Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյունը առյուծ չի դառնա

Մարտ 28,2009 00:00

Վստահ է Վարդան Ջհանգիրյանը՝ նկատի ունենալով Կորյուն Փիլոյանին

«Ես ձեզանից ոչ մի լավ որոշում չեմ սպասում: Անբնական կլիներ, եթե ես ձեզանից արդար որոշում ակնկալեի: Աստված Ձեզ հետ»,- այսօր իր վերջին խոսքում դատարանին ասաց Վարդան Ջհանգիրյանը: Դատավարությունը տեղի էր ունենում Երեւանի քրեական դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Վ. Ջհանգիրյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ կյանքի համար վտանգավոր դիմադրություն ցուցաբերելու մեջ:

3 րոպեի ընթացքում Վարդան Ջհանգիրյանը ամփոփիչ էքսկուրս կատարեց 1921թ. Բեռլինի փողոցներից մինչեւ այսօր՝ անկախ ՀՀ-ի դատարան. «Բեռլինի փողոցում Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալեաթ փաշային, որից հետո գերմանական դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց՝ մեղադրելով Թալեաթ փաշային: 90 տարի անց անկախ Հայաստանի դատարանը դատապարտում է Թեհլերյանին՝ արդարացնելով Թալեաթին: Հետեւությունները թողնում եմ ձեզ»: Շարունակելով իր խոսքը՝ Ջհանգիրյանը նշեց, որ իրեն անհիմն, ճնշումների տակ դատապարտելով՝ դատավորն առաջին հերթին դատապարտում է իր երեխաներին՝ զրկում է նրանց բաց ճակատով Երեւանում շրջելու հնարավորությունից. «Այսօր իմ երեխաները քայլում են փողոցում՝ վրաները գրված՝ ես այս մարդու աղջիկն եմ: Դուք պատկերացնո՞ւմ եք, այսօր մի երեխա փողոց դուրս գա եւ վրան գրված լինի՝ «Ես Կորյուն Փիլոյանի աղջիկն եմ»: Դուք ամբողջ ազգին սարսափի մեջ եք պահում»:

Իր վերջին խոսքում Ջհանգիրյանը հարկ համարեց ամփոփել ձերբակալությունից մինչ օրս իր զգացողություններն ու ապրումները. «Արգավանդի խաչմերուկում իմ եւ եղբորս հանդեպ անասնական վերաբերմունք ցուցաբերեցին 30-40 հոգի: 6-րդ վարչությունում հանդիպեցի տուզիկների տարբեր տեսակի, դատարանում հանդիպեցի 60 տարեկան կորյունի, որը առյուծ դառնալու որեւէ հեռանկար չունի: Պատկերացնո՞ւմ եք, մենք ի՞նչ երկրում ենք ապրում»:

Ջհանգիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը երեկ իր պաշտպանական ճառը ներկայացրեց գրավոր՝ հաշվի առնելով, որ Ջհանգիրյանը երկար չի կարող ոտքի կանգնել: Դատարանից խնդրելով կայացնել արդարացման վճիռ՝ Լուսինե Սահակյանը միաժամանակ պահանջեց միջնորդություն ներկայացնել դատախազություն, որպեսզի «քրեական պատասխանատվության ենթարկվեն Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյաններին եւ նրանց ուղեկցող անձանց ապօրինի բերման ենթարկող, նրանց խոշտանգող եւ հետագայում էլ նրանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում սկսած անձանց»:

Չթաքցնելով, որ արդարացման վճիռ չի ակնկալում դատարանից, Լուսինե Սահակյանը դատարանից պահանջեց լուծել Վարդան Ջհանգիրյանի խափանման միջոցի խնդիրը, որպեսզի նա վճռի հրապարակումից հետո ի վիճակի լինի բացակայել հանրապետությունից եւ համապատասխան բուժում ստանալ:

Վարդան Ջհանգիրյանի նկատմամբ դատավճիռը դատավոր Մնացական Մարտիրոսյանը կհրապարակի մարտի 31-ին, ժամը 10-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել