Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ «AMBER»-Ի ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹՈՂ

Մարտ 27,2009 00:00

Երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտվեց շախմատի «18th Amber Blindfold and Rapid Chess Tournament» գերմրցաշարը, որին մասնակցում էին առանց բացառության աշխարհի գործող բոլոր 12 ուժեղագույն գրոսմայստերները:

Շախմատային հսկաների այս մրցավեճում կրկին փայլեց Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով 216 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող «Amber» գերմրցաշարի հաղթողի կոչումը:

Երեկ կայացած եզրափակիչ տուրում Արոնյանի մրցակիցն այստեղ, թերեւս, ամենավտանգավոր ու անկանխատեսելի շախմատիստն էր՝ աշխարհի թագի հավակնորդ, բուլղարացի Վեսելին Տոպալովը: Հենց այս հանգամանքն էլ, անկեղծ ասենք, ինչ-որ տեղ կասկածի տակ էր դնում նախավերջին տուրից հետո 13,0 միավոր վաստակած եւ մոտակա մրցակիցներին՝ Անանդին եւ Կարլսենին մեկ միավորով գերազանցող հայ շախմատիստի վերջնական հաղթանակը: Սակայն Լեւոնը հստակ կատարեց առաջադրանքը:

«Կույր» շախմատում սպիտակ խաղաքարերով հանդես եկող բուլղարացին բավականին ջանքեր գործադրեց հաղթական միավոր վաստակելու եւ մրցաշարային աղյուսակում հնարավորին չափ վեր բարձրանալու համար: Սակայն Արոնյանը, որը ռիսկի դիմելու անհրաժեշտություն չուներ, նրան հարկադրեց 46-րդ քայլում համաձայնել ոչ-ոքիի:

Կարճ ժամանակ անց գրոսմայստերները խաղատախտակի առջեւ կրկին հանդիպեցին արդեն «Արագ» շախմատում: Եվ այս անգամ սպիտակ խաղաքարերը Արոնյանինն էին: Արդեն տեղյակ լինելով, որ իր գլխավոր մրցակիցներից Անանդը «Կույր» շախմատում միավորը բաժանել էր Վան Յուեի հետ, իսկ Կարլսենը պարտվել էր Ռաջաբովին, Լեւոնը առանց ձգձգելու՝ 17-րդ քայլում կրկին հասավ ոչ-ոքիի, ինչը նրան լրիվ բավարարում էր այլեւս անհասանելի դառնալու, հետեւաբար նաեւ՝ միանձնյա հաղթողի կոչումը նվաճելու համար:

11-րդ տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Կույր» շախմատ. Տոպալով-Արոնյան՝ 1/2, Կրամնիկ-Լեկո՝ 1:0, Մորոզեւիչ-Կամսկի՝ 1:0, Կարյակին-Իվանչուկ՝ 1:0, Ռաջաբով-Կարլսեն՝ 1:0, Վան Յուե-Անանդ՝ 1/2:

«Արագ» շախմատ. Արոնյան-Տոպալով՝ 1/2, Լեկո-Կրամնիկ՝ 0:1, Կամսկի-Մորոզեւիչ՝ 1/2, Իվանչուկ-Կարյակին՝ 0:1, Կարլսեն-Ռաջաբով՝ 1:0, Անանդ-Վան Յուե՝ 1:0:

Եվ այսպես, ընդհանուր մրցաշարային ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ստացավ.

1. Լեւոն Արոնյան (ՀՀ) 14,0

2. Վիշվանաթան Անանդ (Հնդկ.) 13,5

3. Վլ. Կրամնիկ (ՌԴ) 13,5

4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 13,0

5. Ալեքսանդր Մորոզեւիչ (ՌԴ) 11,0

6. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) 10,5

7. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 10,5

8. Գատա Կամսկի (ԱՄՆ) 10,0

9. Պետեր Լեկո (Հունգարիա) 10,0

10. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 9,5

11. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 9,0

12 Վան Յուե (Չինաստան) 7,5

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել