Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼ»

Մարտ 27,2009 00:00

\"\"Կապանում շարունակում է նվազել առեւտուրը

Տնտեսական ճգնաժամի հասցրած վնասների պատկերը ավելի ցայտուն է նկատվում առեւտրի կետերում: «Առեւտրի ծավալները գնալով նվազում են, իսկ վաճառված ապրանքի դիմաց պարտքերը եւ խանութների «նիսյայի տետրերում»՝ ցուցակները աճում»` այսպիսի խոսակցություններ կարելի է լսել Կապանի ցանկացած մթերային եւ այլ խանութների վաճառողներից:

Կապանում առեւտրի եւ ապրանքաշրջանառության ծավալները սկսել են նվազել հատկապես 2008 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից: Քաղաքի մթերային խանութների աշխատողները մեզ հետ ունեցած զրույցներում հանգամանալից բացատրեցին, թե ինչ վիճակ է այսօր քաղաքում: «Նախկինի հետ համեմատել չի կարելի այսօրվա առեւտուրը: Կապանի կոմբինատի այսօրվա վիճակն է հիմնական պատճառը. մարդկանց մի մասն արդեն չի աշխատում, մի մասն էլ նախկինի պես՝ աշխատավարձ չի ստանում: Դրա համար էլ նախկին ձեւով առեւտուր չեն անում: Շատերը գալիս են եւ միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ գնում, այլն էլ՝ պարտքով: Հետո պարտքերը չենք կարողանում հավաքել: Ի՞նչ անես: Չտա՞ս: Ի վերջո, ծանոթ մարդիկ ենք: Գալիս են խնդրում, ասում՝ հաջորդ ամսվա աշխատավարձին կտանք, բայց գալիս է օրը, եւ պարտքի մի մասն են միայն տալիս, պատճառաբանում, որ քիչ աշխատավարձ են ստացել, մյուս մասը կմարեն հաջորդ ամիս ու շարունակում են խանութից գնումներ կատարել եւ պարտքի վրա նորից պարտք է ավելանում»,- սա խանութներից մեկի աշխատակցի խոսքն էր:

Երկաթուղայինների փողոցում գտնվող խանութներից մեկի տնօրենն էլ ասաց, որ իրենց մոտ շրջանառությունը մոտ 40%-ով նվազել է՝ 2008 թվականի դեկտեմբերի համեմատ. «արդեն խուսափում եմ պարտքով ապրանք տալուց: Ծայրահեղ դեպքում եմ պարտքով տալիս, այն էլ միայն վստահելի գնորդներին»:

Կապանի մթերային խանութների աշխատողների առաջնային խնդիրն այսօր վաճառված ապրանքների դիմաց պարտքերը հավաքելն է, ինչը տնտեսական ճգնաժամի ձեւավորած սոցիալական ծանր պայմաններում դարձել է ուղղակի անհնար: «Չենք կարողանում մեր պարտքերը հավաքել: Հաճախ «մուննաթով» են խոսում հետդ՝ երբ հիշեցնում ես պարտքի մասին: Բացատրում ես, որ խանութը քոնը չէ, քեզանից էլ են պահանջում, բայց միշտ նույն պատասխանն ես լսում՝ էլ չասես, երբ լինի, այն ժամանակ էլ կտամ: Բայց մեր աշխատավարձն էլ դրանից է կախված: Անցած ամիս մի կին 60 հազար դրամի առեւտուր է արել, ու մինչեւ հիմա չենք կարողանում գումարը ստանալ: Պարտքը չմարած՝ էլի է գալիս առեւտրի, ի՞նչ անենք»,- պատմում է մթերային խանութի աշխատակիցը:

Այսօր առեւտուրը գնալով նվազում է, իսկ ինչ կլինի մի քանի ամիս հետո՝ առեւտրով զբաղվողները չեն էլ ուզում կանխատեսել: Պարտքի ցուցակները գնալով երկարում են, իսկ պարտքատերերը հույս ունեն, որ մի օր պարտքերը վերջնականապես կհավաքեն: «Մարդիկ առնում են ամենաանհրաժեշտ բաները՝ հաց, շաքարավազ, այն էլ՝ ոչ նախկինի չափ: Զգում ենք, որ իրենք էլ են փորձում քչով բավարարվել: Մարդկանց մեղադրելու չի, փորձում ենք հասկանալ, մտնել նրանց դրության մեջ, բոլորս ենք տեսնում, թե ինչ վիճակ է քաղաքում: Կարծում եմ, եթե Կապանի կոմբինատը վերսկսի աշխատել՝ ճգնաժամը այդքան սուր չի ազդի մեզ վրա: Թե չէ՝ առեւտուրն էլ կկանգնի, պարտքերի մասին էլ չեմ ասում: Մեր խանութում առեւտուրը 50%-ով նվազել է»,- ասում է մթերային մի խանութի տնօրեն:

Իսկ այս դժվարին օրերին, երբ մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները: Ձեթը նախկին 550-ի փոխարեն՝ վաճառվում է 700 դրամով, շաքարավազը՝ 250-ի փոխարեն՝ 300 դրամով: «Թոշակառու կին եմ, ինձ թույլ չեմ տալիս շատ բան գնել: Ամենակարեւոր բաները՝ յուղ, ձեթ, շաքար եմ առնում, եւ թոշակս վերջանում է: Մսի համն ենք մոռացել: Իբր կարողանում ենք ապրել, մի կողմից էլ մթերքն է թանկացել: Թոշակը ստանում եմ, տանում-թողնում խանութում: Հեռախոսի կամ հոսանքի վարձի համար շատ ժամանակ գումար չի մնում: Ամեն օր հեռուստացույցով ասում են, թե խանութներում վերահսկողություն են սահմանում: Թող մի օր էլ գան եւ մեր խանութները ստուգեն, տեսնեն, թե ինչ բարձր գներով ենք ապրանք ձեռք բերում, ինչո՞ւ չեն ուզում մեր մասին մտածել»,- բարկացած ու հուզված պատմեց 72-ամյա Քնարիկ տատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել