Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱՎԱԶԴԻ» ԻՆՏՐԻԳՆԵՐԸ

Մարտ 27,2009 00:00

\"\"Շուրջ 10 տարի անցկացվող մրցանակաբաշխությունը աչքաթող է անում օպերային թատրոնը

Արդեն 48 տարի է՝ ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի մարդկանց պրոֆեսիոնալ տոն: Հայաստանում վերջին շրջանում այս տոնը առանձին բովանդակություն եւ իմաստ է ձեռք բերել, որովհետեւ արդեն կա պետական վերաբերմունք: Տոնի օրը նախագահի հրամանագրով կոչումներ ու պարգեւներ են շնորհվում, մի խոսքով՝ թատրոնի մարդիկ չեն մոռացվում: Այսօր, ի թիվս այլ միջոցառումների, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Մոտ 2 ամիս հանրապետության մի շարք թատրոններ, դերասաններ ու բեմադրիչներ արվեստագետին հարիր սրտի դողով են սպասում մրցանակաբաշխության հանձնախմբի որոշումներին: Դրանք դեռ չեն հրապարակվել, բայց որոշ անուններ հայտնի են: Շատերի համոզմամբ, «Արտավազդ» մրցանակին իսկապես արժանի են դերասան եւ թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը (Վանաձոր), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Մարգարիտա Յախունտովան եւ Նյու Յորքի «Համազգային» թատերախմբի ղեկավար, բեմադրիչ ու թատերագետ Հրանդ Մարգարյանը: «Առավոտին» հայտնի դարձավ, որ վերջինիս թեկնածությունը առաջադրել է մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր Վահագն Հովնանյանը: Գլխավոր ինտրիգը, իհարկե, «Տարվա լավագույն բեմադրություն», «Տղամարդու լավագույն դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգերի մեջ է: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ, ի տարբերություն նախորդների, այս տարի բոլոր անվանակարգերում չափազանց շատ են թեկնածուները, որոնց մեջ կան ճանաչված ու դեռեւս անծանոթ անուններ: Անվանակարգերում, բնականաբար, տեղ են գտել ՀՀ թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանի դստեր՝ Մարիամի եւ հոր՝ Երվանդ Ղազանչյանի անունները: Մեզ հաջողվեց ճշտել, որ ամենասուր պայքարը երիտասարդ բեմադրիչների շրջանում է, թեեւ նրանցից Հ. Թեքգյոզյանի (որին ժամանակին ներկայացրել ենք) «Մետաստազ» պիեսի բեմադրությունը Վանաձորի թատրոնում Նունե Խեչումյանի կողմից, արդեն իսկ համարվում է անմրցելի:

Զարմանալի է, որ ակադեմիական մայր թատրոնը որեւէ անվանակարգում ներկայացված չէ, ասենք՝ ի՞նչ ներկայացներ. համապատասխան ժամանակահատվածում թատրոնում միայն 2 պրեմիերա է եղել (Պ. Զեյթունցյան՝ «Արշակ թագավոր», բեմադրիչ՝ Վ. Շահվերդյան եւ Բրեխտ՝ «Կովկասյան կավճե շրջանը»), որոնցում զբաղված առաջատար դերասաններն էլ վաղուց արտավազդակիր են (Ն. Խերանյան, Տիգրան Ներսիսյան եւ այլք): Մրցանակաբաշխության ինտրիգներից մեկն էլ օպերայի եւ բալետի ազգային թատրոնի՝ Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի հանդեպ «Արտավազդի» լռությունն է: Դեռեւս մեկ ամիս առաջ այս օպերան ներկայացված էր «Լավագույն երաժշտական ձեւավորում» անվանակարգում: Ստացվում էր՝ 21-րդ դարի մեր մեծանուն կոմպոզիտորը ոչ թե օպերա է գրել, այլ ընդամենը ձեւավորել է ներկայացումը: Մի կողմից լավ է, որ թատրոնի հանձնախումբը եւ ՀԹԳՄ քարտուղարությունը հանել են այս անվանակարգը՝ խույս տալով անգրագետ ընկալվելուց: «Երկրաշարժը» կարող էր տեղ գրավել «Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգում: Նշենք, որ այս օպերան Եվրոպայում 2004-ին 80 երաժշտական երկերի ցանկում ճանաչվել է լավագույնը: Անցյալ տարի ԱՄՆ-ից հրավիրված ճանաչված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը բեմադրեց երկու ներկայացում: Կարելի է, չէ՞, մտածել նոր անվանակարգեր՝ «Լավագույն դիրիժոր», «Լավագույն բալետմայստեր», տղամարդու, կնոջ, լավագույն դերերգի կամ դերապարի համար եւ այլն: Գուցե երաժշտական թատրոնը, ըստ հանձնախմբի, թատրո՞ն չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել