Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԸ՝ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԻՍ ՉԷ…

Մարտ 27,2009 00:00

\"\"Կնոջ իրավունքները ոտնահարվում են ամենուր

Աշխարհի բոլոր երկրներում տարվա ընթացքում կանանց իրավունքների պաշպանության համար պետությունները մեկ օր են նվիրում, որի ընթացքում էլ կազմակերպում են ելույթներ ու միջոցառումներ, բայց արդյոք դա օգնո՞ւմ է կնոջ կյանքը բարելավելուն:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Անահիտ Մորյանն ասում է. «Մարտի 8-ից ապրիլի 7-ը սիրո խոստովանության առիթ չէ, այլ կանանց իրավունքների պաշտպանությունը վերհիշելու ամիս է»: Նա պատմում է, թե Թուրքիայում կանայք ինչպես են բողոքում իրենց իրավունքների ոտնահարումների դեմ. այդ օրը Ստամբուլի եւ այլ քաղաքների փողոցներում նշանավորվում է բողոքի ցույցերով:

Կանանց իրավունքների մասին խոսելիս հարկավոր է նկատի առնել, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր մոտեցումները կնոջ հանդեպ:

Այս առումով Անահիտ Մորյանը, համեմատելով հայ եւ թուրք հասարակությունները, նշում է. «Պարզունակ օրինակ ասեմ, Հայաստանում երթուղային տաքսու մեջ տղամարդը սովորաբար իր տեղը զիջում է կանգնած կնոջը, իսկ Թուրքիայում այս երեւույթը չի նկատվում, այն առումով, որ կինը համարվում է տղամարդուն հավասար եւ կարող է կանգնած մնալ, ինչպես տղամարդը, առանց սպասելու, որ իրեն տեղը կզիջեն»:

Հայ մարդու համար, լինի Հայաստանում, թե Սփյուռքում, ամուսնանալը, ընտանիք կազմելը համարվում է ազգի պահպանության հիմնախնդիրներից մեկը, իսկ ընտանիքի ներսում ամուսինների փոխհարաբերության վերաբերյալ Անահիտն արձագանքում է. «Հայ կինը չի համաձայնում այն մտքի հետ, թե տղամարդը պարտավոր է օգնել կնոջը տան գործերում, մանավանդ փոշի մաքրել, աման լվանալ եւ այլն: Հայ կինը չի ընդունում նաեւ այն, որ տղամարդը իրավունք չունի տան մեջ միայնակ որոշումներ կայացնել, այլ պետք է խորհրդակցի կնոջ հետ: Այս դեպքում, իհարկե, հաշվի է առնվում կնոջ եւ տղամարդու ֆիզիկական տարբերությունը, ինչը թելադրում է տղամարդուն որոշ աշխատանքներ կատարել, որը պահանջում է բավականին ուժ, այն, ինչ կնոջ կերպարը չի թույլատրում»:

Կանանց իրավունքները ոտնահարվում են աշխարհով մեկ, նույնիսկ արեւմտյան երկրներում: Ըստ ՄԱԿ-ի համապատասխան տվյալների, տարեկան 200-500 օտարերկրյա կին է բերվում Շվեդիա, Մոլդովայից տարեկան 50-60 կին է դուրս տարվում սեքսուալ շահագործման նպատակով, Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում պոռնկությամբ զբաղվող կանանց 80-90%-ն արտասահմանցիներ են…

Իրանում եւ Թուրքիայում կանանց իրավունքները ոտնահարվում են որոշ ավանդույթների եւ սովորությունների ճնշման տակ: Այս չգրված «սրբազան օրենքներին» ենթարկվում են անչափահասներից շատերը, որոնք ամուսնանում են իրենց կամքին հակառակ՝ բռնի ուժով, իսկ կանայք ծեծի եւ վիրավորանքների են ենթարկվում ամուսինների կողմից՝ առանց պետությունից որեւէ պաշտպանություն ակնկալելու: Սրա վերաբերյալ Ա. Մորյանն ասում է. «Կան ծնողներ, որոնք աղքատության պատճառով իրենց աղջկան ամուսնացնում են ունեւորի հետ՝ անգամ, եթե փեսան հայր է սազում նրան»: Փաստորեն, բոլոր հասարակություններում էլ ոտնահարվում են կնոջ իրավունքները, միայն թե տարբեր ձեւերով ու երանգներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել