Լրահոս
Օրվա լրահոսը

Դատում են Թայվանի նախկին նախագահին

Մարտ 27,2009 00:00

Երեկ Թայվանում սկսվեց այդ երկրի նախկին նախագահ Չեն Շույբյանի եւ նրա կնոջ դատավարությունը: Մեղադրանքները լուրջ են՝ $3,12 միլիոնի յուրացում, $9 միլիոնի կաշառակերություն եւ փողերի լվացում: Ըստ նախաքննության մարմնի՝ նախագահի կինը (նկարում) $2,2 միլիոնի չափով կաշառք է ստացել մի գործարարից, որը խոշոր հողակտորի թույլտվության կարիք ուներ: Սակայն, ըստ newsru.com-ի, կինը չի ընդունում մեղադրանքը, ասելով, որ դա ոչ թե կաշառք էր, այլ՝ նվիրատվություն՝ այն ժամանակվա իշխող Ժողովրդավարական-առաջադիմական կուսակցության հիմնադրամին: Շույբյանը կալանավորվել էր անցած տարվա նոյեմբերի 12-ին: Նրան առաջ էլ էին կասկածում անօրինական գործունեության մեջ, սակայն նախկին օրենքով նախագահն ուներ անձեռնմխելիություն: Ամբաստանյալը հերքում է բոլոր մեղադրանքները, պնդելով, որ ներկայիս իշխանությունները հետապնդում են նրան հակաչինական դիրքորոշման համար:

Թայվանի ներկայիս ղեկավարությունը շատ ավելի ջերմ հարաբերություններ է հաստատել Պեկինի հետ, որը չի ընդունում այդ երկրի անկախությունը՝ համարելով այն Չինաստանի անբաժանելի մաս: Ըստ որոշ իրավաբանների, նախկին նախագահը կարող է խուսափել պատժից, քանի որ կաշառք վերցնելու փաստն ապացուցելը չափազանց դժվար գործ է: Սակայն եթե դատարանը Շույբյանին մեղավոր ճանաչի, ապա վերջինս իր մնացած կյանքը կանցկացնի բանտում: Ինչ մնում է նախկին նախագահի տիկնոջը, ապա նա դժվար թե կարողանա արդարանալ, քանի որ կնոջ դեմ պատրաստ են ցուցմունք տալ բազմաթիվ վկաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել