, համ հարկերը քիչ են տալիս: Ինչ է, էդ բյուջեն մենակ մե՞նք պիտի լցնենք, բա օլիգարխներն ի՞նչ անեն»: Կենցաղային իրերի առեւտրով զբաղվողներից մեկը, որը ներկայացավ Արմեն անունով, պատմեց, թե առեւտուրն այնքան վատ է, որ հազիվ հասցնում է տեղի վարձը հավաքել. «Մինուսով ենք աշխատում, հազիվ հասցնում ենք ապրանքի, տեղի ու հարկայինի փող տալ»:

Մեզ հետ զրույցում առեւտրականները վստահեցրին, որ իրենց դժգոհություններից հետո, երեկ շուկայի տնօրինությունը խոստացել է խնդիրը քննարկել եւ ելք գտնել. «Ասաց՝ մինչեւ ապրիլի 10-ը համբերեք, մի բան կմտածենք, կարող է մի քիչ իջեցնենք վարձերը»:

Նշենք, որ նախօրեին էլ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներն էին կառավարության շենքի մոտ ցույց կազմակերպել՝ կրկին նույն պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել