Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐ

Մարտ 27,2009 00:00

\"\"Գրանցվել է մեկ խաղի ընթացքում ֆուտբոլիստներին ցույց տրված կարմիր քարտերի ռեկորդ: Դա տեղի է ունեցել Արգենտինայի ազգային առաջնության չորրորդ լիգայի «Ջեներալ Լա Մադրիդ» եւ «Բարակկաս Բոլիվար» թիմերի հանդիպման ժամանակ, երբ մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել եւ դաշտից հեռացրել հյուրընկալող ակումբի 18 ֆուտբոլիստի:

Խաղն ընդհատվել է 60-րդ րոպեին, այն բանից հետո, երբ 0:3 հաշվի ժամանակ տանտերերի խաղացողները խոսքակռվի են բռնվել հյուրընկալվող թիմի երկրպագուների հետ, ինչը կարճ ժամանակ անց վերածվել է ծեծկռտուքի: Թիմի հիմնական կազմի եւ ֆուտբոլասերների միջեւ դաշտում ծայր առած առանց կանոնների ձեռնամարտին միջամտել են նաեւ «Ջեներալ Լա Մադրիդի» պահեստային ֆուտբոլիստները: Տուրուդմփոցը դադարեցվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո: Լիգայի ղեկավարությունը դեռ չի որոշել, թե ի՞նչ պատիժ է կիրառելու «Ջեներալ Լա Մադրիդի» նկատմամբ: Բայց մի բան հաստատ է. պարզ չէ, թե հաջորդ հանդիպման ժամանակ ո՞վ է «Ջեներալ Լա Մադրիդից» մտնելու խաղադաշտ:

Իր անունը ֆուտբոլային պատմության մեջ գրել է նաեւ հունգարացի մրցավարուհի Կատալին Կուլչսարը, որը Հունգարիայի առաջնության երրորդ լիգայի «Բադաջսոնիտոմաժ»-«Սելդյոմյոկ» հանդիպման ավարտից անմիջապես հետո՝ 1:2 հաշվով պարտված «Սելդյոմյոկ» թիմի երեք ֆուտբոլիստի, գլխավոր եւ երկրորդ մարզիչներին կարմիր քարտ ցույց տվեց այն բանի համար, որ նրանք դժգոհություն են արտահայտել իր՝ հանդիպման գլխավոր մրցավարի, գործողություններից:

«Սելդյոմյոկ» թիմի գլխավոր մարզիչ Իշտվան Բալխասին լրատվամիջոցներին հայտարարել է, թե իրենք պատրաստվում են խաղի տեսագրությունն ուղարկել Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիա եւ պահանջել Կուլչսարին զրկել մրցավարությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել