Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏԵՐԸ ԲԹԱՑՆՈՒՄ ԵՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 27,2009 00:00

Վաստակավոր մանկավարժ Համլետ Նահատակյանն՝ ընդդեմ այսօրվա կրթական համակարգի

– Դուք հանրապետության վաստակավոր մանկավարժ եք, 1988-ից մտաք մեծ քաղաքականություն, ԳԽ պատգամավոր եք եղել: Ի՞նչը վանեց Ձեզ այդ 5 տարիների ընթացքում, որ հետո նորից նվիրվեցիք մանկավարժությանը:

– Պատմությունը ցույց է տալիս, որ այն ազգերը, որոնք բարձր կրթական համակարգ ունեն՝ եւ՛ պետությունն է ամուր լինում, եւ՛ ժողովրդի նյութական մակարդակն է բարձրանում, եւ՛ գիտությունն ու տեխնիկան են զարգանում: Ցավոք, Հայաստանում հիմա կրթական մակարդակը ցածր է եւ դեռ ընկնում է: Աշակերտները շատ քիչ են կարդում: Չնայած ոլորտի պատասխանատուները ամեն կերպ աղաղակում են, թե կրթական մակարդակը բարձրանում է, նոր թեստեր եւ հարցաշարեր են ավելացնում, բայց դրանք երեխաների մտածողությունը բթացնում են: Միայն լավ կրթական մակարդակ ունենալու դեպքում հայ ազգը կարող է գոյատեւել եւ իդեալական պետական համակարգ ստեղծել: Այդ իսկ մտավախություններն ունենալով՝ դեռ այն ժամանակ ես Էջմիածնում հիմնադրեցի «Ներսիսյան» վարժարանը, որը Թիֆլիսի «Ներսիսյան» դպրոցի շարունակությունն է:

– 1991-ից ի վեր, եթե համեմատություններ անենք, ԱԺ-ի եւ՛ հավաքական ինտելեկտն է նվազել, եւ՛ մականունավորներն են ավելացել. Դուք տեսնո՞ւմ եք Ձեր եւ Ձեզ նման մտածողների մեղքը, որ դաշտը թողեցիք՝ ում պատահի:

– Այո, բայց դա ինքնաբերաբար այդպես ստացվեց: ԳԽ-ում մեր ժամանակ պատգամավորների մոտ 90%-ը գիտության թեկնածուներ ու բազմակողմանի զարգացած մարդիկ էին: Հիմա պատգամավորների մեծամասնությունը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի: Ընդհանրապես, կրթական ցենզի նվազման հետ ավելացել են «կարմիր դիպլոմավորները»: Այդպիսի մի ուսուցչուհի էլ երեւանյան դպրոցներից մեկում աշխատանքի է անցնում՝ հայոց լեզու եւ գրականություն դասավանդելու: Դպրոցի անունը միտումնավոր չեմ շեշտում: Երբ 9-րդ դասարանի աշակերտը նրան հարցնում է՝ «Խենթը» ո՞վ է գրել, ուսուցչուհին պատասխանում է՝ «Խենթը դու ես, էս հիմարին տեսեք…»: Հաջորդ օրը, երբ ծնողը տնօրենի մոտ բողոքում է, տնօրենը պատասխանում է՝ «հնարավոր չէ, նա կարմիր դիպլոմով է ավարտել»: Այսպիսի ուսուցիչներով հիմա լցված են մեր դպրոցները: Դա ողբերգություն է: Ինքս՝ տնօրեն աշխատած ժամանակ քանի՜-քանի՜ այդպիսիներին եմ հանդիպել, ովքեր մեծամեծ մարդկանց զավակներ էին եւ անգրագետ:

– Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նախարարներին կոչ էր անում՝ սովորել, սովորել, սովորել…

– Ուրիշ է միտք արտահայտելը, ուրիշ է գործնականորեն կրթության մակարդակը բարձրացնելը: Ես շատ վատ եմ համարում, որ տարիքով ու գիտափորձ ունեցող մարդուն թոշակի պատճառով հանում են աշխատանքից՝ փոխարինելով այբուբենը հազիվ իմացող մեկով: Իհարկե, կան մարդիկ, ովքեր տարիք առնելուց հետո աշխատել չեն կարողանում, բայց նրանք իրենք են հրաժարվում: Էջմիածնում մի ուսուցչուհու աշխատանքից ազատեցին, պատճառաբանելով թոշակային տարիքը, եւ մարդը սրտի կաթվածից մահացավ. ո՞վ պիտի պատասխան տա: Պլատոնն ասում էր, որ մարդը 70 տարեկանից հետո պետք է աշխատի, երբ հսկայական գիտելիքներ եւ կենսափորձ ունի: Մենք հիմա հայոց լեզվի գրքի հեղինակներ ունենք, որոնք գրքեր են գրում՝ բազում կոպիտ սխալներով, մինչեւ անգամ ես սխալներն ուղղել ու տարել եմ նախարարություն: Օրինակ՝ Խլղաթյանը, ով ներկայիս բոլոր դասարանների դասագրքերի հեղինակն է. այդ մարդը հայոց լեզվից այնքան հեռու է, որ ես չգիտեմ, թե ինչի հետ համեմատեմ: Իսկ մեծագույն եւ հանճարեղ լեզվաբաններ Աղայանը, Բարսեղյանը, Աբրահամյանը՝ մի դասարանի դասագիրք էին գրում: Չկար եւ չկա մի լավ ուսուցիչ, որ բողոքեր այդ դասագրքերից: Լրացուցիչ պարապող բոլոր ուսուցիչները հիմա այդ դասագրքերից են օգտվում: Բայց առանց փույթի՝ հանեցին այդ դասագրքերը: Նույնիսկ աշակերտները Խլղաթյանի դասագրքերը կարդում ու ծիծաղում են, որովհետեւ դրանք դասագրքեր չեն, այլ թյուրիմացություններ. մինչեւ անգամ դերանուններն այդ դասագրքերում հանված են: Անհեթեթություն: 1974 թվականից մինչեւ այսօր ռուսական դպրոցներում մնացել են նույն դասագրքերը: Երբ դրանցում փոփոխություններ են կատարվում՝ հեղինակների թիվն է ավելանում: Հիմա այդ ռուսական դպրոցների ռուսաց լեզվի դասագրքերը վեց հեղինակ ունեն, իսկ մեր՝ 7-ը, 8-ը, 9-ը, 10-ը՝ նույն հեղինակն է: Դա էլ են բիզնես դարձրել, եւ մի քանի մարդ հսկայական գումարներ են աշխատում՝ պետության եւ ազգի ապագայի հաշվին:

– Եթե հիմա լինեիք պատգամավոր, ի՞նչ կանեիք այս անգրագիտության դեմն առնելու համար:

– Խորհրդային կրթական համակարգը լավագույններից մեկն էր աշխարհում: 1988-89 թթ. հայկական կրթությունը եվրոպականի հետ էր համեմատվում, իսկ հիմա… Կիրթ եւ զարգացած, ազգին նվիրյալ պիտի լինեն պետության ղեկավարները: Այսօր ոչ միայն աշակերտները, այլեւ ուսուցիչները չեն կարդում: Չեն կարդում ոչ միայն գիրք, այլեւ՝ մամուլ, նույնիսկ «Կրթություն» թերթը, որը 1988 թ. լույս էր տեսնում 14000 տպաքանակով, իսկ այսօր չնայած ուսուցիչների քանակը գրեթե նույնն է, բայց թերթը լույս է տեսնում 4500 տպաքանակով, եւ հազվադեպ ուսուցիչներ են այն կարդում: Նույնը՝ «Հայոց լեզու եւ գրականություն» հանդեսը… Եթե ուսուցիչը կարդա, ապա աշակերտներին էլ կստիպի, որ կարդան: Չափազանց վատ վիճակում է գրականության ուսուցումը դպրոցներում: Հատկապես հիմա արդիական է նոր մարդու դաստիարակությունը եւ ազգային գաղափարախոսությունը: Իսկ դա սկսվում է միջին դասարաններից: Բազմամյա փորձը ցույց է տալիս, որ այդ տարիքում արթնանում է սեր ազգային արժեքների նկատմամբ, ձեւավորվում ազգային ճաշակ եւ կապում աշակերտին գրականության հետ: Գրականության լավ ուսուցմամբ է ձեւավորվում ազգային գիտակցությունը: Այսoրվա ծրագրերով 5-րդ եւ 6-րդ դասարաններում գրականությունը դուրս եկավ, որպես առանձին առարկա` իր տեղը զիջելով «Մայրենի» դասագրքերին, որը լեզվական գիտելիքներ է ուսուցանում գրական նյութի օրինակներով: Գրականության նախկին դասագրքերն սկսվում էին Խորենացու «Հայկի զավակներն ու թոռները» ստեղծագործությամբ, որով աշակերտի մեջ դաստիարակում էին հայրենասիրություն՝ իր նախնիների օրինակով: Այդ նույն դասագրքում այս եւ սրա նման բազմաթիվ նյութեր կային, որոնք բոլորն էլ դուրս եկան եւ նրանց փոխարինեցին «Արդուկն ու մարդուկը», «Այգեպան Մոսին» եւ այլ պատմվածքներ ու հեքիաթներ, որոնք երեխաներին կարելի է հանձնարարել արտադասարանական ընթերցանության համար: Անկատար է կրթությունը, երբ հայը չի իմանում իր ժողովրդի անցյալը, պատմությունը, չի կարող գնահատել ներկան, չի պատկերացնում ապագան: Դրանք նա կարող է իմանալ գրականության միջոցով: Աշակերտը ոչ թե պետք է հարցաշարեր լրացնի, այլ պատմի, շարադրություն եւ փոխադրություն գրի, որ կարողանա իր մտքերը շարադրել, ստեղծագործել: Հարցաշարերը աշակերտի մտավոր զարգացմանը չեն նպաստում: Սովորական ուսուցիչներն արդեն սկսել են հարցաշարեր կազմել եւ հրատարակել, որոնց թիվը արդեն տասնյակներից անցնում է:

Կրթությունը պետք է ունենա համազգային շահ, իսկ դրա հիմքերից մեկը դպրոցում գրականության դերի բարձրացումն է: Ոչ թե պետք է միջին դասարաններում գրականությունը հանել, այլ պետք է գրականության ժամերն ավելացնել: Լեզուն սովորում են նաեւ գրականությանը լավ տիրապետելով: Լեզուն հարցաշարերով չեն սովորում: Դա ուսուցման մեթոդ չէ եւ ոչ մի տեղ իրեն չի արդարացրել: Եվ դա է պատճառներից մեկը, որ այսօրվա աշակերտը չի կարողանում սովորած դասը պատմել, շարադրություն գրել: Գրեթե բոլոր քննությունները վերածվել են հարցաշարային գրավոր քննությունների: Դասագրքի ստեղծումը մեզ մոտ դարձել է բիզնես, եւ այդ գործն իրենց ձեռքն են վերցրել այնպիսի անձինք, որոնք չգիտեն անգամ, թե ինչ է հոլովը կամ դերանունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել