Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանը, բնութագրելով ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը, այն անվանել է «ահավոր»: Նա զգուշացրել է, որ ֆինանսական ճգնաժամը կարող է չքավոր դարձնել միլիոնավոր մարդկանց եւ բերել այլ, ոչ պակաս լուրջ հետեւանքների՝ սկսած փողոցային անկարգություններից, վերջացրած իսկական պատերազմով: ԱՄՀ-ի ղեկավարն անիմաստ է համարում ազգային տնտեսությունների մեջ բազմամիլիարդանոց վարկերի հետագա ներարկումները, քանի որ ֆինանսական հատվածի անկատարության պատճառով այդ միջոցները փոշիանում են: Չնայած դրան, տարբեր պետությունների կառավարությունները շարունակում են դիմել ԱՄՀ-ին՝ վարկերի համար: Օրինակ՝ հերթական տրանշին անհամբերությամբ սպասում է Ուկրաինան: Վարկային միջոցների առնվազն կրկնապատկման անհրաժեշտության մասին հայտարարել է նաեւ Գերմանիայի նախագահը: Մինչդեռ վերլուծաբանները պնդում են, որ ԱՄՀ-ում պարզապես վերջացել են փողերը, եւ հիմնադրամն ինքն է օգնություն խնդրում Ճապոնիայից՝ $100 միլիարդի չափով, ինչպես նաեւ մտադիր է պարտատոմսեր թողարկել $50 միլիարդի չափով: