Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ սադրանք հրահրել

Մարտ 27,2009 00:00

Վանաձորցի Ալինա Օդաբաշյանին խորհուրդ է տալիս նույն քաղաքի բնակիչ Հովհաննես Շահվերդյանը՝ անդրադառնալով «Առավոտի» (23.08.2008) «Փոխմարզպետը կաշառե՞լ է դատավորին» հրապարակմանը։

Հրապարակման մեջ տիկին Օդաբաշյանը, ներկայացնելով Վանաձորի Վերածննդի փողոցի 1 հասցեում խանութի իր սեփականության նախկին վկայականը, իր բողոքն էր արտահայտում Հովհաննես Շահվերդյանից, հավաստիացնելով, որ վերջինս, չունենալով սեփականությունը հաստատող որեւէ փաստաթուղթ, իրենից խլում է իր սեփականությունը հանդիսացող խանութի տարածքը։ Խնդիրը հասել է մինչեւ դատական ատյաններ, եւ ՀՀ տնտեսական դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն՝ վիճելի տարածքի սեփականատեր է ճանաչվել Հովհաննես Շահվերդյանը, այնուհետեւ վճռաբեկ դատարանը եւս մերժել էր վճռաբեկ բողոքը, եւ տնտեսական դատարանի վճիռը ստացել էր օրինական ուժ։ Տիկին Ալինան հրապարակման մեջ վստահեցնում էր, որ դատավորները կաշառվել են նման վճիռ կայացնելիս, եւ ասում, որ ինքը համոզված է, թե ով է կաշառել դատավորին, նույնիսկ նշում էր կաշառքի չափը՝ 15 հազար դոլար։

«Առավոտի» խմբագրություն այցելած Հովհաննես Շահվերդյանն իր հակափաստարկներն ու համապատասխան արխիվային փաստաթղթերը ներկայացրեց՝ տիկին Ալինայի ներկայացրածներին ի հակադարձ։

«Ես, ճիշտն ասած, չէի ցանկանում որեւէ կերպ անդրադառնալ այս հրապարակմանը, բայց, փաստորեն, տիկին Ալինան այն ձեռքն առած գնում է ոստիկանությունից դատախազություն, եւ ասում, որ տեսեք, կաշառքի մասին է գրվել, ի՞նչ եք մտածում, դատախազությունից ու ոստիկանությունից էլ այցելում է տարբեր թերթերի խմբագրություններ։

Նախ սկսեմ այնտեղից, որ 1989 թվականին, Կիրովականի քաղխորհրդի գործկոմի որոշման հիման վրա, «Հաց» արտադրական միավորմանը հատկացվել է 2000 քառակուսի մետր հողատարածք։ 1998 թվականին 15 հազար դոլարով ես այն գնել եմ նախկին սեփականատիրոջից, եւ այն սեփականաշնորհվել է «Աստարվեստ» ԱՊԸ-ի կողմից։ Ես ունեմ բոլոր անհրաժեշտ արխիվային եւ մյուս հիմնավոր փաստաթղթերը, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են դատական ատյաններում, որոնց հիման վրա կայացվել է արդարացի վճիռ։ Այլ խնդիր է. թե ինչպե՞ս եղավ, որ Ալինա Օդաբաշյանի ամուսնու ինքնակամ կառույցները օրինականացվեցին, որի իրավունքը չկար։ Բայց այսօր փաստ է, որ այդ ամբողջ տարածքն օրենքի բոլոր կետերով հանդիսանում է իմ սեփականությունը։ Իսկ այն, թե իբր դատավորներին կաշառել է փոխմարզպետը, այն էլ $15 հազարով, ընդամենը, մեղմ ասած, բամբասանքի մակարդակի խոսակցություններ են ու լկտիության աստիճանի հասնող զրպարտություն։ Այո, փոխմարզպետն իմ խնամին է եւ Ալինայի ամուսնու հորեղբայրը, բայց այս գործին նա ընդհանրապես չի միջամտել։ Ընդհակառակը, մեր միջեւ մի անգամ այս թեմայով զրույց եղավ, եւ նա ասաց, որ թույլ չի տա իր հորեղբոր խանութը քանդվի։ Այլեւս այդ թեման մեր միջեւ չի շոշափվել։ Նշեմ, որ իմ իրավունքների պաշտպանության համար ես անձամբ, առանց որեւէ միջնորդների, հայց եմ ներկայացրել դատարան՝ ապավինելով միայն օրենքին։ Այդ ինչպե՞ս եղավ, որ խնամիս դատավորներին կաշառեց, որ հօգուտ ինձ վճիռ կայացնեն։ Իսկ 15 հազար դոլարով, որի մասին արդեն ասացի, ես ձեռք եմ բերել հացի արտադրամասը, այլ ոչ թե դատավորներն են կաշառվել։ Տակավին զարմանալի եւ ծիծաղելի է, թե ինչու պետք է փորձեի կաշառքով լուծել իմ խնդիրները, եթե լիարժեքորեն համոզված էի, որ ինձ մոտ առկա փաստաթղթերը լիովին բավարար են դատական ատյաններում վեճը հօգուտ ինձ լուծելու համար եւ, բնականաբար, եթե բավարար փաստաթղթեր ու հիմնավոր ապացույցներ չունենայի՝ ընդհանրապես չէի դիմի դատարան։ Պարզապես, զարմանում եմ Ալինա Օդաբաշյանի մտքի թռիչքի վրա, որ փորձում է անպատասխանատու արտահայտություններով վարկաբեկել նաեւ դատավորներին։ Չբավարարվելով այսքանով, այժմ էլ սկսել է ինձ, ընտանիքիս անդամներին եւ բարեկամներիս զրպարտել։ Գրում է, թե իմ երեք որդիները բանակում չեն ծառայել։ Այն դեպքում, երբ երեք որդիներս էլ ՌԴ քաղաքացիներ են, մեծ որդիս, նախքան ՌԴ անձնագիր ստանալը, ծառայել է ՀՀ զինված ուժերում, մյուսը ծառայել է ՌԴ բանակում, իսկ կրտսեր որդիս ուսանող է եւ զինծառայությունն անց է կացնելու ՌԴ զինված ուժերում։ Ասեմ հակառակը. տիկին Ալինան «Առավոտի» հիշյալ հոդվածում նշում է, թե իբր իր որդին ազատամարտիկ է, շահագործում է այդ սուրբ կոչումը, եւ թաղամասում, եթե փորձենք Ալինայի տղային «ազատամարտիկ» կոչել, կհարուցենք նրան ճանաչողների առնվազն քրքիջը։ Այդ կինը կարծես թե ամեն պահի սադրանքներ է հրահրում, սպասելով, թե ես կամ իմ որդիները երբ ենք համբերությունից դուրս գալու։ Ասեմ, որ սպասումները զուր են։ Մենք Ալինայի սադրանքներին չենք ենթարկվելու։ Բայց եթե այսպես շարունակվի, նա զրպարտության համար պատասխան կտա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասաց Հովհաննես Շահվերդյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել