Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԺԿ-Ն ՍՏԵՂԾՎԵԼ Է ԻՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ»

Մարտ 28,2009 00:00

\"\"Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: «Առավոտի» հարցերին պատասխանում է կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը:

– Վերջին անգամ ե՞րբ է կուսակցությունը մասնակցել ընտրությունների:

– Մեր կուսակցությունը մեկ անգամ է ընտրություններին մասնակցելու ինքնուրույն քայլ կատարել՝ 1999 թվականի արտահերթ նախագահական ընտրություններում մենք առաջադրեցինք եւ պաշտպանեցինք Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը: Քարոզչական եւ կազմակերպական աշխատանքի մեծագույն մասը կատարվել է մեր կուսակցության միջոցով:

– Բայց Դեմիրճյանը քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվեց:

– Այո, հետո որոշվեց, որ PR առումով այդպես ավելի նպատակահարմար է: Մենք ոչ 96-ին, ոչ 98-ին, ոչ էլ երբեւէ ինքնանպատակ քայլ չենք արել եւ չենք էլ անի: Կարեն Դեմիրճյանին օգնելով եւ օժանդակելով՝ վերադառնալ քաղաքական դաշտ, մենք որոշակի ծրագրեր իրականացնելու հույսեր ունեինք: Մասնավորաբար, հստակեցնել քաղաքական դաշտը, քաղաքական պայքարն անձերի հարաբերություններից տեղափոխել գաղափարների մրցակցության դաշտ: Ցավոք, դա չիրականացավ, քանի որ այն ժամանակ էլ նախագահական ընտրություններից հետո բարդ իրավիճակ ստեղծվեց, եւ ստեղծվեց ՀԺԿ-ն, իհարկե, իմ համաձայնությամբ:

– Ինչո՞ւ: Չէ՞ որ Դուք, Ձեր խոսքերով, այդքան մեծ դեր էիք խաղում Կարեն Դեմիրճյանի՝ որոշումներ ընդունելու հարցերում:

– Անպայման: Որեւէ որոշում, ընտրությունների ընթացքում եւ հետո, չի կայացվել առանց մեր երկուսի համաձայնության: Բոլոր մերձավորները տեղյակ էին, ուղղակի դա բարձրաձայն ասելու բան չէր: Կարեն Դեմիրճյանը բավականին իմաստուն մարդ էր եւ շատ լավ պատկերացնում էր իրավիճակը, մարդկանց դերը, նրանց կատարած աշխատանքը: Նախագահական ընտրություններից անմիջապես հետո մեր երկուսի խոսակցության ընթացքում Կարեն Դեմիրճյանը բառացիորեն ասել է. «Ես 66 տարեկան եմ, հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ կլինեմ 71 տարեկան, այդ տարիքում նորից քաղաքական դաշտ չեմ մտնի. իմ վերջին շանսը 1999-ի խորհրդարանական ընտրություններն են: Հիմա մեր շուրջը համախմբվել են անարխիստներ-մանարխիստներ, կապիտալիստներ, սոցիալիստներ, կոմունիստներ՝ ձեր կուսակցությունը համաձա՞յն է այդ բոլորին հավաքել իր մեջ»: Ես պատասխանեցի, որ՝ ոչ: «Այդ դեպքում,- ասաց նա,- որպեսզի չկորցնենք այս ամբողջ ընտրազանգվածը, ինձ հնարավորություն տուր ստեղծել ՀԺԿ-ն՝ պրագմատիկ նպատակներով, որը ոչ մի գաղափարախոսություն չի ունենա՝ բացի խորհրդարանական ընտրություններում նախագահական ընտրությունների ընտրազանգվածին օգտագործելուց: Մենք ընտրությունների կգնանք միասնական ցուցակով, իսկ ընտրություններից հետո կմտածենք՝ ինչպե՞ս միավորել երկու կուսակցությունները, թեկուզ ժողովրդական-սոցիալիստական անվամբ»: Տվյալ իրավիճակում դա նորմալ մտածողություն էր, եւ ես դա ընդունեցի:

Ես տեղեկացված եղել եմ նաեւ Վազգեն Սարգսյանի հետ բանակցություններից. եթե լռել եւ լռում ենք՝ դա չի նշանակում, որ չգիտենք: Վերջին պահին որոշվեց, որ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն միասին գնան, բայց Վազգեն Սարգսյանն ասել էր՝ կօգնենք, որպեսզի սոցիալիստները ինքնուրույն մասնակցեն ընտրությունների: Հետո տեխնիկական հարցեր առաջացան, ու մենք չմասնակցեցինք ընտրություններին. խոստացվեց, որ գործադիրում կներգրավվենք, բայց կատարվեց հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, եւ այդ բոլոր ծրագրերը կիսատ մնացին: Դա, իհարկե, քաղաքական իմաստով մեծ հարված էր նաեւ մեր կուսակցությանը, որովհետեւ մեր բոլոր ծրագրերը եւ անելիքները կապել էինք Դեմիրճյանի անվան եւ գործունեության հետ: Չկար Կարեն Դեմիրճյանը, եւ մենք ստիպված էինք լռել ու մտածել՝ ի՞նչ անել հետագայում:

– Եվ ի՞նչ մտածեցիք այս տարիների ընթացքում, որ հիմա որոշեցիք մասնակցել Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին:

– Մտածեցինք, որ որպես պետություն՝ Հայաստանն ու հայ ժողովուրդն ունեն որոշակի խնդիրներ: Դրանք չլուծվեցին եղած կուսակցությունների միջոցով, ու մենք նորից կփորձենք մեր ուժերի ներածի չափով ազդել գործընթացների վրա: Մենք պատրաստ չէինք 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցել, եւ իրավիճակն էլ այն չէր: Իսկ քաղաքապետի ընտրություններին մասնակցելը մեզ շատ ձեռնտու է, որովհետեւ մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է անցնեն համամասնական կարգով: Քաղաքապետի ընտրությունները մեզ այդ հնարավորությունը տալիս են:

– Չե՞ք կարծում, որ այդպիսով ոտնահարվում է եւ ընտրողների իրավունքը՝ քաղաքապետին ուղիղ ընտրելու, եւ անկուսակցականների՝ ընտրվելու իրավունքը:

– Համամիտ եմ, որ համամասնական 100 տոկոսանոց կարգը պետք է սկսվեր խորհրդարանական ընտրություններից: Բայց եթե ԱԺ ընտրությունների դեպքում դա չեն արել, թող անեն Երեւանի քաղաքապետի ընտրության դեպքում, որովհետեւ սրանք սովորական ՏԻՄ ընտրություններ չեն: Բոլորս էլ գիտենք, թե ինչ նշանակություն ունի Երեւանը Հայաստանի համար, ինչ քաղաքական իրավիճակում են այս ընտրությունները տեղի ունենում: Այս պահի համար սա ճիշտ է:

– Տեսակետ կա, որ ՀԱՍԿ-ը «ներդրվել» է այս ընտրություններում, որպեսզի ձայներ խլի ՀԱԿ-ից, քանի որ հավանական է, որ անվանումների նմանությունը շփոթություն առաջացնի:

– ՀԱՍԿ-ը գործում է 2004 թվականից, ՀԱԿ-ը ստեղծվել է մի քանի ամիս առաջ. եթե անունը մոտ է, ուրեմն նրանք են մեր անվանը նման անուն դրել, ու իրենք են ցանկանում մեր ընտրողներին շփոթության մեջ գցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել