Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ «ՓԱՓԿԵ՞Լ է»

Մարտ 28,2009 00:00

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները երեկ հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Հանդիպման շարժառիթը քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի նախորդ օրը տարածած հայտարարությունն էր, որով արդեն երկրորդ անգամ նրանք ԱԺ իրենց գործընկերներից պահանջում էին արտահերթ նիստ հրավիրել եւ վերանայել իրենց կալանքին թույլտվություն տալու խորհրդարանականների որոշումը։ Խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, իրենք այս անգամ փորձել են նախ՝ պարզել, թե հարցի առնչությամբ ի՞նչ տրամադրվածություններ ունեն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։ «Նա (Հովիկ Աբրահամյանը- Ն. Գ.) մեզ ասաց, որ ինքն այդ ուղղությամբ աշխատում է եւ իրավաբաններին արդեն հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչ հնարավորություններ կան այդ հարցը լսելու։ Բացի այդ, ես նրա մոտ նկատեցի ցանկություն, որ կալանքի տակ գտնվող մեր գործընկերներին ազատված տեսնի»,– ասաց Արմեն Մարտիրոսյանը։

«Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը, պատգամավորը պատասխանեց. «Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, քանի որ Քրեական օրենսգրքի հոդվածների փոփոխություն է տեղի ունեցել, դա որոշակի առումով կարող է միջոց հանդիսանալ նրանց ազատ արձակելու համար։ Նաեւ՝ մարտի 30-31-ին մենք արդեն ունենք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, ապրիլին նստաշրջան կա, որը պետք է այս հարցը լսի, ուստիեւ կարծում եմ՝ դրանով է պայմանավորված տրամադրությունների փոփոխությունը։ Բայց, ինչպես ասում են, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը եւ տեսնենք, թե դրանք ի՞նչ ընթացք կունենան։ Համենայնդեպս, ԱԺ նախագահը եւս այն տրամադրության է, որ այդ պատգամավորները պետք է ազատության մեջ լինեն, եւ մեզ փոխանցեց, որ դատախազի հետ կապ հաստատելուն է սպասում, որից հետո արդեն կորոշեն, թե ինչ են անելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել