«Անհարմար» դրություն՝ դատարանում
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկու ժամ ուշացումով սկսվեց «Մատաղիսի գործի» դատաքննությունը: Այն տեւեց տասը րոպե եւ հետաձգվեց: Պատճառն այն էր, որ փաստաբաններ Ստեփան Ոսկանյանն ու Հայկ Ալումյանը դարձյալ չէին ներկայացել դատարան: Ս. Ոսկանյանը գրություն էր ուղարկել, տեղեկացնելով, որ Վրաստանում մեկ այլ դատական նիստի (Վահագն Չախալյանի- Ն. Ա.) մասնակցելու պատճառով չի կարող ներկա լինել, իսկ Հ. Ալումյանի հեռախոսն անհասանելի էր: Նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը որոշեց անձամբ զանգել Հ. Ալումյանին: «Կարո՞ղ եք ինձ տալ փաստաբանի ձեռքի համարը»,- ամբաստանյալներին հարցրեց դատավորը: Երբ ճշտեց այն, հայտնեց, որ ինքը այդ համարով փորձել է կապվել փաստաբանի հետ, սակայն նա անհասանելի է: Սպանված զինծառայողներից մեկի՝ Մկրտիչ Մովսիսյանի հայրն էլ կարծիք հայտնեց, որ թեեւ իր համար դժվար է ամեն անգամ ճանապարհածախս անել ու հասնել Գյումրի, սակայն ինքը գիշերով, նույնիսկ ոտքով կգա, եթե դատարանը պատրաստ լինի բացահայտել ճշմարտությունը: «Ես դեմ չեմ, թող դատը հետաձգվի, ամեն անգամ երբ գալիս եմ դատարան, տեսնում եմ, որ իմ ուզած վկաներից մարդ չկա: Ընդամենը մի հոգի է գալիս, որը կապ չունի այս գործի հետ, իսկ իսկական վկաները՝ աֆիցերները, չկան ու չկան: Ես էնքան հարցեր ունեմ նրանց տալու, ո՞ւր են»,- հարցնում էր Մ. Մովսիսյանը, վստահ լինելով, որ ամբաստանյալի աթոռին հայտնված Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն եւ Ռազմիկ Սարգսյանը որեւէ կապ չունեն իր որդու՝ Մկրտիչ Մովսիսյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության հետ: Դատական նիստը 15 օրով հետաձգվեց՝ փաստաբանների բացակայության պատճառով: