Արտասահմանցի իրավապաշտպանների եւ նախկին քաղբանտարկյալների հայտարարությունը
Լոս Անջելեսում գործող «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Դատարանի օժանդակությամբ եւ անմիջական մասնակցությամբ վերոնշյալ քաղաքական բանտարկյալների կյանքն ու առողջությունը հայտնվել է իրական վտանգի տակ»։ Ելնելով վերոնշյալներից եւ նկատի ունենալով քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Հակոբ Հակոբյանի, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանի կյանքը՝ անվտանգության մեջ հայտնվելու փաստը, Ընկերակցությունը նրանց հայտարարում է ՀՀ քաղաքական իշխանության «քաղաքական պատանդներ»։ Այդ նպատակով ընկերակցության նախաձեռնությամբ կազմավորվում է Շանթ Հարությունյանի, «Յոթի գործով» բոլոր մեղադրյալների, ինչպես նաեւ Գագիկ ու Վարդան Ջհանգիրյանների Փրկության կոմիտե՝ հետեւյալ կազմով. Վարդան Իսկանդարյան, Հարություն Հարությունյան, Դավիթ Վարդանյան, Վահե Ճուղուրյան եւ Կարո Կարապետյան-ընկերակցության ղեկավար, փաստաբան, Լոս Անջելես, ԱՄՆ (Կոմիտեի աշխատանքները համակարգող)։
Փրկության կոմիտեն նշում է նաեւ, որ ամբողջովին հիմնավորված է քաղաքական պատանդ Շանթ Հարությունյանի անվստահությունը դատարանի եւ իրավապահ մարմինների կողմից՝ նրա նկատմամբ իրականացվող ցանկացած տեսակի բժշկական ներգործության միջոցների նկատմամբ: Շանթ Հարությունյանի վիճակի գնահատումը եւ փորձագիտության նշանակումը ուղղակիորեն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ, դատավորը իրավասու չէ բժշկական տիպի եզրակացություններ անելու, առավել եւս՝ առանց որեւէ հիմնավորման եւ պատճառաբանության մեղադրյալին ենթարկել ուղղորդված փորձաքննության: Շանթ Հարությունյանի, ինչպես նաեւ այլ քաղբանտարկյալների առողջության քայքայման եւ վատթարացման մեղավորն ու պատասխանատուն, այսպես ասած, նրա կյանքն ու առողջությունը պահպանող իրավապահ կառույցների համապատասխան պաշտոնյաներն են ու դատավոր Մնացականյանը:
Հայտարարությունը հրապարակելուց հետո դրան միացել են տարբեր երկրներում բնակվող ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալներ. Յուրի Օռլովը՝ ԽՍՀՄ ակադեմիկոս, ԽՍՀՄ քաղբանտարկյալ, Նյու Յորք, Վլադիմիր Բուկովսկին՝ ԽՍՀՄ քաղբանտարկյալ, Լոնդոն, Անգլիա, Յուրի Ագաեվը՝ ֆիզիկոս, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, Նյու-Ջերսի, Շահեն Հարությունյանը՝ ԽՍՀՄ քաղբանտարկյալ, Լոս Անջելես: