Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետները հետաքրքիր չե՞ն

Մարտ 27,2009 00:00

Մարտի 10-ին «Առավոտը» տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում մշակվել են «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչներ»: Դրանք տեղադրվել էին նախարարության կայքում՝ շահագրգիռ կազմակերպություններից եւ անձանցից դրանց վերաբերյալ առաջարկություններ ստանալու ակնկալիքով: Առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 20-ն էր:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման եւ զարգացման վարչության պետ Արսեն Հասհասյանից տեղեկացանք, որ «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների» վերաբերյալ միայն մեկ առաջարկ է եղել. «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է տեղական ինքնակառավարման համակարգում թափանցիկության վերաբերյալ առաջարկ-փաթեթ: Արսեն Հասհասյանը մարզպետների աշխատանքի արդյունավետությունը գնահատելու հարցում հասարակության պասիվությունը չմեկնաբանեց: Իսկ «Հետաքննող լրագրողներ» հ/կ վարչության անդամ Սառա Պետրոսյանն ասաց, որ կազմակերպությունը չափազանց կարեւորում է համայնքային կառավարման ոլորտում թափանցիկության հարցը: Հ/կ-ի կարծիքով, Հայաստանում կան բնագավառում թափանցիկություն ապահովելուն ուղղված օրենքներ, որոնք, սակայն՝ չեն կիրառվում եւ շատ լավ է, որ մարզպետների աշխատանքը գնահատելու չափորոշիչներ են մշակվել: Պարզապես, թափանցիկ աշխատելու հարցը բաց էր թողնվել եւ «Հետաքննող լրագրողները» փորձել են լրացնել այն:

Հիշեցնենք, որ նախարարության մշակած սանդղակում կա 12 մշտական եւ 6 փոփոխվող չափորոշիչ: Մասնավորաբար՝ մարզի համայնքների բյուջեների կատարում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքություն, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակը, ոչ պետական միջոցների հաշվին արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը, քաղաքացիների ընդունելության կազմակերպում, դիմում-բողոքների քննարկման լիարժեքություն եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել