Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՁՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ Է

Մարտ 28,2009 00:00

Անորակ շինարարություն իրականացնող ընկերությանը նոր օբյեկտ է վստահվել

\"\"\"\"
Օձունի գյուղապետը խոստանում է կատարել նախընտրական խոստումները,
բայց այսօր գյուղի դաշտերում միայն մոլախոտ է:

Լոռու մարզի Օձուն գյուղի 1400 հա վարելահողերից, ըստ Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանի, վերջին տարիներին հազիվ 10%-ն է մշակվում, ասել է թե՝ 140 հա, սրանից՝ 20 հա էլ, վարձակալել եւ մշակում են հարեւան արեւածագցիները: «Այսքան տարի չմշակելուց վարելահողերի 50%-ը ծածկված է սեզ տեսակի մոլախոտով, որից ազատվելու համար հողի վրա մի քանի տարի պետք է աշխատել»,- ասաց գյուղապետը: Միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում, որի հետեւանքով արտերկրներից Օձուն ուղարկվող օգնությունները գրեթե վերացել են, գյուղի մարդիկ սոցիալական իրավիճակը շտկելու միակ ելքը տեսնում են հողը մշակելու մեջ: Սակայն Օձունում հողը մշակելը գյուղացու համար միֆ է դարձել, նորընտիր գյուղապետի համար՝ գորդյան հանգույց: «Գյուղի 123 միավոր գյուղտեխնիկայից մնացել է 0 տեխնիկա: Մի հատ կոմբայն կա՝ ի վիճակի չէ աշխատելու, մնացածներն էլ չկան: Ներկայումս գյուղապետարանի ողջ տեխնիկան կազմում է մի «Նիվա» մակնիշի, մի հատ էլ աղբի ավտոմեքենա: Հարեւան գյուղերի գյուղտեխնիկայի մեծ մասը եղել է Օձունի տնտեսությանը, որոնք, ով գիտե, ինչ ճանապարհներով վաճառվել են: Այսօր օձունեցին դրանք օգտագործելու համար պիտի հարեւանների ոտքը գնա ու խնդրի»,- հայտնեց Ա. Տիտանյանը: Վարելահողերի օգտագործման անմխիթար վիճակի ապացույց է տարիներ շարունակ համայնքի սեփական հարկային եկամուտների հավաքագրման անմխիթար վիճակը: 2008 թվականին նախատեսված 41,9 միլիոն դրամի հողի հարկ հավաքելու փոխարեն հավաքագրվել է 11,9 մլն դրամ, իսկ գույքահարկ, նախատեսված 9,5 մլն դրամի փոխարեն՝ 2,4 մլն դրամ: Գյուղի հողերը չմշակելու պատճառներից մեկն էլ, ըստ գյուղապետի, վերջին տարիների անհաջող եղանակն է՝ կարկուտը: Շատերը անհույս բան են համարում Օձունում հող մշակելը: «Գյուղում հակակարկտային կայան տեղադրելու համար խոսել եմ Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարների հետ, խոստացել են այս տարի մեկ հատ տեղադրել, եթե ճգնաժամը չխանգարի՝ գուցե տեղադրեն»,- ասաց գյուղապետը: Մարտի 10-ին լրացել էր գյուղապետ Արսեն Տիտանյանի պաշտոնավարման 100 օրը: Օգտվելով առիթից, նրան հիշեցրինք իր նախընտրական կարեւոր խոստումներից մեկը՝ նրա հորեղբայրների՝ տարածաշրջանում հանրահայտ «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից գյուղացիների 300 հա վարելահող անվճար վարելու մասին: «Եթե մեր նախընտրական խոստմամբ 300 հա վարելահողերը մենք ձրի վարենք ու տանք, ճիշտ չի լինի, հողերը վարելիս գյուղացիների հետ կիսվելու ենք, որպեսզի նրանք շահագրգռություն ունենան հողը մշակելու գործում: Խոստումը տվել ենք, ժողովուրդը որտեղ կուզենա՝ Եզնանիստ կամ Հողոմսի հանդամասերում, մենք օրերը տաքանալուն պես կկատարենք մեր խոստումը»,- ասաց նա եւ ներկայացրեց իր կողմից կատարված աշխատանքները: «Կարգավորել ենք գյուղի աղբահանությունը, շաբաթվա ընթացքում երկու օր աղբի մեքենան շրջում է ողջ գյուղում: Գյուղամիջյան ճանապարհների 30%-ում փոսալցումներ ենք կատարել: Օրերը տաքանալուն պես կսկսենք գյուղի կենտրոնական փողոցների գիշերային լուսակետերի տեղադրումը: Նախատեսել ենք գյուղի հեղեղատարների մաքրումը, որը խիստ հրատապ խնդիր է: Տարիներ շարունակ բնակիչները կենցաղային աղբը լցրել են հեղեղատարները: Մտահոգիչն այն է, որ գյուղի խմելու ջրագծերը անցնում են այդ հեղեղատարների միջով, իսկ գյուղացիները վերցրել ու հեղեղատարների վրա, հենց ջրագծերի գլխին զուգարաններ են կառուցել: Ջրագծերի վթարի դեպքում կարող են անկանխատեսելի հետեւանքներ լինել»,- բացատրեց Ա. Տիտանյանը: Նա նաեւ հայտնեց, որ 2009 թվականի բյուջեի 1,4 մլն դրամ հատկացումով վերանորոգվում է գյուղապետարանի շենքը, ինչը ճգնաժամի բերած ծանր պայմաններում այնքան էլ միանշանակ չի ընդունվել օձունցիների կողմից, նրանցից շատերը գտնում էին, որ դրա ժամանակը չէր: Վերանորոգվում էր նաեւ Օձունի մշակույթի պալատի շենքը: «Վերանորոգումը կատարվում է Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով, հատկացված է 75 միլիոն դրամ, շինարարական աշխատանքները կատարում է «Տիգրան Մեծ» շինարարական կազմակերպությունը, որը այդ իրավունքը շահել է 2008-ին, նախկին գյուղապետի պաշտոնավարման ժամանակ»,- ասաց գյուղապետը:

Նկատենք, որ «Տիգրան Մեծ» ՍՊԸ-ն տարիներ շարունակ վայելել է Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հովանավորությունը, տարածաշրջանում հայտնի է շինարարական իր անորակ աշխատանքների միջոցով պատկառելի գումարներ ստանալու հմտությամբ: Կարելի է հիշել Ճոճկան գյուղի բժշկական ամբուլատորիան, որի շինարարությունը «Տիգրան Մեծի» կողմից 2000թ. այնքան անորակ է կատարվել, որ այն չի ընդունվել Ճոճկանի գյուղապետարանի կողմից, եւ այսօր շենքը կիսաքանդ վիճակում է ու ամբուլատորիայի աշխատողների համար սարսափ է դարձել: «Տիգրան Մեծի» կողմից 2004թ. ամրացված՝ երկրաշարժից վթարային Ալավերդու Սարահարթի 1/3 շենքի շինաշխատանքների անորակության մասին ահազանգել է Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունը: Շենքի ամրացման աշխատանքների համար քաղաքապետարանը 70 մլն դրամ վարկ է վերցրել ու, չնայած անորակ շինարարությանը, վարկը պետք է մարի: «Տիգրան Մեծի» պահվածքի մասին զգուշացրինք Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանին: «Նախագիծը դրված է իմ սեղանին, շեղում չի կարող լինել»,- ասաց նա:

2008-ին գյուղի 5 հարկանի շենքի եւ նրա հարակից տների ջրամատակարարման համար խմելու ջրի հիմնական ջրատարից դեպի գյուղ եկող 2 կմ ջրագիծ է կառուցվել, որը, սակայն, չի գործում: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-արեւելյան» մասնաճյուղի Ալավերդու տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը գյուղապետին բացատրել է, թե նախկին գյուղապետը համայնքի ներդրումային գումարի փոխարեն տվել է 600 մետր խողովակ, որոնք էլ ջրագծի փորձարկման ժամանակ պայթել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել