Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒԶԻ ԿԵՂԾԵԼ

Մարտ 28,2009 00:00

Վստահ է ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը, որը սակայն համոզված է, որ այս անգամ դա չի հաջողվի

ՀԺԿ մամուլի խոսնակ, Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականն զբաղեցնող Ռուզան Խաչատրյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում մինչեւ առաջիկա ընտրությունների մասին խոսելը՝ հարկ համարեց անդրադառնալ ՀՀ ԱԺ կալանավորված երեք պատգամավորների կողմից ՀՀ խորհրդարանի իրենց գործընկերներին ուղղված դիմումին: Իսկ ավելի ճշգրիտ, տիկին Խաչատրյանը տարակուսանք հայտնեց այդ դիմումի վերաբերյալ մարտի 26-ին ՀՀԿ փոխնախագահ եւ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությունների առնչությամբ: Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ պատգամավորները օրենսդիրներից պահանջել էին անհապաղ նիստ գումարել եւ իրենց անձեռնմխելիությունից զրկելու որոշումները վերանայել: Ի պատասխան՝ ՀՀԿ փոխնախագահը հայտարարել էր, թե դրա՝ երեք հոգու համար նիստ գումարելու կամ, իր ձեւակերպմամբ՝ «տեր ողորմյա» անելու անհրաժեշտությունը չի տեսնում, որովհետեւ, միեւնույն է, Գլխավոր դատախազը՝ «ներքին համաձայնություն կա, որ ոչ մի նոր բան չի ասելու»: Ռ. Զոհրաբյանը նաեւ հայտարարել էր, թե կալանավորված պատգամավորները պետք է սպասեն դատավարության ավարտին, որը, նրա կանխատեսմամբ, երկար չի տեւի՝ թերեւս, մեկ ամիս, որովհետեւ, թեեւ գործի հատորները շատ են, «բայց դե, ինչպես ասում են՝ տակը բան չկա», իսկ ահա առաջիկայում համաներում հայտարարելը նա քիչ հավանական էր համարել, որովհետեւ առաջիկա ընտրությունների համատեքստում դժվար է ասել՝ «համաներել մարդկանց, որոնք արդեն կոչ են անում շարունակել իշխանափոխությունը»:

«Մեր քաղաքական, այսպես կոչված, էլիտան, չի էլ հասկանում, թե ինչ է դուրս տալիս,- ասաց տիկին Խաչատրյանը։- Պարզվում է՝ մեր երկրում ոչ միայն Ռ. Զոհրաբյանը, այլեւ տասնյակ այլ օրենսդիրներ, իշխանության ղեկին գտնվող մարդիկ իսկապես այդպիսի հանցավոր պայմանավորվածությունների միջոցով են ղեկավարում երկիրը: Չգիտես, նման հայտարարություն անող մարդիկ, ում ձեռքին իշխանություն կա, անգրագե՞տ են, թե՞ ցինիկ: Այդ մարդիկ հիմա ալարում են «3 հոգու համար նիստ հրավիրել», իսկ մարտի 1-ին անհրաժեշտություն կա՞ր գիշերվա կեսին արտահերթ նիստ հրավիրել՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, մարտի 4-ին անհրաժեշտություն կամ հիմքեր կայի՞ն պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու՝ այն դեպքում, երբ ինքը՝ Ռ. Զոհրաբյանն է խոստովանում՝ «տակը բան էլ չկա»: Հետո պարզվում է, որ թեեւ տակը բան էլ չկա, բայց մարդիկ, միեւնույն է, պիտի նստե՞ն:

Սարսափելին այն է, որ ե՛ւ այս պարոնը, ե՛ւ իշխանության ղեկին գտնվող մարդիկ իրենց գործողություններով, մտածելակերպով, նկարագրով իրենք իրենց դուրս են դրել օրենքից, եւ մեր հասարակությունը դա հանդուրժում է»,- տարակուսեց Ռ. Խաչատրյանը:

Անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ ՀԱԿ ներկայացուցիչը ափսոսանք հայտնեց, որ ի տարբերություն նորմալ, ժողովրդավարական երկրների, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի, որտեղ ինքը վերջերս է եղել, եւ որտեղ ընտրակեղծիքը, լցոնումը եւ մեր հասարակությանը հայտնի կեղծիքի այլ տարատեսակները անգամ ընկալելի երեւույթներ չեն, Հայաստանում ընտրություններին մասնակցելը պատերազմ գնալու նման մի բան է դարձել: «Իսկ այն, որ Երեւանի ավագանու ընտրությունները իշխանության խնդիր են լուծում, ոչ մեկը թող չժխտի եւ չձեւացնի, թե դա ընդամենը Երեւանի քաղաքապետի ընտրություն է: Բնավ ոչ, եւ դա շատ լավ հասկանում են նաեւ իշխանությունները, որոնք ամեն ինչ անելու են, ինչպես արեցին նախագահական ընտրությունների ժամանակ, որպեսզի չկորցնեն իշխանության այնպիսի լծակը, ինչպիսին Երեւանն է: Իհարկե, այն կեղծիքները, որոնք արվում են երկրում համապետական ընտրությունների ժամանակ, Երեւանում անելը, առավել եւս՝ այս դեպքում, դժվար է լինելու՝ շատ պատճառներով: Կարծում եմ, ընդդիմության հնարավորությունները՝ թույլ չտալ ընտրակեղծիքներ եւ ամրագրել սեփական հաղթանակը, շատ ավելի հավանական է այս ընտրություններում: Ես ինքս դրանում բացարձակապես չեմ կասկածում: Երբ կարողանանք, թեկուզ Երեւանում, օրինական իշխանություններ ձեւավորել, հնարավոր կլինի օրինականություն հաստատել նաեւ ամբողջ Հայաստանում: Դա ընդամենը ժամանակի խնդիր կլինի»,- հայտարարեց Ռ. Խաչատրյանը: Նա համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ իշխանությունները կփորձեն մայրաքաղաքում իրենց իշխանությունն «ատամներով» պահել. «Այո, եւ դրա համար պատրաստ են լինելու ամեն ինչի, գուցե՝ ավելիին, քան նախագահական ընտրություններում էր»: Այսուհանդերձ, տիկին Խաչատրյանը անգամ չցանկացավ քննարկել ընդդիմության գործողությունների այն հնարավոր տարբերակը, եթե առաջիկա ընտրություններում էլ կրկնվի 2008թ. նախագահական ընտրությունների պատմությունը. մի արդյունք արձանագրվի, պաշտոնապես հայտարարվեն «նկարչության» տվյալները: «Ես դա բացառում եմ, չեմ էլ մտածում դրա մասին: Թեեւ փաստ է, որ այս վարչախմբի օրոք որեւէ չկեղծված ընտրություն, ընդհուպ մինչեւ սահմանադրական հանրաքվեն, չի եղել: Մենք դա գիտենք ու պետք է կարողանանք այդ կեղծիքների դեմն առնել: Վստահ եմ, որ դա մեզ հաջողվելու է, ու մենք հաղթելու ենք»,- հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել