Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահին սպասելիս

Մարտ 28,2009 00:00

Գործազուրկ սիսիանցիները պատրաստվում են բողոքով դիմավորել բարձրաստիճան հյուրին

Սիսիանը Սյունիքի մարզի այն քաղաքներից է, ուր գործազրկությունը մարդկանց, թերեւս, ամենացավոտ խնդիրն է, ու ընտանիքների մեծ մասը գոյատեւում է միայն թոշակով կամ արտերկրից ուղարկված գումարով: Եթե մարզի մյուս քաղաքներում՝ Ագարակում, Կապանում, Քաջարանում գործող 3 խոշոր ձեռնարկությունները անգամ ճգնաժամի պայմաններում աշխատատեղերի խնդիրը ինչ-որ չափով լուծում են, Սիսիանում աշխատող միակ ձեռնարկությունը քարերի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող՝ «Վի Էյջ Սթոուն» (նախկին «Սիսիան-Գրանիտ ՍՊԸ») գործարանն է, որտեղ էլ, ինչպես նշեցին բազմաթիվ սիսիանցիներ, անիմաստ է աշխատել. կամ աշխատավարձ չեն ստանում, կամ էլ 4-5 ամիս ուշացումով են ստանում, այն էլ չնչին գումար է: Քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված մարդկանց խոսակցության հիմնական թեման այս օրերին հանրապետության նախագահի առաջիկա այցն է: Նրան այստեղ սպասում էին դեռ մարտի 23-ին: Չեկավ, հիմա սպասում են մարտի 30-ին կամ 31-ին:

Երկար տարիներ քիմիայի ուսուցիչ աշխատած 81-ամյա Գրիգոր Շահյանն այս առթիվ ասաց. «Թող գա, բարով ա գալիս, բայց ի՞նչ պետք է անի, կարող ա՞ թոշակներս ավելացնի: Մի քանի կոպեկ թոշակն ավելացրին, քառակի ամեն ինչը թանկացրին, ստացած թոշակի միայն 60%-ը վարձավճարների վրա ենք ծախսում, մնացած 40%-ով կարա՞նք ապրենք»:

«Գալիս ա՝ ի՞նչ անի, հո չի գալու ինձ տեսնի, գալու ա իր ընկերներին տեսնի, նրանց, ովքեր փող ունեն: Իսկ եթե ճգնաժամից պետք է խոսի՝ Հայաստանում 1988 թվականից սկսած՝ ճգնաժամ է եղել, սովոր ենք: Ես չգիտեմ, թե որ երկրում եմ ապրում, չգիտեմ՝ սա պետություն ա՞, թե՝ ոչ: Իրենց հերն եմ անիծել, էդպես էլ գրեք: Դարդոտված մարդիկ ենք, ի՞նչ անենք, աշխատանք չկա, ժողովուրդը պարապ-սարապ ման ա գալիս, ես դեռ ոչինչ, բայց բանակից եկած տղաս էն ա՝ ձեռքերը ջեբը քուչեն չափում ա»,- ավելացրեց 53-ամյա մի գործազուրկ:

Նախկին «Որոտան» կինոթատրոնի շենքի մոտ մի ժամանակ միշտ մարդաշատ էր՝ մարդիկ գալիս էին հերթական ֆիլմը դիտելու: Իսկ այսօր նույն վայրում թղթախաղի «քարե սեղաններ» են: Հավաքվածներից մեկը, թողնելով թղթախաղը, ասաց. «Կյանքից գոհ չեմ, որ կյանքը եռուն լիներ, աշխատանք լիներ, ժողովուրդը ի՞նչ ա անում ստեղ, ամենքն իր գործին կգնար, էստեղ առավոտից իրիկուն կարտ չէին խաղա»:

Հանրապետության նախագահը Սիսիան կատարելիք իր առաջիկա այցի ժամանակ կլինի բնական քարերի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող «Վի Էյջ Սթոուն» ընկերությունում, որը հիմնադրվել է 2000 թ.: Աշխատել է մինչեւ 2005թ.: 2007-ին փոխվել են սեփականատերերը, որից հետո խոշոր ներդրումներ են կատարվել: Ընկերության տնօրեն Գառնիկ Հովակիմյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ աշխատողների թիվն այսօր 93 է, իսկ միջին աշխատավարձը կազմում է 89 000 հազար դրամ: «Առավոտը» զրուցել է նաեւ գործարանի արտադրության նախկին պետ Հայկ Հակոբյանի հետ, ով կամավոր թողել էր աշխատանքը՝ ցածր աշխատավարձի պատճառով, ստանում էր 50 հազար դրամ: Այս մասին Գառնիկ Հովակիմյանն ասաց. «Աշխատավարձի համար մենք պայմանավորվել ենք, որ ղեկավար կազմը պետք է քիչ աշխատավարձով աշխատի, որպեսզի կարողանանք բանվորների աշխատավարձը բարձրացնել: Ի՞նչ կա զարմանալի, ես էլ եմ 50 հազար դրամ աշխատավարձ ստանում, բայց ակնկալում եմ, որ հետո շատ ավելին կստանանք: Ում որ հրավիրել եմ աշխատանքի, ասել եմ, եթե հարմար եք գտնում այսպես՝ աշխատեք, արտադրանք տալուց հետո կվերանայենք աշխատավարձերը: Աշխատավարձերի ուշացումներն էլ եղել են ամենաշատը մեկ ամիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել