Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է փորփրեն գրքերը»

Մարտ 27,2009 00:00

\"\"Ուսուցչուհու կարծիքով, աշակերտներին պետք է գրադարան տանել, որպեսզի նրանք գտնեն այն հարցերի պատասխանները, որոնք չկան դասագրքերում:

Թիվ 68 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Միքայելը գիշեր-ցերեկ պարապում է, որպեսզի բուհ ընդունվի: Բուհ ընդունվելու համար նա գիտելիքներ է ստանում դպրոցից: Միքայելի ձեռքին նկատեցի մի քանի փոքրիկ գրքույկ՝ վերնագրված «Վարդանանք», «Գեւորգ Մարզպետունի», «Քաոս» եւ այլն: Նա ասաց, որ այդ գրքույկները վերոնշյալ վեպերի կարճ տարբերակն են: Միքայելից հետաքրքրվեցի, թե այդ վեպերի սեղմ տարբերակներն արդյոք բավարա՞ր են բուհի ընդունելության քննական հարցերին լիարժեք պատասխանելու համար, ասաց, որ ինքը անցած տարիներին կարդացել է վեպերի ամբողջական տարբերակը, եւ որ դա ընդամենը վերհիշելու համար է: Միքայելի խոսքերով՝ «Էս պուճուր գրքերում վեպի կմախքն է»:

Գրական ստեղծագործություններին լիարժեք ծանոթանալու համար Միքայելը հաճախ է այցելում գրադարան: Էրեբունի համայնքում 3 գրադարան է գործում: Վերջերս թիվ 11 գրադարանում երիտասարդ ընթերցողների, հատկապես աշակերտների մեծ հոսք է նկատվում: Գրադարանի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը երիտասարդների հաճախելիությունը պայմանավորեց նրանով, որ գրադարանը մեծ առաջընթաց է ունեցել. ամբողջովին փոխվել է գույքը, ձմռանը նորմալ ջեռուցվում է, աշխատողների աշխատավարձը բարձրացել է, գրադարանային ֆոնդը համալրվել է: Ըստ տնօրենի, աշակերտները սիրով են գալիս բարելավված պայմաններով գրադարան եւ ժամերով գիրք են կարդում: Բացի այդ, Լ. Մարտիրոսյանը նշեց, որ գրքերի հանդեպ սերը գալիս է դպրոցից եւ ուսուցչի վերաբերմունքից. «Եթե կա կոնկրետ հանձնարարություն եւ ուսուցիչը հետեւողական է դրա նկատմամբ, աշակերտը չի կարող անպատրաստ գնալ դասի կամ մամային ու հարեւանին իրար խառնել, որ մի երկու տող բան գրեն»:

Էրեբունի համայնքի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ Ինա Գրիգորեւնան մեզ հետ զրույցում եւս կարեւորեց գրադարաններին նոր գրքերով ապահովելու հանգամանքը: Վերջին շրջանում թաղապետարանը կոնկրետ այս գրադարանին տրամադրել է Վիլյամ Սարոյանի գրքերը, ինչպես նաեւ հեղինակի գործերի վերլուծական հատորները, քանի որ երիտասարդների շրջանում այս գրողի հանդեպ հետաքրքրություն կա:

Մեր այցելության ժամանակ գրադարանում հանդիպեցինք ուսուցչուհի Սվետլանա Տիգրանյանին եւ նրա աշակերտներին: Տիկին Տիգրանյանի կարծիքով, նույնիսկ ամենածույլ աշակերտին պետք է գրադարան բերել, որպեսզի «փորփրի գրքերը եւ գտնի այն հարցերի պատասխանները, որոնք չկան դասագրքերում»:

Աշակերտների հետ գրադարան գալը հաճույք է պատճառում ոչ միայն ուսուցչուհուն, այլեւ՝ աշակերտներին, թեեւ նրանք իրենց բազմաթիվ հարցերով ուսուցչի «հոգին հանում են» եւ գրադարանավարուհիներին մի քանի անգամ նկուղային հարկ վերուվար անել են տալիս, այնուամենայնիվ, թե՛ ուսուցչուհին, թե՛ աշխատակիցները դրանից չեն դժգոհում եւ համոզված են, որ երիտասարդների մեջ գրքի նկատմամբ սերը նման պարագայում է առաջանում: Սվետլանա Տիգրանյանի խոսքերով՝ ինքն իրեն մեղավոր կզգա, եթե չանի ամեն հնարավորը՝ աշակերտին գրքին մոտեցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել