Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏ»

Մարտ 28,2009 00:00

Բլոգերներից մեկն ավագանու ընտրություններում այսպիսի կարգախոս է առաջարկել ընդդիմությանը

\"\"
Իսկ այս նկարը Օնիկ Գրիգորյանի բլոգից է:

Երեւանի քաղաքապետի նախընտրելի թեկնածուներին եւ ավագանու ընտրությունների հավանական ելքերին վերաբերող հարցերն ակտիվորեն քննարկվում են հայկական բլոգերում: Դրանցից երկուսից, որոնք առավել քաղաքականացված են՝ կներկայացնենք մի ծաղկաքաղ:

Առաջին մեջբերումն «Ուզող» կամ «Պասկալ» կեղծանունների ներքո հանդես եկող Ռուբեն Մուրադյանի https://uzogh.livejournal.com/ բլոգից է: Որքան հայտնի է՝ նա «Panarmenian.net»-ի եւ Հ1-ի կայքէջերի ծրագրավորողն է:

«Ուզող». «Ասել, թե ես զարմացած եմ, որ քաղաքապետի ընտրություններում ԼՏՊ-ն ՀԱԿ-ի ցուցակում առաջինն է՝ նշանակում է չասել ոչինչ: Մի կողմից՝ միանշանակ թարմ լուծում է. հրաշալի առիթ է հատկապես գարնանը փողոցներում երգելու ու պարելու: Մյուս կողմից՝ ԼՏՊ-ն իրեն հավասարը ներկայացրեց իմ կուռքին՝ Տիգրան Կարապետիչին. սա էլ է մասնակցում բոլոր ընտրություններին: Որքան ինձ հիշում եմ՝ միշտ քվեարկել եմ դաշնակցականների օգտին: Այս ընտրություններում նման բան, ամենայն հավանականությամբ, չի լինի: Ես հաճույքով կքվեարկեի հանրապետականների օգտին, եթե նրանք չառաջադրեին Գագիկ Բեգլարյանին: Եվ խնդիրն այն չէ, որ նա ինձ համար համակրելի չէ, այլ այն, որ ես չեմ տեսնում, թե ինչ մի նոր բան է նա տալու իմ քաղաքին: Ճիշտ նույնպես չեմ տեսնում, թե ինչ կտա իմ քաղաքին ԼՏՊ-ն: Եվ հենց թարմ մտքերի պատճառով ես պատրաստ եմ տալ ձայնս Տիգրան, մեր աչքի լույս, Կարապետիչ Կարապետյանին: Լրիվ լուրջ եմ ասում: Բայց մի պատճառ կա, որը կարող է ինձ շեղել դեպի ՀՀԿ-ն՝ եթե Գագիկ Բեգլարյանը հրաժարվի այս ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին տեղից: Հենց այդ պատճառով էլ հրապարակում եմ այս քվեարկության արդյունքները»: Եվ մեջբերել է www.livejournal.com

/poll/?id=1365977 հասցեում տեղադրված հարցման արդյունքները: «ՀՀԿ-ի ո՞ր թեկնածուին կնախընտրեիք հարցին»՝ 6%-ն է (4 հոգի) նշել Բեգլարյանի անունը, իսկ 94%-ը (63 հոգի)՝ Տարոն Մարգարյանի:

Առավել ակտիվ են ավագանու ընտրությունների վերաբերյալ քննարկումներն «Ա1+»-ի բլոգում՝ https://a1plus.wordpress.com/2009/03/23/elections-2/: Այստեղ 127 արձագանք կա «Երեւանի ՏԻՄ ընտրություններ. ընդդիմությունը ռեւա՞նշ է վերցնում» թեմայով: Մեջբերենք դրանցից մի քանիսը: Նշենք, որ դուրս ենք թողել առավել կոպիտ վիրավորանքները, որոնցով ընդհանրապես բնութագրական են հատկապես համացանցային քննարկումները:

Արմանը նշում է, թե շատ ցավալի էր, որ «Ժառանգության» թեկնածուն չառաջադրվեց. «Բայց միգուցե սա էր լավագույն ելքը: Չնայած որ՝ չեմ կարծում, թե պետք է պայքարը զիջել հանուն դիմացինի նենգ մեթոդների, որպեսզի չդառնան տականք կամ հաճախորդ: Կարծում եմ, որ «Ժառանգությունը» սա արեց՝ ելնելով իր բարոյական սկզբունքներից, որ իրենք հանուն աթոռի չեն պայքարում»:

«Haykk». «Լեւոն Տեր-Պետրոսյանի այս քայլը ցնցող էր բոլոր առումներով: Սա եւս մի անգամ փաստեց նրա համառ ու նպատակասլաց ընթացքը դեպի Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնում, դեպի իշխանափոխություն՝ ոչ ինքնանպատակ, այլ որպես Հայաստանի ճակատագրով մտահոգ, անցյալը վերաիմաստավորած, պետականամետ հզոր գործչի եւ հայրենասերի քայլ, որը շարունակում է հանուն Հայաստանի ծառայել որպես գործիք ու ներդնել իր ողջ ռեսուրսներն ի նպաստ Հայաստանի եւ հայ ազգի բարօրության… Եվ այս պահը մենք պետք է օգտագործենք՝ սա մեր վերջին շանսն է: Եթե Լեւոնը չի խորշում իր անունն առաջին տեղում առաջարկելով՝ հասկանալով, թե շատ դժվար պայքար է սպասվում, ուրեմն նա դա անում է՝ հաստատ վստահ լինելով, որ կհաղթենք… Այո՛, սա նախագահական ընտրությունների շարունակությունն է, սա շատերի պահանջած վճռական գործողություններն են, որոշիչ «ճակատամարտը»:

R-Man. «Եթե իրոք թույլ տան, որ ազնիվ ընտրություն անցնի, ապա վերջնական պայքարը կգնա ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ինչո՞ւ նրանց. քանի որ բացի առաջին նախագահից՝ մյուս բոլոր թեկնածուների մեջ Քուշկյանն ամենամեծ փորձն ունի՝ թե՛ գիտական, թե՛ կառավարման: Արդյունքում կհաղթի Տեր-Պետրոսյանը… Բայց հասկանալի է, որ արդար ընտրության մասին խոսք անգամ չի կարող լինել»:

Rubo15. «Փոխանակ սենց անկապ խոսեք՝ եկեք մտածենք՝ ոնց թույլ չտանք, որ կեղծեն ընտրությունները: Կա մի մոտեցում. ընտրության օրը խմբերով հավաքվել ընտրատեղամասերի առաջ եւ թույլ չտալ, որ հանձնաժողովների անդամներին եւ դիտորդներին դուրս հանեն ու ծեծեն»:

«ART-Fr». «Ժողովուրդ ջան, կեղծում են՝ թող կեղծեն. էս անգամ իրենց փրկություն չկա: Մարտի 1 չի կարող լինել, քանի որ էս անգամ էլ չեն ների ո՛չ եվրոպացիք, ո՛չ էլ ռուսները: Հանգիստ եղեք՝ կեղծեն-չկեղծեն, արդեն հաղթել ենք»:

Rubo15. «Ինչի՞ ես էդքան համոզված, որ հաղթելու ենք: Հիշիր Կենտրոնի թաղապետի ընտրությունները, երբ որ նույն Գագիկ Բեգլարյանն ուղղակի ջախջախեց կոնգրեսական Արարատ Զուրաբյանին: Ու դա՝ Կենտրոնում, որտեղ մարդիկ քիչ թե շատ ապահովված են եւ չունեն փողի կարիք (կաշառք չեն վերցնում): Այնպես կկեղծեն, որ Բեգլարյանի 10%-ը կդառնա 60%՝ լավ հիշեք»:

«Իսկական հայ». «Ամենամեծ խայտառակությունը պիտի լինի, երբ Լեւոնը պարտություն կրի Գագոյից: Սիրտս իսկապես հովանալու է: Համակերպվե՛ք, լեւոնականներ: Մայիսի 31-ի պարտությունը մեծ է լինելու: Հետո սկսելու եք լալ, բղավել, թե մե՜նք ենք հաղթել, մեր ձայները գողացա՜ն: Էդ սուտն էլ լսել ենք: Մի 2-3 օր «Լեւոն, քաղաքապետ» եք գոռալու: Ոչինչ, կյանքը շարունակվելու է»: Ի դեպ, նշենք, որ հենց այս կեղծանվան ներքո հանդես եկողն է առաջարկել այն կարգախոսը, որը մեջբերել ենք վերնագրում:

Artak2009. «Լեւոնը Առյուծ է ու հաղթելու է առանց պրոբլեմի, որովհետեւ էլ իշխանություն չկա՝ միայն ստվերներն են մնացել»:

Հայկո. «Իմ կարծիքով, Գագիկ Բեգլարյանը ոչ մի հնարավորություն չունի քաղաքապետ դառնալու: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ է տոնելու: Գագիկ Բեգլարյանը կլինի քաղաքապետ միայն ահավոր կեղծիքների դեպքում»:

«Իսկական հայ». «Գագիկ Բեգլարյանը դժբախտաբար ամեն հնարավորություն ունի հաղթելու եւ կհաղթի առանց ընտրակեղծիքների… Եթե միացյալ ընդդիմության ղեկավար լիներ Րաֆֆին՝ ահա սա արդեն ուրիշ էր լինելու: Անկեղծ Հայրենասեր է, չափավոր քաղաքական գործիչ: Բայց արդեն ուշ է»:

«Patriot». «Իսկական հայ՝ եթե վստահ եք ձեր հաղթանակին, ինչի՞ եք դռնեդուռ ընկած անձնագրի տվյալներ հավաքում»:

Հ. Գ. Բլոգերները կասկածելի են համարում ՀԱՍԿ-ի առաջադրվելը: «Մասնակցում են ընտրություններին, որ տեսողությունից թույլ մի 100-200 ընտրող շփոթվի՝ ՀԱԿ-ի փոխարեն իրենց ընտրի,- նշել է Գարիկը:- Թե չէ՝ ո՞նց հանկարծ չեղած տեղից որոշեցին ընտրվել»: Նրան մեկ այլ բլոգեր հակադարձել է. «Հույսներն էդքան թույլ տեսողությամբ ընտրողի վրա չի, որքան հանձնաժողովների կույր նախագահների, որոնք ՀԱԿ-ի քվեաթերթիկները պիտի դնեն ՀԱՍԿ-ի անվան տակ»: Եվ Գարիկը կարծիք է հայտնել, որ գոնե այս անգամ «հանձնաժողովների ներսում ընդդիմությունը պիտի լրիվ նոր որակի աշխատանք տանի: Օրինակ՝ կարելի է պնդել, որ ՀԱԿ ու ՀԱՍԿ քվեաթերթիկների տրցակները սեղանի տարբեր մասերում հավաքվեն, որպեսզի «սխալմունք» չլինի: Բացի այդ, դժվար չի լինի թեկուզ սիրողական տեսախցիկներ բաժանել բոլոր վստահվածներին ու հանձնաժողովականներին՝ այնպես, որ ամեն ընտրատեղամասում գոնե մեկը աշխատի: Սա արդեն Երեւանն է, կենտրոնացած աշխատանքի դեպքում լրիվ ուրիշ արդյունք կարելի է ստանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել